23 12 2020

Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Անդալուսիա ինքնավար համայնքի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

Ինչպես հաղորդվում է, Տոռեմոլինոսի քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջնորդագրին կողմ են քվեարկել նաև Իսպանիայի իշխող սոցիալիստական կուսակցության (PSOE) անդամները։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Իսպանիայի Կաստեյոն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել էր Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի Ցեղասպանությունը: Ընդհանուր առմամբ, Ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել է 37 իսպանական քաղաք, որոնցից 11-ը շրջկենտրոններ են: Դրանց թվում են Մալագան, Սան Սեբաստիանը, Մերիդան, Բուրգոսը, Սորիան, Սաբադելը, Ալիկանտեն, Կաստեյոնը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իսպանիայի 5 մարզեր՝ Բասկոնիան, Կատալոնիան, Բալեարյան կղզիները, Նավառան և Արագոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ