23 12 2020

Ռուսական ԶԼՄ-ները՝ Երևանում իրադարձությունների մասին

Ռուսական ԶԼՄ-ները՝ Երևանում իրադարձությունների մասին

News.am-ը գրում է․ «Մի շարք ռուսական ԶԼՄ-ներ պատրաստել են ռեպորտաժներ Հայաստանի մայրաքաղաքում ընդդիմության հանրահավաքների եւ իրադարձությունների մասին:

Ռուսական «Առաջին ալիքի» ռեպորտաժում նշվում է. «Այսօր Երեւանում մեկնարկել է ընդդիմադիր ուժերի հայտարարած մասշտաբային ակցիան: Առաջին հարվածը ստացել է տեղանքը, որտեղ գտնվում են Արտարադատության եւ Արտաքին գործերի նախարարությունները: Ցուցարարները ճեղքել են ոստիկանության պատն ու արգելափակել փողոցը: Ընդ որում՝ ավելի լուրջ բախումներ դեռեւս չկան:

Կառավարության շենքի մոտ անցկացվել է բազմահազարանոց ցույց: Մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ կոչ անում բանակին անցնել իրենց կողմը: Հանրապետության հրապարակում նրանք վրաններ են տեղադրել, եւ արդեն երեկոյան բողոքի ցույցի առաջնորդները հայտարարել են, որ այդտեղ կգիշերեն:

Ինքը՝ Փաշինյանը, գրել է ֆեյսբուքյան իր էջում, որ համարում է փողոցներում տեղի ունեցածը ոչ թե ընդդիմության ակցիա, այլ նախկին էլիտաների պայքար կորցրած իշխանության համար»:

 «Ռոսսիա 1» պետական հեռուստաալիքի «Վեստի» տեղեկատվական հաղորդման եթերում հեռարձակված «Երեւանում բողոքի ցույցեր. ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը» ռեպորտաժում նշվում է, որ հավաքվածների միակ պահանջը երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր. «Ցուցարարները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցուցարարները շրջափակել են կառավարության, գլխավոր դատախազության եւ ԱԳՆ-ի շենքը: Հաղորդվում է, որ տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ»:

ՆՏՎ հեռուստաալիքի «Սեգոդնյա» տեղեկատվական թողարկման մեջ նշվել է, որ ակցիային միանում են նաեւ Հայաստանի ուրիշ քաղաքներում. «Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փակվել են հանրապետության հյուսիսում, այդ թվում՝ Փաշինյանի հայրենի քաղաք՝ Իջեւան տանող մայրուղիները: Ցույցի առաջնորդներից մեկը՝ Իշխան Սաղաթելյանը, հայտարարել է, որ ակցիաները կլինեն անժամկետ, եւ կոչ արել իր կողմնակիցներին չհեռանալ հրապարակից, քանի դեռ ներկայիս կառավարությունը հրաժարական չտա»:

Դեռեւս դժվար է ասել՝ ինչպիսի վարք կցուցաբերեն ոստիկանությունն ու ուժայինները: Սակայն այսօր պարզ էր դարձել, որ հրաժարական է տվել Երեւանի ոստիկանության հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալը: Հաղորդվում է նաեւ Հայաստանի ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի տեղակալի հրաժարականի մասին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ