22 12 2020

Իմ որդին և մյուս նահատակները փողոցային ծաղրածու Փաշինյանի խաբեության զոհերն են. Կարին Տոնոյան



Tert.am-ը գրում է․ «Հաղթանակը կարող է ուշանալ, բայց եթե դրա ձգտման նպատակն արդար է, այն վերադառնալու է. բոլոր զոհերը մեր հարազատներն են, որդիներն են, ու թեև նրանք դավադրության զոհ են դարձել, գիտեին, որ գնում են հայրենիքի համար կռվելու, նրանց նպատակը սրբազան էր, ուրեմն՝ մենք մի օր վերջնականապես հետ ենք բերելու մեր հողերը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը: «Այլևս թույլ չենք տալու, որ հնարավորություն տրվի մի խեղկատակի դավադրաբար հանձնելու մեր հողերը և անբարո կերպով զոհելու հազարավոր երիտասարդների կյանքեր։ Մենք կհաղթահարենք սա, թույլ չենք տա, որ այդպես իշխեն մեզ վրա։ Ուշ թե շուտ՝ նա գնալու է, իրեն իր տերերն են տանելու, թեև դեռ օգտագործում են, բայց անհրաժեշտ պահին, երբ որպես լաթի կտոր այլևս պետք չի լինի, կտանեն։ Շատ կուզեի, որ ազգային ուժեր գային, բայց ով էլ գա՝ օր ու արև չենք տալու, թույլ չենք տալու, որ հինը կրկնվի»,- ասել է հասարակական գործիչը:

Ըստ Տոնոյանի՝ ժողովուրդը փողոցային ծաղրածուին բերեց իշխանության, երկիրը վերածեց զավեշտի թատերաբեմի, և այս պատերազմի նահատակներն այդ խաբեության զոհերն են. «Որդիս հավատացած էր, որ նոր տարածքներ է հետ բերելու, նրա թռիչքը կտրեցին դավադրությամբ։ Արցախում դավադրությունների մրցավազք է եղել։ Վարչապետ կոչեցյալն ասում է, որ ինքը թիվ մեկ մեղավոր չէ, դե թող բացահայտի։ Նա հերթական անգամ փորձում է մանիպուլացնել ու խաբել։ Ով էլ գա իշխանության, պետք է իմանա՝ անցած 30 տարվա մանրակրկիտ քննություն պետք է լինի»: Արցախի հերոսի մոր կարծիքով՝ եկող սերնդին պետք է սովորեցնել մեր սխալների վրա, տառապանքի դաս տալ, Նոր Հայաստանը պետք է կերտվի տառապանքից. «Մեր պայքարում պետք է աններող լինենք։ Մենք այսպես պատժվեցինք, քանի որ շատ ենք ներում, գիտենք, որ անընդհատ դավում են մեզ, բայց անընդհատ ներում ենք։ 2 տարի տեսնում էինք՝ ամեն ազգայինի դեմ արշավ է տարվում, ամեն անառակություն ասպարեզ է բերվում, սա տրոյական ձի էր, որից դավադիրները դուրս հանվեցին։ Բայց ներում ու սպասում էինք։ Որդիս՝ Մենուան, ամեն օր ինձ ցույց էր տալիս, թե ինչպես են բանակը ներսից քանդում»:

Կարին Տոնոյանի պնդմամբ՝ երբ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան հաղթանակը, արդեն պարզ էր՝ որն է այս իշխանության գինը. «Երբեք որևէ ժողովուրդ չունի ամբողջապես բարձր գիտակցություն, որ ինքը որոշի իր ճակատագիրը։ Վերջին 2,5 տարում մեզ ջանադրաբար պառակտել են, փորձել են թողնել անգրագիտության մեջ։ Ամբոխն իշխանության բերեց մեկին, որն անգրագիտության մարմնավորում էր, ասում էր, թե մենք կովկասցի ենք։ Նա աշխարհագրություն չգիտի, ի զորու չէ քարտեզ հասկանալու, սահմաններն ընկալելու։ Իրեն իր տերերը սիմվոլներ են տվել, առաջին իսկ օրից նա սիմվոլներով է գործում»: «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրենի պնդմամբ՝ ի դեմս Փաշինյանի՝ գտնվեց մեկը, որն ամենահարմարը դարձավ արտաքին թշնամու ծրագրերն իրագործելու հարցում: «Երբ հայրենիքդ դավադրաբար կորցրել ես, ցանկացած մարդ պետք է պայքարի այդ ամենի դեմ, հոգևորականը ևս պարտավոր է դա անել, բանադրել դավաճանին։ Այսօր սյունեցիների պահվածքն ինձ թևեր է տալիս, որ դեռ չի կոտրվել հայի ոգին, և մենք շատ արագ ոտքի ենք կանգնելու։ Նիկոլ կոչեցյալը մեր բաց վերքն է, նա պիտի հեռանա, որ այդ վերքը փակվի, սպիանա»,- ամփոփել է Կարին Տոնոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ