Նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրում է․
«Լյուստրացիա Ցանկացած հասարակության մեջ որևէ առանձին խմբավորման և բաժանարար գծերի առաջացումը բնականորեն տեղի է ունենում այս կամ այն իրողության վերաբերյալ ձևավորված կարծիքի, դրա հետևանքով արտահայտվող վերաբերմունքի, ինչպես նաև` սոցիալական կարգավիճակից բխող շահերի ընդհանրության հիման վրա: Այդպես են առաջանում քաղաքական, հասարակական, կամ քաղաքացիական միավորումներն ու կազմակերպությունները, այդպես են առաջանում շարժումները, շերտավորումներն ու բաժանումները: Հայաստանն այս առումով բացառություն չէ, և հետևաբար` հասարակության մեջ այս պահի դրությամբ ձևավորված բաժանարար գծերն ուղղակի հետևանքն են այն իրողության, որն այսօր առկա է: Իսկ իրողությունը հետևյալն է.
- պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի դաշնության ուժային միջամտությամբ,
- Հայ հասարակությունը կորցրել է Հայրենիք` հանձինս Արցախի 80%-ի,
- հայկական հողերի հանձնման գործընթացը շարունակվում է` Հայաստանի տարածքները տարբեր անհիմն պատճառաբանություններով, շարունակաբար և անարգել զիջվում են Ադրբեջանին,
- Ռուսաստանի դաշնության միջամտության արդյունքում փրկվել են հազարավոր զինվորականներ: Սրանք են իրողությունները, որոնց վերաբերյալ կարծիքներն ու դրանցից բխող վերաբերմունքի հիման վրա էլ հասարակության մեջ առաջացել են բաժանարար գծեր: Հասարակության ճնշող մեծամասնության տրամաբանական եզրահանգումը մեկն է. Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և փաստացի գտնվում է Ադրբեջանի ազդեցության գոտում: Այդ են վկայում Ադրբեջանի հետ միակողմանի բաց սահմանները, Հայաստանի դե ֆակտո կառավարության կողմից ադրբեջանական իշխանության ծրագրերի իրականացմանը չխոչընդոտելը, կամ նպաստելը, և արդեն չի բացառվում նաև` ընթացիկ հանձնարարականների կատարումը:
Տվյալ պնդումը հիմնավորող չհերքված փաստարկներն այնչափ մեծաքանակ են, և այնպիսի գույնզգույն մեծ փունջ են կազմում, որ դրանց անդրադառնալն ու ամբողջությամբ թվարկելը պարզապես ժամանակի կորուստ է: Ովքեր ունեն ցանկություն, կարող են սկսել իշխանության զավթումից, Կաթողիկոսի վրա հարձակումից ու վեհարանի գրավումից, և ավարտել` խառնամբոխի կողմից զոհվածների հարազատների նկատմամբ բռնարարքներով, «Եռաբլուր»-ում ննջեցյալների շիրիմների ոտնահարմամբ, նաև` Հայաստանի Հանրապետության տարածքներում ադրբեջանական դրոշների անարգել ծածանմամբ: Կարելի է հավելել նաև` Հայաստանի հասցեին (ի դեմս` փաստացի ղեկավարի) ադրբեջանական կողմի ծաղրանքներին ու ստորացուցիչ արտահայտություններին որևէ կերպ պաշտոնապես չարձագանքելու փաստն ու հայկական դե ֆակտո պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անթաքույց աղերսները:
Սրանով կարելի ավարտել: Սա նույնիսկ «կույրն» է տեսնում: Ցավալի է, ողբալի է, որ այսպես է ստացվել, բայց սա այլևս իրողություն է: Մյուս կողմը չի մերժում վերը նշված իրողությունները, սակայն պնդում է, որ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրվեց, որպեսզի փրկվեն հազարավոր հայ զինվորականներ: Դրանով հանդերձ իր փրկիչ է հռչակել գործող ղեկավարին, և անտեսում է մնացած անընդունելի և մերժելի իրողությունները: Սակայն այս դեպքում էլ իրականությունն այլ է: Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանի դաշնությունը, համոզվելով որ հայկական կողմը այլևս չի շարունակում պայքարը, և որ կարճ ժամանակում հանձնվելու էին նաև` Ստեփանակերտն ու մնացածը, իսկ դա չէր բխում Ռուսաստանի դաշնության շահերից: Այնպես որ, զինվորականների կյանքը իրականում փրկել է այն, որ Արցախի ամբողջական հանձնումը Ադրբեջանին չէր բխում Ռուսաստանի շահերից: Այս հարցում հայկական իշխանությունները բացարձակապես ոչ մի կապ չունեն: Հաշվի առնելով վերը նշվածը` Հայաստանի հասարակության մեջ տարանջատված խմբերը այլևս չեն կարող ներկայացվել, որպես դասական քաղաքական պայքարի մասնակիցներ` էլիտա, դասական ընդդիմություն, դասական իշխանություն, նախկին, ներկա, «զոմբի», «ժեխ», և այլն: Այս դեպքում դրանք բոլորը մտացածին բնորոշումներ են, որովհետև մի կողմում թուրքն է` իր պատմական նկրտումներով, իսկ մյուս կողմում Հայն է` իր գոյության համար պայքարով: Իրականում, Հայաստանի հասարակության մեջ փաստացի առկա է ադրբեջանանպաստ գործողություններ իրականացնող վարչախումբ, և նրան սատարող հայանուն խառնամբոխ` մի կողմից, և Հայ հասարակություն` մյուս կողմից: Երրորդը չկա, և չի կարող լինել:
Հետևաբար` նրանք, ովքեր տարբեր պատճառաբանություններով փորձում են դիրքավորվել, որպես այլ կողմ` շատ հիմնավոր կերպով կարող են դասվել հայանուն խառնամբոխին, որովհետև պարզից էլ պարզ է, որ եթե հայ են, ուրեմն չեն կարող հայի և թուրքի միջև կռվում հանդես գալ, որպես երրորդ կողմ: Դա անհնարին է: Այսօր այն օրն է, որ յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է վերջնականապես որոշի` ինքը ադրբեջանի շահերն է պաշտպանու՞մ, թե՞ Հայաստանի, այսինքն` ինքը հայանուն թրքակե՞րպ է, թե՞ Հայ հասարակության անդամ` Հայ... Կրկնում եմ` երրորդը չկա, և չի կարող լինել: Այնպես որ, բոլոր այն պնդումները, որոնցով փորձում են ընթացող գործընթացը ներկայացնել, որպես քաղաքական իշխանության համար դասական պայքար, էլիտայի բունտ, նախկին ներկայի պայքար, կամ չգիտեմ ինչ` սուտ են, դատարկ, կեղծ և մանիպուլյատիվ: Թե ինչու՞ է այսպես ստացվել` կարելի է երկար քննարկել, բայց սա նույնպես իրողություն է: ՀԳ Հայտնի պատմվածքի վերջում արջը հարցնում է որսորդին` «Վերջապես կողմնորոշվիր` դու որսո՞րդ ես, թե՞...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը