18 12 2020

ԳԱԱ պատմության ինստիտուտը վերահաստատում է կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը

ԳԱԱ պատմության ինստիտուտը վերահաստատում է կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը

Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը վերահաստատում է ՀՀ կառավարության եւ վարչապետի հրաժարականի պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։

Հայտարարության մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության եւ վարչապետի հրաժարականի, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարարության անընդունելի լինելու մասին ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 25-ի հայտարարությունը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ իշխանությունների անհետեւողական ու կրավորական պահվածքի համար։

Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերում (Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղեր), Սանասարի (Կուբաթլու) ու Կովսականի (Զանգելան) շրջաններում տեղակայված հայկական ուժերի հետքաշման հետեւանքով անմիջական սպառնալիք է ստեղծվում ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ արեւելյան սահմանների անվտանգության համար։

Ի դեպ, նման պահանջ՝ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջաններում մեր հսկողության տակ գտնվող դիրքերից նահանջելու վերաբերյալ, նախատեսված չէ անգամ նոյեմբերի 9-ի անընդունելի փաստաթղթով։ Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում ենք ՀՀ կառավարության եւ վարչապետի հրաժարականի պահանջը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ