18 12 2020

Հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը 100 մետր է․ ՊՆ-ն այցելել է նոր բնագծեր

Հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը 100 մետր է․ ՊՆ-ն այցելել է նոր բնագծեր

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ:

Նախարար Հարությունյանը, մասնավորապես, այցելել է նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է կազմում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր ստեղծվող և կահավորվող դիրքերի կենցաղային պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի  համար նախատեսված խրամատային ենթակառուցվածքներին: Հարավային զորամիավորման հրամանատարը նախարար Հարությունյանին զեկուցել է, որ նոր ստեղծվող դիրքերում արդեն իսկ սկսվել են կահավորման աշխատանքները, մասնավորապես՝ եղանակային անբարենպաստ պայմաններում մարտական հերթապահությունը լիարժեք իրականացնելու համար: 

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը նշել է, որ աշխատանքների ծավալները հետզհետե ավելանում են և առավել ինտենսիվ կդառնան հատկապես գարնանային ամիսներին:

Զորամիավորման անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատերազմին մասնակցած զինծառայողներին, պարգևատրել աչքի ընկած սպաներին և ժամկետայիններին: Նախարարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ առաջնագիծը ծառայության համար առավելագույնս անվտանգ դարձնելու և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու համար: 

ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանձնարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին՝ թիկունքային ապահովման, հենակետերի կառուցման և մարտական հերթապահության կրման վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ