09 12 2020

Մենք կորցրեցինք հարյուրամյակների ընթացքում արցախցիների ձեռքբերումները. Վազգեն Մանուկյան



«Այս պահին ունենք պարտված պատերազմ, հսկայական տարածքների կորուստ, հազարավոր զոհվածներ, վիրավորներ, անհետ կորածներ, փախստականներ, նյութական կորուստներ»,- մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով, կորցրել են հարյուրամյակների ընթացքում արցախցիների ձեռքբերումները։

«Անկախ իր կարծիքից՝ Նիկոլ Փաշինյանը գնալու է այս կամ այն ձևով, դա անխուսափելի է, սպառված իշխանություն է, ոչ մի օգուտ չի կարող տալ ոչ պետությանը, որ ժողովրդին, հարցն այն է, թե մինչև գնալն ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին ու պետությանը»,-նշել է Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա, ժամանակավոր կառավարության համար ընտրվել է 1 տարի ժամկետ, որովհետև այժմ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելն անհեթեթություն է, որովհետև երկիրն այն վիճակում է, երբ կան հրատապ հարցեր, հոգեբանական ճնշում, կավելանա կուսակցությունների՝ իրար դեմ պայքարը, ինչն էլ կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը։

«Ստեղծվում է մեկ տարվա կառավարություն, որը զբաղվում է  հրատապ հարցերի լուծմամբ՝ գերիներ,  վիրավորներ, սահմանների ճշգրտում, այն փաստաթղթի մեկնաբանությունը, որի մեջ բազմաթիվ անորոշություններ կան, սոցիալական հարցեր, որոնք ծանրանալու են։ Նոր կառավարությունը պետք է կայունացնի երկրի վիճակը, հասարակությանը բերի մի քիչ ավելի առողջ բարոյահոգեբանական  վիճակի ու անցկացնի ընտրություններ»,- ասել է վարչապետի թեկնածուն։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը և հանրահավաքի ժամանակ ասացիք՝ եթե շարժումը չհաղթի, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի, որը տարընթերցումների տեղիք տվեց, արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան՝ արտահայտելով կարծիք, թե բախումներն անխուսափելի են,  Վ. Մանուկյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանից կարող ենք ազատվել հետևյալ դեպքերում՝ ինքնակամ գնա, որի հավանականությունը քիչ եմ տեսնում, չնայած չեմ բացառում, երկրորդ ճանապարհը, որ հասարակությունն այնքան համախմբված է իր գնալու շուրջ, որ ինքը միգուցե չի գիտակցում, բայց իր կուսակիցներն են գիտակցում և իմպիչմենտի միջոցով նրան հեռացնում են պաշտոնից։ Դա էլ է հնարավոր։

Այժմ Հայաստանում հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր  մարդիկ կան, որոնց տերմինալոգիան է՝ ոչնչացնել, սպանել, կախել, ջարդել։ Դա գաղտնիք չէ։ Նրանց մի մասի մոտ անձնական է, քանի որ  կորցրել են հարազատներին, բարեկամներին, մի մասին ազգային է։ Իրենք հիմա զուսպ են  պահում իրենց, քանի որ եթե կա քաղաքական շարժում, որը խնդիր է լուծում, սպասում են արդյունքի։ Երբ քաղաքական պայքարը վերանում է, պարտվում է, սկսվում է անկանխագուշակելի երևույթներ, որոնց մեջ և այն, ինչ ասացի։ Իշխանությունը պետք է հասկանա, որ իր փրկությունը քաղաքական շարժումն է։

Ես նոր չեմ քաղաքականության մեջ և կարելի է գնահատել իմ անցած ուղին և տեսնել՝ այդպիսի բան հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս գնահատականի մեջ մի քիչ սխալ է»։

Վ.Մանուկյանի խոսքով, Ադրբեջանի և Թուրքիայի համար Սյունիքն ավելի կարևոր է, քան Ղարաբաղը, Ղարաբաղն իրենց համար պրեստիժի հարց է, իրենց համար այնքան կարևոր չէ, ինչքան ճանապարհ բացվել Թուրքիայից մինչև Ադրբեջան, Չինաստան, այդ ողջ ճանապարհը բացվում է։

«Բայց այդ կետի ներդրումն այդ փաստաթղթի մեջ ընդհանրապես անբնական է։ Ձևակերպվում է, որ Ղարաբաղը կռվում էր Ադրբեջանի հետ։ Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը։ Եթե ֆորմալ տեսակետից վերցնենք՝ ինչո՞ւ Հայաստանը պետք է զիջումներ անի։ Այդ կետը բավականին անորոշ է գրված, կարծում եմ՝ այդտեղ շատ բան կարելի է դարձնել նորմալ»,- ասել է Վազգեն Մանուկյանը։

Պաշտոնաթող երեք նախագահների հետ հարաբերությունների մասին հարցին ի պատասխան նա նշել է. «Ռոբերտ Քոչարյանի հետ զանգում ենք իրար,  Ղարաբաղյան այս պատերազմի ժամանակ 2-3 օրը մեկ գոնե իրար զանգում էինք։ Սերժ Սարգսյանին էլ միշտ զանգել եմ, համեմատել ենք ինֆորմացիաները։ Իրենց  հնարավորություններն էլ էր շատ մեծ։

Ճիշտ է՝ ես ընդդիմադիր եմ եղել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանը, երբ վարչապետ էր, էլի հարաբերություններ չկային, բայց մենք ընդհանուր ճանապարհ ենք անցել,  ու մեզ միավորողն այն է, որ ամեն մեկս տարբեր կարծիքներ ունենք տարբեր հարցերի մասին, բայց Հայաստանի անվտանգության ու Արցախի հարցում նույն ձև էինք մտածում։

Գտնում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ պետք է հարաբերություններ ... Թեկնածու նշանակվելուց մի քանի օր առաջ փորձեցի  իր հետ ուրիշի միջոցով կապվել, չստացվեց, բայց շարունակելու եմ փորձել։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բոլոր հակասությունների հետ միասին՝ ինքն էլ ղարաբաղյան շարժման մեջ է եղել, պետության ակունքներում է։

Արմեն Սարգսյանի հետ մի քանի օր անց հանդիպելու եմ,  պայմանավորվածություն կա։

Կարծում եմ՝ հիմա քաղաքական դաշտն այնպիսին է, որ մերոնք, ձերոնք, սև, սպիտակներ բաժանել չկա։ Մեր բոլորի հակասությունները չնչին են՝ համեմատած այն արհավիրքի հետ, որում հիմա գտնվում է մեր երկիրը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ