09 12 2020

Հայ ժողովուրդը չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի․ կոչ եմ անում դուրս գալ փողոց․ Արտակ Թովմասյան

Հայ ժողովուրդը չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի․ կոչ եմ անում դուրս գալ փողոց․ Արտակ Թովմասյան

Պարո՛ն Փաշինյան, դեռ մեկ ամիս առաջ, Ձեր կողմից, այսպես կոչված, կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց հետո, հանդես եկա Ձեր հրաժարականի պահանջով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Թովմասյան բարգործական ընկերության հիմնադիր Արտակ Թովմասյանը, որը որոշել է նոր կուսակցություն հիմնել:

Նա, մասնավորապես, նշել է. «Խորը զարմանքով պետք է արձանագրել, որ Դուք, անձնական շահը եւ իշխանությունը պահպանելու ձգտումը վեր դասելով ազգային ու պետական շահից, շարունակեցիք համառ պայքարը իշխանությունը պահպանելու համար նույնիսկ այն դեպքում, երբ ձեր հրաժարականի պահանջով հանդես եկան Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ՀՀ նախագահը, տասնյակ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, համայնքների ղեկավարներ եւ ավագանիներ, Գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի պետական համալսարանի գիտական խորհուրդը եւ բազմաթիվ գիտական կենտրոններ, ծանրակշիռ հասարակական գործիչներ եւ գործարարներ սփյուռքից, եւ, ըստ էության, հայության գերակշիռ մեծամասնությունը:

Ձեր իշխանավարության յուրաքանչյուր օրը եւս մեկ պարտության օր է հայ ժողովրդի համար, որովհետեւ երկրում կատարյալ քաոս եւ անիշխանություն է։ Աշխարհաքաղաքական որեւէ կարեւոր կենտրոնում Ձեզ լուրջ չեն վերաբերվում։ Դուք պետք է հեռանաք, որովհետեւ ամբողջովին տապալել եք իշխանության գործառույթները եւ ի զորու չեք իրականացնելու Սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները: Այս պատերազմը ձեր ապաշնորհ արտաքին քաղաքականության, բանակցությունները սեփական կետից սկսելու, «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու նմանատիպ պոպուլիստական ձեւակերպումների եւ դիվանագիտության մասին տարրական պատկերացումների բացակայության արդյունք է։

ա) Դուք մինչ օրս որեւէ լուծում չեք կարողացել գտնել ռազմագերիների, անհայտ կորածների եւ մեր զոհված հայորդիների մասունքների հետվերադարձի հարցերով: Տեսնելով ձեր անզորությունը՝ հայ ժողովուրդը այս հարցերի լուծման հույսերը կապում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ուղիղ դիմում է նրան՝ խնդրելով իր միջամտությունը։

բ) Ամեն օր սահմանների ճշտման եւ քարտեզագրման պատրվակով ադրբեջանցիները մտնում են մեր գյուղերը եւ նորանոր տարածքներ են զավթում, ՏԻՄ-երն ու կամավորական խմբերն են փորձում ինքնուրույն լուծումներ գտնել` բանակցելով թշնամու հետ։

գ) ՀՀ պետական բյուջեի կատարողականները տապալված են։ Դուք այլեւս ի զորու չեք ապահովելու եկամուտների նորմալ հավաքագրումը։ Շուտով կարող են առաջանալ խնդիրներ թոշակների եւ աշխատավարձերի վճարումների գործընթացում, ինչի հետեւանքը կարող է լինել աղետալի սոցիալական պայթյունը։

դ) Այս իրավիճակը մեծամասամբ Ձեր եւ Ձեր թիմի երկուսուկես տարվա հակառուսական քաղաքականության արդյունքն է: Դուք Ձեր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չկարողացաք համոզել, որ Ձեր վերջին տասնամյակների հակառուսական դիրքորոշումները անկեղծորեն փոխվել են, ավելին, արեցիք ամեն ինչ՝ ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները հետեւողականորեն խաթարելու համար:

Մեզ հարկավոր է կառավարություն՝ մեծամասամբ նոր մարդկանցից բաղկացած, որն ի զորու կլինի գործընկերային եւ ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, ում ջանքերով եւ շնորհիվ, ի դեպ, կանգնեցվեց հենց Ձեր կողմից հրահրված արյունահեղությունը:

Վստահ եմ, որ միայն որակապես նոր քաղաքական թիմը կարող է հաստատել փոխադարձ վստահության եւ պետական շահի վրա հիմնված հարաբերություններ ՌԴ քաղաքական էլիտայի հետ եւ համատեղ ջանքերով ապահովել Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգությունը եւ դուրս հանել մեր երկու պետությունները քաղաքական եւ տնտեսական կոլապսից:

Այժմ, ըստ էության, ձեւավորված է համազգային կոնսենսուս Ձեր հրաժարականի պահանջի շուրջ, մինչդեռ դուք շարունակում եք ձեւացնել, թե չեք նկատում այդ ամենը, եւ ոչինչ տեղի չի ունենում: Պարոն վարչապետ, ո՞ւր եք տանում մեր երկիրը։ Դեպի հաջորդ կապիտուլիացիա՞։ Չէ՞ որ Ձեր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածը ձախողումների եւ անկման ժամանակագրություն է:

Այս օրերին ամբողջ հանրապետության տարածքում կառավարության եւ անձամբ վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են տեղի ունենում:

Իմ թիմակիցներին եւ կողմնակիցներին կոչ եմ անում դուրս գալ փողոց եւ օրենքով չարգելված բոլոր ձեւերով արտահայտել իրենց քաղաքացիական կամքն ու երկրում նոր, հմուտ եւ արհեստավարժ իշխանություն ձեւավորելու վճռականությունը:

Ուժային կառույցների աշխատակիցներին կոչ եմ անում բացառել ճնշումները եւ հալածանքները վարչապետի հրաժարականը պահանջող անձանց նկատմամբ։ Տղանե՛ր, այդ մարդիկ պայքարում են նաեւ ձեր եւ ձեր երեխաների ապագայի համար, եւ համոզված եմ, որ գալու է այն օրը, որ դուք էլ եք միանալու այդ պայքարին։

Վերջին հարյուրամյակի ընթացքում հայ ժողովուրդը երբեք այսքան հուսալքված եւ կոտրված չի եղել, եւ միայն Ձեր հեռացումը լուսավոր ապագայի հեռանկարներ կբացի հայության համար: Ձեզ մնացել է մեկ բան՝ հրաժարական տալ՝ թույլ տալով, որ ձեւավորվի պետական եւ ազգային արժեքներ կրող նոր իշխանություն, որն ի զորու կլինի համախմբել հայ ժողովրդին եւ սպասարկել նրա կենսական շահերը:

Ձեր հրաժարականից հետո կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ եւ ժողովուրդը մեզ հետ միասին կորոշի, թե ում է վստահում պետության կառավարման ղեկը առաջիկա տարիների համար։

Պարո՛ն Փաշինյան, Դուք դարձել եք պարտության եւ կապիտուլյացիայի խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը չի կարող եւ չի հանդուրժելու պետության այդպիսի ղեկավարի։ Սա պայքար է ոչ թե իշխանության, այլեւ մեր ժողովրդի արժանապատիվ գոյության եւ զարգացման համար։

Հուսով եմ՝ Դուք Ձեր մեջ ուժ եւ ողջամտություն կգտնեք՝ այլեւս չպայքարելու սեփական ժողովրդի դեմ եւ, հրաժարական տալով, հնարավորություն կտաք փրկելու Հայաստանի Հանրապետությունը հետագա կործանարար զարգացումներից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ