ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը։ Հարցազրույցը ներկայացնում ենք հատվածաբար։
-Դուք ի՞նչ կանեիք, պարոն Նախագահ, եթե իր փոխարեն լինեիք։ Ասում եք՝ լավրովյան պլանին պետք է համաձայներ։ Եվ մի դիտարկում, եթե կարելի է, այս հարցի հետ կապված, մեղադրանք է հնչում նախորդ իշխանությունների հասցեին, որ վատ ժառանգություն են թողել մեզ և իրենք պետք է այս հարցը ժամանակին լուծած լինեին:
-Դժվար հարց եք տալիս, առաջինը եթե ես լինեի, պատերազմը չէր սկսվի:
-Չէ՞ր սկսի:
-Իհարկե՝ չէր սկսի, չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Եվ Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար: Ես միշտ մտածում էի, որ կարող է մարդ գալ, որը շատ ավելի ուրիշ կազմակերպչական ունակություններ կունենա պատերազմը կազամկերպելու առումով, իրականում այդպես էլ եղավ հետագայում: Հիմա չէր լինի այդ պատերազմը։ Իսկ, այնուամենայնիվ, եթե լիներ, վստահաբար ասում եմ՝ չէինք պարտվի, որովհետև չէինք ունենա այն կոպիտ սխալները, որոնք ուղղակի կանխորոշեցին այդ պատերազմի ելքը:
Եզրակացությունը հետևյալն է՝ մենք ունենք իշխանություն, որը պարտվել է, որը ուզում է այդ պարտությունը փաթաթել ժողովրդի գլխին, բանակի գլխին, թե՝ լավ չեք արել, էս չեք արել, էն չեք արել: Գիտե՞ք՝ վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ: Ասում էին՝ ինչ-որ մարդիկ էին փախնում․ քանի՞ հոգու են պատժել, ձեզ հայտնի՞ են նման դեպքեր. ինձ հայտնի չեն: Հրամանը չկատարողներին, դիրքերից փոխնողներին, ո՞ւմ են պատժել:
Մովսես Հակոբյանը պատմում էր նաև որոշ դրվագներ, որ մարդկանց հավաքում, հետները բացատրական աշխատանք էին տանում: Մարդիկ դիրքերը թողնում էին ձեր ստերի պատճառով, ձեր վատ կազմակերպելու պատճառով, ամեն ինչ՝ և՛ սնունդ, և՛ այլն, և այլն: Եվ այս ամենը փոխել և ջարդել բանակի գլխին կամ ժողովրդի վախկոտությամբ բացատրել․․․ այդ նույն ժողովուրդը չէ՞, որ փառավոր հաղթանակ արեց:
-Չէ՞ր սկսվի պատերազմը, եթե...
-Անկասկած՝ չէր սկսվի և չէր համարձակվի սկսել պատերազմը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը