02 12 2020

Արայիկ Հարությունյանը պետք է վերջ տա Փաշինյանի պահեստային վագոնի պարտականությունները կատարելուց. Աբրահամյան

Արայիկ Հարությունյանը պետք է վերջ տա Փաշինյանի պահեստային վագոնի պարտականությունները կատարելուց. Աբրահամյան

Արայիկ Հարությունյանը պետք է վերջ տա Փաշինյանի իշխանության պահեստային վագոնը լինելու պարտականությունները կատարելուց եւ իրադրությանը մոտենա արցախցիների շահերի տեսանկյունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ երկրի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ, որի նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու օրակարգով։

Սրան հետեւել է տարբեր պաշտոններում արդեն հայտնի դեմքերի նշանակումները․ սպասվում են նաեւ այլ կադրային փոփոխություններ։

Այս ու մնացած որեւէ նշանակում, փոփոխություն լուրջ էֆեկտ չի ունենա, քանի դեռ Արցախի պետական կառավարման համակարգում վերակազմավորումներ, կառուցվածքային փոփոխություններ չեն եղել։

Դեռ չեմ խոսում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դրանից բերող սպառնալիքների մասին։

Իհարկե, Արցախում կան պաշտոնյաներ, որոնք հրատապ կարգով պետք է հեռացվեն այդ պաշտոններից, բայց կրկնում եմ՝ լոկ կադրային տեղաշարժերը ոչ մի լուրջ հարց չեն լուծի։

Այն համակարգը, որն եղել է մինչեւ պատերազմ, պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի։ Հասկանալով պետական ապարատում աշխատողների թվի նաեւ սոցիալական նշանակությունը, առաջնահերթ անհրաժեշտ եմ համարում նախարարությունների, տարբեր ծառայությունների ՝ նոր խնդիրների առաջադրումն ու նոր խնդիրների սահմանումը։

Նախարարություններից՝ անվտանգության խորհուրդ, վարչակազմերից՝ տարբեր ծառայություններ, պետք է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեն։

Կրկնում եմ՝ խնդրի սոցիալական բաղադրիչը հաշվի առնելով այս փուլում չեմ առաջարկում պետական կառավարման համակարգում օպտիմալացում անել, սակայն առանց վերակազմավորման, վերակառուցման, նոր խնդիրների սահմանման, որեւէ կադրային փոփոխություն ոչ մի էական հարց չի լուծի։

Մեկ օրինակ՝ Արցախում, եթե չեմ սխալվում, 12 նախարարություն կա, այն նույն Արցախում, որն այս պատերազմի ժամանակ, հայտնի պատճառներով իր տարածքի 75-80 տոկոսը կորցրել է։ Պետք է կարճ ժամանակում սահմանել այս փուլի առաջնահերթությունները եւ ըստ դրա էլ կտրուկ փոփոխությունների գնալ։

Հակառակ դեպքում պաշտոն բաժանելով կամ տեղերը փոխելով ոչ մի խնդիր չի լուծվի։

Հ․Գ․ Չեմ անդրադառնում Արայիկ Հարությունյանի հրաժարականին զուտ այն պատճառով, որ դեռ պարզ չէ, թե արդյո՞ք նրա հրաժարականից հետո հնարավոր կլինի նոր ընտրություններ անցկացնել, արդյո՞ք մեզ թույլ կտրվի եւ այլն։

Մեծ թվով հարցեր կան, որոնք գոնե ինձ զերծ են պահում Հարությունյանի նկատմամբ անվստահության պայմաններում, խոսել նրա պաշտոնավարման շարունակման անթույլատրելության մասին։

Բոլոր ռիսկերը հաշվի առնելով, այս պահին դա Արցախում ապրող մարդկանց որոշելիքն է։ Ամեն դեպքում, իր վիճակը ավելի չբարդացնելու համար, Արայիկ Հարությունյանը պետք է վերջ տա Նիկոլ Փաշինյանի իշխանության պահեստային վագոնը լինելու ֆունկցիոնալ պարտականությունները կատարելուց եւ իրադրությանը մոտենա զուտ Արցախի, արցախցիների շահերի տեսանկյունից»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ