Մարդիկ էլ ոչ ժամանակ ունեն, ոչ էլ հնարավորություն տարհանվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Նորից հրատապ
Չորս օր առաջ, երեկոյան, ես Բերձորի մեր ընկեր Գոռ Մանուկյանից տեղեկություն ստացա, որ Նոյեմբերի 30-ին, 18.00 Բերձորը պետք է ազատված լինի հայերից, եւ հանձնվի թշնամուն:
Հիշեցնեմ, որ 5 կմ լայնությամբ միջանցքի գոտին եւ ճանապարհն անցնում են Բերձորով:
Մարդիկ պատրաստ էին արդեն լքել իրենց տները: Եվ խնդրում էին կազմակերպել իրենց ունեցվածքի տեղափոխումն անվտանգ վայր:
Մինչ հաջորդ կեսօր մենք կազմակերպեցինք մոտ 15 բեռնատար: Մասնակցեցին Համազգային հիմնադրամը, կամավոր անհատներ, վարձու մեքենաներ:
Հաջորդ առավոտյան հանձնարարական ստացան դադարեցնել տարհանումը, Բերձորը եւ հարակից 2 գյուղերը մնում է մեր վերահսկողության տակ:
Այսօր, Նոյեմբերի 30-ին, երեկոյան 17.00 (նախկինում նշված ժամից մի ժամ առաջ), նորից հրահանգ է ստացվում մինչեւ 18.00 լքել քաղաքն ու հարակից գյուղերը:
Մարդիկ էլ ոչ ժամանակ ունեն, ոչ էլ հնարավորություն տարհանվելու:
Նորից եմ կրկնում Նոյեմբերի 27-ին հնչեցրած պահանջս`
Խորապես անհարգելի, ապիկար եւ դիակի վերածված կառավարություն, Բերձորի մասին ի՞նչ եք ասում:
Երեք օր առաջ առանց ձեր միջամտության մենք կազմակերպել էինք մարդկանց եւ ունեցվածքի տարհանումը:
Հիմա Ի՞նչ ենք անելու:
Մի բան ասեք հոդաբաշխ:
Ի՞նչա լինելու մեր հայրենակիցների հետ:
Եթե էսօր պիտի տարհանեին, ինչու՞ նրանց խաբելով պահեցիք մինչեւ էսօր:
Հիմա էդ մարդկանց ո՞նց օգնենք:
Խոսացեք, մի բան ասեք, մնու՞մ են, թե՞ գիշերով մի բան փորձենք նախաձեռնել:
Էն ժամանակ մեր ձեռքին էր դեռ, վարորդներ ճարեցինք:
Հիմա ո՞նց էս գիշերով վարորդ գտնեմ, որ կգնա թուրքին հանձնած տարածք:
Ի՞նչ անեն տեղացիները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը