29 11 2020

Սասուն Խաչատրյանի արյունոտ մեդալը․ Էլինար Վարդանյան

Սասուն Խաչատրյանի արյունոտ մեդալը․ Էլինար Վարդանյան

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Թե ինչ ներդրում է ունեցել Սասուն Խաչատրյանը օրինականության ամրապնդման գործում, Փաշինյանը լավ կիմանա։ Նա վստահաբար գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել ՀՔԾ պետից իր ոչնչով չհիմնավորված հրահանգներն ու կամակորությունները կյանքի կոչելու համար։ Նա գիտի, թե ինչ աճպարարությունների է գնացել Սասուն Խաչատրյանը բացառիկ անհիմն քրեական գործեր հարուցելու, այդ գործերը այստեղից-այնտեղից հարմարեցված ապացույցներով «լցնելու», և ի վերջո Հայաստանի թիվ մեկ մանիպուլյատորին ծառայելու, նրա իջեցրած պլանը կատարելու համար։

Թե ինչ արժանիքների համար է Խաչատրյանը պարգևատրվել մեդալով, մենք լավ ենք հիշում։ Լավ պատկերացնում ենք նաև, թե ինչպիսի հատուկ ծառայությունների մատուցման համար է նա արժանացել այդ պատվին։ 2018թ. Խաչատրյանը «լծվեց» մարտի 1-ի բացահայտման նվիրական գործին, հայտնվեց Հ1-ի եթերներում «սենսացիոն բացահայտումներով»։ Հաջորդաբար մեղադրանքներ առաջադրվեցին Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, հայտարարվեց հետախուզում, այնուհետև՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա կալանավորվեց, մեղադրանք առաջադրվեց Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ այն ժամանակ գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։ Սասուն Խաչատրյանը սկսեց «խաչակրաց արշավանք» Շուշին ազատագրած, Արցախը պահած, 7 շրջանների հաշվին անվտանգության գոտի ստեղծած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդկանց նկատմամբ։ Ու թեև գործն այնքան շինծու էր, այնքան միկողմանի, որ ըստ էության տապալվեց մարտի 1-ի քննությունը, բայց այն ծանր հարված հասցրեց բանակին և պետականությանը։ Սասուն Խաչատրյանի թեթև ձեռքով մեկուսացվեցին բանակի այդ ժամանակի 4 գեներալ-գնդապետից 3-ը, առաջին պատերազմի ժամանակ Արցախն ազատագրած ղեկավարը, ինչը խիստ սահմանափակեց պատերազմի ժամանակ նրանց ներուժից օգտվելու հնարավորությունը։ Թե ինչ մեխանիզմներով էր Փաշինյանը ստիպել ՀՔԾ պետին նպաստել բանակի թուլացմանը, Խաչատրյանը կպատմի հաջորդ իշխանության ժամանակ։ Բայց որ նա այդ ամենը կատարել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով փաստում էին 2018թ. գաղտնազերծված հայտնի հեռախոսային խոսակցությունը։

2021թ-ին հարուցվելիք քրեական գործերի շրջանակներում պիտի պարզվի, թե Սասուն Խաչատրյանը հրեշավոր համակարգում շղթայի որ կարևության օղակն էր՝ գիտակցու՞մ էր, որ շինծու, անհիմն քրեական գործով նա թուլացնում է բանակը, վարկաբեկում Արցախն ազատագրած հերոսներին, մեկուսացնում բարձր որակավորում ունեցող զինվորականներին։

Իսկ հիմա գիտակցու՞մ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է։ Որ բանակը զրկվել էր Շուշին ազատագրած հարամանատարական կազմի ներուժից, իսկ նրանք, ովքեր փորձեցին աջակցել պաշտպանությանը, կանխել անկումը, հեռացվեցին ռազմական գործողությունների ղեկավարումից։

Իսկ հարցեր չեն առաջացել, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի մոտ, թե ինչպե՞ս, ու՞մ գործողությունների արդյունքում կորցրեցինք Շուշին, Հադրութը, մեր հայրենիքը։

Իսկ որտե՞ղ է Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի էնտուզիազմը՝ պատերազմի ժամանակ ժողովրդին խաբելու, պատերազմի օրերին թույլ տված աններելի սխալները քննության առարկա դարձնելու հարցում։

Վաղը, իշխանությունը փոխվելու է, նոր ՀՔԾ պետը անելու է լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ ուրիշ դեմքեր, ոմանք նույնիսկ Մխիթար Գոշի մեդալով։ Հիմա Հայաստանը, որպես պետություն, նմանների հանդեպ ունի մեկ պարտավորություն՝ թույլ չտալ հատել պետական սահմանը։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ