21 11 2020

Ժողովուրդը ոնց ընտրել է Փաշինյանին, այնպես էլ պիտի պահանջի հրաժարականը․ Ծառուկյան



Կառավարության տարբեր անդամներին փոխելով մեր այսօրվա խնդիրները չեն լուծվի։ Այդ մասին նոյեմբերի 20-ին 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր ոչ թե մարդիկ պետք է փոխվեն, այլ ծրաիրը պետք է փոխվի, մեր հիմնական անվտանգության երաշխավորի, բարեկամական երկրի համաձայնությունը…»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակում քիչ բանիմաց մարդիկ կհամաձայնենն վերցնել իրենց վրա նման պարտականություն, իսկ նշանակվող անձինք չեն կարող պարզապես «ճարտար խոսողներ» լինել։ «2,5 տարի երկիրը ղեկավարվել է ստերով ու ֆեյքերով»,- ասաց Ծառուկյանը։

Անդրադառնալով իր դեմ հարուցված մեղադրանքներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ 4 ամիս շարունակ 110 քննիչներ իր մոտ 2000 կուսակցական ակտիվիստների, տարածքային գրասենյակների ղեկավարների են հարցաքննել, սակայն իր դեմ որեւէ ցուցմունք չկա։ Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ իր դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում, որը սկսվել է հունիսի 5-ի իր հայտարարությունից հետո։

Նա նաև նշեց․ «Շատ պարզ պատճառով չեմ կարողանում մասնակցել ընդդիմության հավաքներին. Հանրահավաքների մեկնարկից կես ժամ առաջ ծանուցագիր են բերում առձեռն, բերողներն էլ գնդապետ կամ փոխգնդապետեր են, հանձնում են ինձ, որ ներկայանամ հարցաքննության: 

«Արդեն գիտեմ, եթե հանրահավաք պետք է լինի, ինձ հրավիրելու են, հեսա գնալու եմ: Իրենց հիմնական մտավախությունն է, որ հանկարծ Ծառուկյանը ժողովրդի հետ չհանդիպի: Բայց ես ուզում եմ ասել, որ պետք չի Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից, իրենց վարած խայտառակ պարտությունից, պետք է վախենեն ամբողջ աշխարհի հայությունից, որոնք հպարտ քայլում էին եւ ուզում էին մասնակից լինել պատերազմին ու պատերազմում տարած հաղթանակին, թող վախենան զոհված, անհայտ կորած զինվորների ծնողներից»,- ասաց Ծառուկյանը:

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ է, որովհետեւ աշխարհում չկա որեւիցե դեպք, երբ գերագույն հրամանատարը այսպիսի խայտառակ պարտությունից հետո հնարավորություն ունենա բանակցելու, ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նշեց, որ իր խոսքում հաճախ էր ինքը շեշտում նաեւ Արցախի հարցի կարգավորման հարցը. «Ամեն ինչին տիրապետում ենք, քանի որ ամեն օր շփվում ենք, աշխատում ենք ժողովրդի հետ։ Որպես պատգամավոր, կուսակցության ղեկավար, իրականությանը տիրապետելով, ամեն տեղեկություն իմանալով, հունիսի 5-ին վերլուծելով սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակը, համաճարակային վիճակը եւ Արցախի հարցը՝ ներկայացրել ենք մեր տեսակետը։ 4 ամիս մենք ասել ենք, որ այս 2,5 տարվա կատարած գործունեության ընթացքում պիտի ընդունեն իրենց ձախողումները։ Ձախողումների հիմնական պաճառը եղել է անփորձության, անունակության շնորհքը, տվյալ ոլորտին չեն տիրապետել։ Ես ասել եմ, որ իմ ասածի համար կարող եմ գրել ու ստորագրել։ Իմ ձերբակալման օրն ասել եմ՝ Ծառուկյանին ձերբակալելով Արցախի հարց չեք լուծելու»։

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ 4 ամսվա ընթացքում իր հայտարարությունները որեւէ կերպ չեն հերքվել։

«Գնում էին բանակցությունների, հարցնում էինք՝ ինչի՞ մասին եք բանակցել, ասում էին՝ մենք ենք որոշողը՝ ինչ ենք բանակցել, ժողովուրդը մեզ 90 տոկոս ձայն է տվել, մենք էլ որոշելու ենք։ 5 ժամ բանակցում էին, բանակցելուց հետո ասում էին՝ սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել. արել եք բա պատասխանն ո՞վ պետք է տա, ով որոշել է միաձայն, առանց քննարկելու ընդդիմության հետ, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, ժողովրդի հետ։ Այն ժամանակ ասում էին՝ ցանկացած հարց առանց ժողովրդի հետ քննարկելու բացառված է որեւիցե բան որոշել։ Հենց ոտները պնդեցին, ինչ ժողովուրդ, ինչ քննարկել, իրենք ամենագետներն են»։

Հարցին՝ ինչո՞ւ է ինքը կարծում, որ խնդիրները կլուծվեն, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Ծառուկյանն ասաց. «Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ է, որովհետեւ աշխարհում չկա որեւիցե դեպք, երբ գերագույն հրամանատարը այսպիսի խայտառակ պարտությունից հետո հնարավորություն ունենա բանակցելու։ Ո՞նց եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ բանակցում է, ինչի՞ շուրջ։ Նա պետք է վայրկյան շուտ հրաժարական տա, ամեն վայրկյանն աշխատում  ի վնաս մեզ այս խայտառակ պարտությունից հետո»։

Դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հրաժարական չտա եւ հարցին՝ ի՞նչ են անելու քաղաքական ուժերը, Ծառուկյանն ասաց. «Քաղաքական ուժերն իրենց տեսակետներն ու ծրագրերն են հայտնում, մնացած որոշողը ժողովուրդն է։ Ժողովուրդը ոնց ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ պիտի պահանջի նրա հրաժարականը։ Մենք չենք ասում պիտի արյունահեղություն լինի, ցիվիլ, ոնց որ կարգն է․ ժողովուրդն է՞ ընտրել, ժողովուրդն էլ պետք է իրա հրաժարականը պահանջի»։

Նա նշեց, որ հակառակ դեպքում այս վիճակում տնտեսությունը, պետությունը, ժողովրդի խնդիրները լուծելու համար որեւէ դրական քայլ անել հնարավոր չի լինելու։

«Ցանկանալը ուրիշ բան է, աթոռին կառչած լինելը ուրիշ։ Դա կարա կարճ տեւի, 10 օր, մի ամիս, ամիսուկես․ պետք է իրականությունը նայես, ծրագիրդ նայես, պաշարը նայես, քո զարգացումը նայես, ինչի՞ հիման վրա, ոչ մի հիմք չկա»,- ընդգծեց նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ