Հոկտեմբերի 25-ին կամ 26-ին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը եկել էր Երևան ու հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Վիտալի Բալասանյանը հանդես եկավ մարտակոչով, ասաց՝ «կոչ եմ անում գալ Արցախ, միանալ պայքարին։ Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին ասել է հետևյալը՝ «ո՞րն է ամենածանր ուղղությունը, որ ունենք ռազմաճակատում», Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Շուշին, Բալասանյանն ասել է՝ «հանձնարարեք ինձ Շուշիի պաշտպանությունը, եթե ես չհաջողեմ, դա առիթ է, որ վեր կենաք ու հրապարակային ասեք՝ Վիտալի Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունն ու Շուշին ընկավ, «կհռչակեք ինձ դավաճան» », - նշել է Վանեցյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ու ասել է՝ «գնացեք ու անցեք Շուշիի պաշտպանությանը». ինչպես նշել է Վանեցյանը, Բալասանյանը, սակայն, մինչև վերջին օրն այդպես էլ չի անցել Շուշիի պաշտպանությանը։
«Բալասանյանին Արցախում ասացին, որ նման ցուցում մենք չենք ստացել. հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ չթույլատրեցին Վիտալի Բալասանյանին իրականացնել Շուշիի պաշտպանությունը», - ասել է Արթուր Վանեցյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը