Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեկ շաբաթ անց՝ երեկ, տեղի ունեցան երկու կարևորագույն բացահայտումներ, որոնք լույս են սփռում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ընդունված ճակատագրական որոշումների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Նախ, ՀՀ ԳՇ պետ գեներալ Օնիկ Գասպարյանը հայտարարեց, որ արդեն պատերազմի չորրորդ օրը, նա ՀՀ Անվտանգության Խորհրդի նիստին, զեկուցելով իրավիճակի մասին, հայտնել է, որ մեր բանակը, թեև հերոսաբար դիմադրում է թշնամուն, արդեն մեծ կորուստներ է կրում, և անհրաժեշտ է դիվանագիտական միջոցներով կանգնեցնել պատերազմը, և որ նա այդ դիրքորոշումը շարունակել է պնդել հետագայում։ Ճանաչելով գեներալ Գասպարյանին, ես հիմք չունեմ կասկածի տակ դնելու նրա այս հայտարարությունը, և նաև լավ գիտակցում եմ, որ պատերազմի ընթացքում նա այն հանրայնացնելու հնարավորություն չուներ։ Երեկոյան արդեն, ծավալուն հարցազրույց տալով Արցախյան պատերազմի թեմայով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հեկտեմբերի 19-20-ի շրջակայքում հնարավորություն կար դադարեցնել ռազմական գործողությունները, և արժանապատիվ հաշտության պայմանագիր կնքել կողմերի միջև։ Այդ հնարավորությունից հրաժարվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշելով շարունակել դիմադրությունը։ Այս հայտարարությունը ևս կասկածի տակ դնելու հիմք չկա, հաշվի առնելով, թե ումից է հնչում։ Այս կապակցությամբ ես նորից մի քանի հարց ունեմ ուղղելու մինչև հիմա վարչապետի պաշտոնը զբաղեցնող պրն Փաշինյանին՝
ա) երբ Դուք մերժել եք ՌԴ նախագահի կողմից հաշտության առաջարկը, ի՞նչ ռազմավարական հաշվարկների վրա եք հիմնված եղել։ Ի՞նչն է Ձեզ հիմք տվել ենթադրելու, որ պատերազմի հետագա ընթացքը բարենպաստ կդառնա մեզ համար, այն պայմաններում, երբ ակնհայտ էր, որ մեր դեմ կռվում է վիթխարի թշնամական կոալիցիա, իսկ մեր կողմից և ոչ մի պետություն պատրաստ չի անմիջականորեն միջամտել ռազմական գործողություններին, և երբ զինված ուժերի ղեկավարությունը մինչ այդ պնդում էր պատերազմի դադարեցման վրա։
բ) արդյո՞ք ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ Ձեզ խորհուրդ են տվել մեր զինվորական ղեկավարները, թե Դուք այդ որոշումը ընդունել եք՝ ի հեճուկս նրանց առարկությունների։ Եթե առաջինը՝ կարո՞ղ եք նշել այն զինվորական ղեկավարների անուները, որոնք կողմ էին պատերազմի շարունակմանը։ Եթե ոչ, պատրաստ եք արդյո՞ք Դուք ընդունել միանձնյա պատասխանատվություն այս որոշման համար, որպես այդ պահին գործող զինված ուժերի Գերագույն հրամանատար։
գ) Եթե հոկտեմբերի 19-20-ին, երբ թշնամին պատրաստ էր կանգնել, և պատերազմի շարունակումը եղել է Ձեր միանձնյա որոշումը, արդյո՞ք հիմա Դուք ամբողջապես գիտակցում եք դրա աղետալի հետևանքները՝ հազարավոր լրացուցիչ զոհեր, հազարավոր քառակուսի կիլոմետրեր հապշտապ զիջվող տարածքներ, անվտանգության տասնամյակներով ձևավորված համակարգի կազմաքանդում, հասարակության ընկճախտ։ Արդյո՞ք ժամանակը չի այդ դեպքում, որ Դուք քաղաքական պատասխանատվություն ստանձնեք Ձեր որոշման համար և արժանապատիվ հեռանաք։ Ես Ձեզնից այս հարցերին ազնիվ պատասխաններ եմ սպասում, և այդ և բազմաթիվ այլ հարցեր Ձեզ տալու են ամեն կողմից, դեռ երկար տարիներ։ Ժամանակն է արդեն, որ Դուք դրանց առերեսվեք և ընդունեք Ձեր սեփական քաղաքական պատասխանատվությունը մեր բոլոին պատուհասած ողբերգության համար, դա շանս կտա մեր երկրին, որ ապագայում խուսափենք մեկ անձի կամայականության պատճառով նման ողբերգությունների կրկնությունից»,-գրել է Ավետիք Չալաբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը