06 11 2020

Սորոսականն ազատամարտիկներին ներկայացնում է իբրև թմրամոլ

Սորոսականն ազատամարտիկներին ներկայացնում է իբրև թմրամոլ

Երկու օր առաջ տեղեկություն տարածվեց, որ իբր պատերազմելու համար Արցախ հասած, բայց Ստեփանակերտից մշտապես ստատուսներ գրող, հակառուս ու սորոսական Դանիել Իոաննիսյանին փորձել են վռնդել Արցախից։ Թեմայի մասին գրառմամբ է հանդես եկել ինքը՝ Իոաննիսյանը՝ գրելով․ «Երկու օր առաջ Ստեփանակերտում մոտեցավ մի ասֆալըի ֆիդային, ով պահանջեց, որ ռուսների դեմ չխոսեմ։ Երբ իրեն տարան մի կողմ, դողացող ձեռքերով հերթական պլանը քաշեց ու զրուցակիցներին էլ առաջարկեց։ Հիմա հասա Արցախի` ինտերնետով մի տեղ ու քարոզչությունից կարդացի, թե իբր կամավորականները ինձ խնդրել են լքել Արցախը»։

Որ Իոաննիսյանին կարող էին ոչ միայն խնդրել հեռանալ, այլ ավելին՝ վռնդել Արցախից, միանգամայն հասկանալի է և ընդունելի։

Արցախում այսօր պատերազմ է։ Մարդիկ ինչով կարողանում են, օգնում են՝ Հայաստանում ու Սփյուռքում, կամավորներն ու զինվորները արյուն են թափում հողի համար, բոլոր-բոլորը, կռվելու հետ մեկտեղ, ամեն վայրկյան սպասում են լուրերի, որ հնարավոր է՝ Ռուսաստանի միջամտությամբ հարցը լուծում ստանա։ Բոլորը հասկանում են, որ այս պատերազմը զինվորից բացի կարող է կասեցնել միայն Ռուսաստանը, Արցախի նախագահը նամակ է գրել ՌԴ նախագահին՝ օգնություն խնդրելով, Հայաստանի վարչապետն էլ իր հերթին է դիմել ՌԴ նախագահին օգնության համար։ Ու այս պահին Արցախում ինչ-որ սորոսական կասկածելի գործիչ, հակառուս ու ազատամարտիկներին վարկաբեկող ստատուսներ է գրում։ Ո՞ր մի ազատամարտիկը, զինվորն ու ղեկավարը կհանդուրժի։ Տրամաբանական է, չէ՞, որ ոչ միայն կխնդրեն հեռանալ, այլ գուցե հենց կքշեն։

Բայց ոչ, նա Արցախում է ու փոխանակ շնորհակալություն հայտնի, որ իրեն չեն քշել, հերթական գրառումն է անում ու ազատամարտիկներին ներկայացնում որպես թմրամոլ «պլանքյաշ»։ Ազատամարտիկներին այդպես անվանելով նա ուզում է ցույց տալ էնտեղ կռվող մեր հայրենակիցների որակը։ Իբր թուրքի կողմից կռվում են ահաբեկիչներ, մեր կողմից պլանքյաշնե՞ր։

Ու այսքանից հետո նա դեռ շարունակում է մնալ այդ սրբազան հողո՞ւմ։ Ո՞ւր է ԱԱԾ-ն, ինչո՞ւ չի զբաղվում այդ սորոսականով։

Կարող էր, չէ՞ գրառում աներ, որ «հարգելիներս, ես Արցախում եմ, ինձ հեռացնելու մասին լուրերը կեղծ են»։ Բայց ոչ, նա, լինելով Թուրքիային աջակցող Սորոսի գրանտներով սնվող, վարկաբեկում է մեր ազատամարտիկներին։

Ի դեպ, միայն թմրամոլի մեղադրանքը չէ։ Անվանում է նաև «ասֆալտի ֆիդայի»։ Եթե դու որպես կամավոր գնացել ես Ստեփանակերտ ու մյուս կամավոր գնացածին համարում ես «ասֆալտի ֆիդայի», այդ դեպքում դո՞ւ ով ես։

Հ.Գ. Մեր Ազգային անվտանգության ծառայությունը ապացուցված համարեց, որ գերեվարված ահաբեկիչները թմրանյութերի ազդեցության տակ են կռվում։ Գուցե առաջադրանք կա, որ քանի որ բացահայտվում է  ադրբեջանա-թուրքական ահաբեկիչների որակը, նման կերպով վարկաբեկվեն նաև Հայաստանցի ու Արցախում կռվող ազատամարտիկնե՞րը։ Այլապես հնարավոր չէ բացատրել, թե ինչու նման ստատուս գրելիս Իոաննիսյանը շեշտեց թմրամիջոցի հանգամանքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ