30 10 2020

Ռազմաճակատում հայկական զինուժի բեկումը կբերի դիվանագիտական ոլորտում բեկման. Բենիամին Մաթևոսյան

Ռազմաճակատում հայկական զինուժի բեկումը կբերի դիվանագիտական ոլորտում բեկման. Բենիամին Մաթևոսյան

Բարդ է հստակ գնահատականներ տալ, թե այսօր Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպումից ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Ակնհայտ է մի բան, որ ադրբեջանական կողմը փորձելու է մաքսիմալ ձգել հնարավոր հրադադարն ու պայմանավորվածությունները և փորձելու է մարտի դաշտում ֆիքսել այն, ինչն իրենք ուզումն է ստանալ: Այս պարագայում դիվանագետներն իրականում պարզապես ֆիքսելու են այն, ինչ մենք ունենք ռազմի դաշտում: Հետևաբար թե՛ Բաքվի համար, թե՛ հայկական կողմի համար ավելի կարևոր է այս պահին այն, ինչ տեղի է ունենում մարտի դաշտում, և դիվանագետները պարզապես սա են ֆիքսելու»:

Քաղաքագետը նաև ընդգծում է. «Երբ խոսում են այս անգամվա հանդիպումների մասին, որոնցով պետք է հրադադար լիներ, ես հիշում եմ 90-ական թվականների հրադադարներին նախորդող գործողությունները, երբ դիվանագետները, առաջին հերթին Ռուսաստանի միջնորդությամբ ինչ-որ գործողություններ էին իրականացնում, իսկ հայակական կողմը փորձում էր առաջխաղացում ապահովել ռազմի դաշտում: Այդ ժամանակ արդյունքում մենք փաստաթղթով ունեցանք այն արտացոլումը, որը կար ռազմի դաշտում: Հիմա տրամաբանությունը նույնն է, է մենք ուղղակի պետք է հասկանանք՝ ինչի՞ ենք ձգտում հասնել, մեր գործընկերներն ինչ աստիճանի մեզ կարող են աջակցել, խոսքն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական հանրապետության մասին է և դրանից հետո արդեն փորձենք թղթին այն տեսքը տալ, որն ունենք ռազմի դաշտում»:

Բենիամին Մաթևոսյանը հավելում է, որ այս պահին ակնհայտ է՝ ադրբեջանցիները փորձում են երկարաձգել բանակցությունները մինչև ռազմի դաշտում իրենց ուզածը ստանան. «Ալիևն էլ է չէ՞ ասում՝ մենք հեշտացրել ենք բանակցությունները, որոշ շրջաններում առաջընթաց ունենք, եկեք մնացած շրջանների հարցը քննարկենք, բայց պարզ է, որ Հայաստանի համար սա ծուղակ է: Որովհետև եթե մենք իսկապես թղթով կորցնենք 3 շրջան, Հայաստանն ու Արցախը կհայտնվեն փակուղային իրադրության մեջ: Դժվար է ասել, թե կա արդյոք ուժ, որը կկարողանա այս պայմաներում կորսված շրջանների պայմաններում ապահովել Արցախի ու Հայաստանի անմիջական կապը: Ռազմաճակատում հայկական զինուժի բեկումը կբերի դիվանագիտական ոլորտում բեկման, տրամաբանությունը հետևյալն է, ոչ թե հակառակը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ