19 10 2020

Մենք ու աշխարհը․ Հիմա միամիտը մե՞նք ենք, թե՞ մեր պապերը․ Panorama.am

Մենք ու աշխարհը․ Հիմա միամիտը մե՞նք ենք, թե՞ մեր պապերը․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «1915 թվին Դեր-Զորի անապատներում տանջամահ լինող մեր հայրենակիցներն անկասկած մտածում էին, որ  եթե քաղաքակիրթ եվրոպաներն իմանային դաժան իրականությունը՝ անմիջապես կբռնեին թուրքի արնոտ ձեռքը  և կպատժեին գազանին․․․ Ավա՜ղ, իմացան, բայց չպատժեցին, ինչպես ցույց տվեց կյանքը։

Միամի՜տ, միամիտ մեր պապեր․․․

105 տարի անց՝  պատմությունից  դաս չառած, մենք նույնպես հույս ենք կապում եվրոպական կառույցների հետ, ովքեր ինֆորմացիայի վայրկենական տարածման և ճշգրտությունը րոպեական ստուգման այս դարում նույնանման կոչեր են անում  զինվոր գլխատողին և հայրենի հողը պաշտպանողին։ Ամերիկայի պետքարտուղարը  հույս է հայտնում, որ հայերը կդիմանան, Թրամփն էլ հիանում է հայերի ուժեղ ոգով․․․  Շա՜տ հուզիչ է։  Իսկ նույն այդ ժամանակ  թուրքը  շարունակում է հեռուն գնացող իր ծրագրերի կացնային իրագործումը՝ թքած ունենալով անգամ մարդասիրական հրադադարի պահպանման պայմանավորվածություների վրա։ Ասենք զարմանալու ինչ կա․․․ թուրքն ո՞ւր, մարդկայնությունն ո՞ւր։

Հիմա միամիտը մե՞նք ենք, թե՞ մեր պապերը։

Հեռվից երևի շատ հետաքրքիր նայելիք է․․․ աշխարհի հզորներն ասես ազարտի մեջ ընկած համակարգչի առաջ ֆանտաստիկ մարտաֆիլմ են  խաղում դրոնների հետ, և ձգում-ձգում-ձգում են խաղի ավարտը։  Ինչ փույթ, որ մարտադաշտում իրական մարդկանց արյուն է հեղվում և  իրական մայրեր են կորցնում իրենց զավակներին։

Մենք էլ մեր Արցախ-Հայաստանով նման ենք արենայում հայտնված գլադիատորի, ում վրա հազար կողմից հարձակվում են ադրբեջանական զորքը, թուրքական ու իսրայելական զինատեսակները, իսլամիստ ահաբեկիչներն ու վարձկանները, կորոնավիրուսն էլ մի կողմից․․․  Այդուհանդերձ, կհաղթենք բոլորին, քանի որ այնքան էլ միայնակ չենք այս անգամ․ Ռուսաստանի և Իրանի նման հզոր աջակիցներ ունենք, ովքեր առնվազն իրենց շահերից ելնելով՝  մեր կողքին կլինեն։ Պարզապես պետք է խելացի ու հեռատես լինել։

Տե՛ր Աստված, այնքան խելք ու ճկունություն տուր մեր դիվանագետներին, ինչքան որ ուժ ու կորով ես տվել մեր ռազմիկներին։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ