Ռուսաստանի տարբեր քաղաքակներում գրեթե միաժամանակ կանխված տեռորիստական ակտերի հետագիծը, ըստ փորձագետների, տանում է Թուրքիա:
Կանխված ահաբեկչությունների ու Ադրբեջանական սանձահարված պատերազմական գործողությունների միջև արաբագետ Սարգիս Գրիգորյանը տեսնում է ընդհանուր ձեռագիր:
- Արդյո՞ք սա քաղաքական հաշվեհարդար չէր՝ ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի ձգտումները կտրուկ մերժելու՝ Մոսկվայի դիրքորոշման համար:
- Կդժվարանամ ասել՝ սա Էրդողանի քաղաքական մեսսի՞ջն էր, թե՞ շանտաժը՝ պաշտոնական Մոսկվային, բայց որ Ռուսաստանում կանխված տեռորիստական ակտերի ու Արցախում ծավալվող ռազմական գործողությունների միջև փոխկապակցվածութուն կա, համոզված եմ: Իրականում ահաբեկիչների ակտիվությունը Ռուսաստանում վաղուց էր նկատվում, պարզապես հիմա Արցախյան գործոնով պայմանավորված՝ այդ ակտիվությունը չափից շատ է դարձել: Էրդողանը Կովկասում տարիներով ահաբեկիչների ստվերային գործակալական ցանց էր ձևավորում, այսօր, պատերազմի, ֆոնին այդ ցանցն ակտիվացնում է՝ որ պահին որտեղ դա ձեռնտու է Էրդողանին:
- Ահաբեկչական խմբավորումներով գեոքաղաքական գործընթացներ հրահրելը Թուրքիայի քաղաքականությունն է դարձել․ հիմա էլ այդ գործիքով Էրդողանը սպառնում է, որ իրեն դարձնեն ԼՂ բանակցային գործընթացի կողմ:
- Այո, Էրդողանը վաղուց է օգտվում վարձկանների գործիքից: Թուրքիայի ներկայիս իշխանության համար շահերի բախումների բոլոր կենտրոններում ահաբեիչներ ունենալն ունի հստակ նպատակ և Կովկաս դրանց տեղափոխելը բխում է հենց այս քաղաքականությունից:
Սիրիայում, ապա Իրաքում և հետո Լիբիայում ծավալած պատերազմներով այս գործիքով արդյունավետ ծառայություն մատուցվեց Էրդողանին, և հիմա այդ վարձու զինյալներից ողջ մնացածները բավականին լուրջ ռազմական փորձ են ձեռք բերել: Այս խմբերը, կարելի է ասել, Թուրքիայի համար լրացուցիչ բանակի գործառույթ ունեն, Թուրքիան բավականին երկար է աշխատել նրանց հետ: Ռազմական լուրջ պատրաստվածություն են անցնում այդ զինյալները: Անընդհատ հավաքագրումներով ընդլայնվում է նրանց բանակը, և իրադրությունով պայմանավորված՝ ահաբեկիչներին Թուրքական իշխանությունները տեղափոխում են այս կամ այլ երկիր, որպեսզի իրենց գործառութն իրականցնեն: Հիմա այս փորձառու զինյալների մի մեծ խումբ ամեն օր ջախջախվում է հայկական զորքերի դեմ կռվում: Ով կսպանվի՝ կսպանվի, Թուրքիան միևնույն է՝ շահած դուրս կգա, գումարները կմնան իրեն, իսկ ովքեր ողջ կմնան՝ նույն միսիայով շուտով մեկ այլ տարածք կտեղափոխվեն, որտեղ Թուրքիան նոր թիրախավորած գործողություներ կձեռնարկի:
- Իսկ դուրս կգա՞ն Կովկասից, թե՞ հաջորդ պատվերը կիջեցվի մեր տարածաշրջանի մեկ այլ պետության դեմ գործելու համար:
- Այս խմբավորումները դուրս կբերվեն Ադրբեջանից միայն քաղաքական պայմանավորվածություների ու ճնշումների ժամանակ: Եթե ԼՂ կարգավորման շուրջ երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռքբերվեն, ապա այս ահաբեկիչների համար նոր ինքնառեալիզացման գոտի է ընտրվելու: Կովկասում նրանք երկարաժամկետ հեռահար ծրագրով են տեղակայված: Ենթադրվում է՝ այս խմբավորումները Թուրքիան կտեղաշարժի դեպի Կենտրոնական Ասիա: Դիտակետում կարող է լինել Իրանը, մանավանդ եթե նկատենք, Թուրքիայում ակտիվանում են ազգայնական խմբավորումները, օրինակ՝ Ղարաբաղում ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների հետ մասնակցել են Գորշ գայլերը: Իսկ դա նշաակում է, որ թուրք ազգայնականների ակտիվացումը վտանգելու է Իրանին, շատ լուրջ սպառնալիք է Իրանի հյուսիսային հատվածում ադրբեջանցի բնակիչների շրջանում ներքին պրոցեսներ հրահրելու համար:
Կովկասը ստրատեգիական առումով խիստ գեզգայուն գոտի է, այստեղ մեծ պետությունների շահեր են բախվում ու Թուրքիայի գերակտիվացումը պետք է որ զսպվի հնարավորին շուտ:
- Ռուսաստանը սկսել է ակտիվ ռազմաքաղաքական դիսկուրսներ ծավալել հակամարտող պետությունների ու Թուրքիայի հետ: Արագ ու երկարաժամկետ լուծումներ հնարավո՞ր է այս բանակցություններից:
- Վարձկանների մասին բազում փաստարկներով տեղեկատվությունն այսօր այդ բանակցությունների առանցքային մասն են կազմում և դա շահեկան է հայկական կողմին:
Իսկ եթե մեր դիվանագիտական ռեսուրսները կարողանան ահաբեկիչների մասի մեր ձեռքում եղած բոլոր փաստագրումները ճիշտ հանրայնացնել դիվանագիտական խողովակներով ու դա խաղարկել շահագրգիռ պետությունների հետ դաշնություններ կառուցելու համար, ապա վստահ եմ՝ հաջողություններ կունենանք: Արցախի նախագահի առաջարկած հակաահաբեկչական կոալիցիայի հարցն օրակարգում է, արդեն դրական ազդակներ կան: Սա Արցախին սուբյետկտայնության տեսանկյունից լուրջ դիվիդենտներ կտա և կնպաստի Արցախի անկախության ճանաչմանը գործընթացին:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը