Alternativ.am-ը գրում է․ «Վերջին օրերին լրատվական դաշտում կրկին ակտիվացել է երբեմնի ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, նույն ինքը՝ «Բուռնաշը», ով, անտեսելով նույնիսկ ռազմական դրությունը և համերաշխության հարյուրավոր կոչերը, փորձում է դիտավորությամբ պառակտում մտցնել հանրության մեջ՝ ցեխ շպրտելով նախկինների վրա և գովաբանելով գործող իշխանությանը:
Շատերի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է Աղաբաբյանը վատաբանում նախկին իշխանություններին, չէ՞ որ եղել է նրանց թիմակիցը և իր կյանքում ամեն ինչին հասել է հենց նախկին իշխանությունների օրոք և շնորհիվ: Փորձենք պատասխանել այդ հարցին:
Նախ սկսենք այն բանից, որ Բուռնաշն իրոք ամեն ինչի հասել է հենց այն մարդկանց օրոք ու շնորհիվ, ում վրա այսօր ցեխ է շպրտում: Հենց նրանց օրոք է իրեն վստահվել «Հրազդան» մարզադաշտի տնօրենների խորհրդի, այնուհետև արդեն ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնը, որոնք նա անխնա կերպով օգտագործել է միմիայն իր ֆինանսական դրությունը բարելավելու համար: Մտնելով իշխանությունների վստահության շրջանակ (круг доверия)՝ Աղաբաբյանը իր անձի հանդեպ վստահության մակարդակը հողին է հավասարեցրել: Բուռնաշի մշտական ուղեկիցները դարձել են խաղատները և օղու շշերը, որոնց վրա նա սկսել է ծախսել այն գումարները, որոնք վաստակել է չարաշահումների արդյունքում (Աղաբաբյանի ընկերության կատարած տասնյակ միլիոնավոր դրամների չարաշահումներն արձանագրվել են ՊԵԿ-ի կողմից):
Իր կատարած քայլերի դիմաց արժանանալով «իզգոյի» կարգավիճակի՝ այնուամենայնիվ, ակտիվորեն շարունակել է քծնել իշխանություններին, փորձել հավատարիմ ձևանալ: Մասնավորապես, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնադրամի ձևավորմանը անմանս չի մնացել նաև Աղաբաբյանը (փաստաթուղթը՝ կից):
Նույնիսկ շարունակական քծնանքը չի կարողացել պահել Բուռնաշի դիրքը՝ իշխանությունների հավատարիմի կարգավիճակում, և շուտով նրան հեռացրել են ամեն ինչից. կորցրել է նախկին դիրքը և կարգավիճակը:
2018 թվականի իշխանափոխությունից հետո Աղաբաբյանի համար նոր հեռանկարներ են բացվել: Լծվել է նախկիններին փնովելու և նորերին աստվածացնելու գործին (մի առիթով նույնիսկ նշել է, որ Նիկոլ Փաշինյանին Նոբելյան մրցանակ պետք է տան): Սակայն այստեղ էլ, բնականաբար, անշահախնդիր չի գործել: Պարզվում է, որ Աշոտ Աղաբաբյանը «ՌԻԱ ՖԱՐՄԱՍՅՈՒԹԻՔԱԼ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է, ՍՊԸ-ն ակտիվորեն սկսել է գործունեություն ծավալել հենց իշխանափոխությունից հետո, մասնավորապես, հենց այս ընկերությունն է արտադրում «Հելթ թոն լուծույթ» կենսաակտիվ հավելումը, որը գովազդվում էր իբր թե կորոնավիրուսը բուժող կամ կանխարգելող միջոց: Եվ չնայած որ այս հավելման դրական ազդեցությունը ոչ մի կերպ չէր հիմնավորվել, իսկ ավելի ուշ մերժվեց, այնուամենայնիվ, պետական գերատեսչությունները բավական մեծ ծավալով ձեռք էին բերել այդ հավելումից՝ պրոֆիլակտիկ նպատակներով:
Ծանոթ սցենար է: Նախկինում իշխանությունների շնորհիվ խոշոր գումարներ վաստակած, սակայն հետագայում նրանց վստահությունը կորցրած մարդը պայմանավորվում է գործող իշխանությունների հետ. գործունեության դաշտ է խնդրում՝ խոստանալով բոլոր հնարավոր միջոցներով պախարակել նախկիններին, այն մարդկանց, ում պարտական է իր ամեն ինչով
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը