Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների համատեղ կոչի վերաբերյալ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը եւ կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող երեք երկրների ղեկավարների սույն հայտարարությունը վերջնականապես ամրապնդում է միջազգային հանրության հավաքական դիրքորոշումը՝ ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ, որն ավելի վաղ արտահայտվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԽ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի գործող նախագահի եւ Եվրամիության անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից:
Շարունակելով մերժել տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու միջազգային հանրության պահանջները՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ու ավելի են դիրքավորվում որպես վտարյալ պետություններ՝ բացահայտ կերպով մերժելով համընդհանուր կանոններն ու նորմերը, որով առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը:
Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ միայն համառորեն դժկամություն են ցուցաբերում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին, այլեւ հետեւողականորեն եւ միտումնավոր կերպով ավելացնում են ռազմական գործողությունների ինտենսիվությունը: Արցախի Պաշտպանության բանակը, որն այսօր փաստորեն պայքարում է նաեւ միջազգային ահաբեկչության դեմ, շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջազգային ջանքերի մեջ: Արցախի Հանրապետությունն այսուհետ եւս պատասխանատու քաղաքականություն է վարելու անվտանգության ոլորտում` ուղղված տարածաշրջանում տեւական խաղաղության եւ կայունության ապահովմանն ու ամրապնդմանը:
Միաժամանակ կարծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան բացահայտ ռազմական դաշինք են ձեւավորում քաղաքակիրթ աշխարհի կողմից օրենքից դուրս հայտարարված ահաբեկչական կազմակերպությունների հետ, հրամայականորեն պահանջվում է ողջ միջազգային հանրության հավաքական միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ հարկադրական բնույթի, ողջ համաշխարհային հանրության համար սպառնալիք ներկայացնող Անկարայի եւ Բաքվի հակաօրինական գործողությունները դադարեցնելու համար:
Այս կապակցությամբ վերստին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն թույլ կտա անհապաղ դադարեցնել ագրեսիան, այլեւ կբացառի ապագայում դրա կրկնության հնարավորությունը: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարգավորման գործընթացի անխուսափելի եւ տրամաբանական արդյունքն է, որը կասկածի տակ չի դրվում միջազգային հանրության կողմից, քանի որ Արցախի անկախությունն ունի ամուր իրավական, օրինական եւ արդարացի հիմքեր: Որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ տարածաշրջանում երկար սպասված ու տեւական խաղաղություն կհաստատվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը