30 09 2020

Ո՞ր երկրներն են մեզ աջակցում և ովքե՞ր են շարունակում քայքայել մեր անվտանգությունը

Ո՞ր երկրներն են մեզ աջակցում և ովքե՞ր են շարունակում քայքայել մեր անվտանգությունը

Արցախյան համակարտության վերջին տասնամյակների պատմության ամենալայնածավալ պատերազմն է ընթանում այս օրերին, իսկ հայկական երկու պետություններում ձևավորվել է համահայկական միասնության մթնոլորտ։ Այս կացության մեջ առավել տեսանելի է դառնում, թե ովքեր են մեր դաշնակիցներն ու աջակիցները, ովքեր՝ թշնամուն աջակցողները, ովքեր՝ պարզապես դատարկ հայտարարություններ անողները։ Սա արտաքին աշխարհի մասին։

Ինչ վերաբերվում է ներքին կացությանը, ապա ամբողջ ընդդիմադիր դաշտը՝ քաղաքական կուսակցություններից մինչև անհատներ, հայտարարել են ներքաղաքական պայքարի լիակատար դադարեցման մասին և իրենց ողջ ներուժն ու կարողությունները ի սպաս են դրել հաղթանակին։ Սակայն, ցավոք, նույն չես ասի մերձիշխանական շրջապատի անձանց և մասնավորապես Սորոսի և արևմտյան այլ հիմնադրամների դրամաշնորհներով սնվողների մասին։ Անգամ այս ծանր վիճակում նրանք չեն դադարում իրենց վարկաբեկիչ և պառակտիչ գործունեությունը արտաքին և ներքին քաղաքական դաշտերում։

Նախ՝ ինչ ունենք արտաքին քաղաքական դաշտում։ Անկախ Հայաստանի ղեկավարության նկատմամբ ունեցած անվստահությունից, պայմանավորված Նիկոլ Փաշինյանի պահվածքով, Ռուսաստանը որպես դաշնակից այս օրերին զենք ու զինամթերք է մեզ մատակարարում։ Լրատվական աղբյուրների հաղորդմամբ, այն ստացվում է օդային ճանապարհով։ Այդպես եղել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հակառակ նրան, որ ներկայիս վարչապետը Ռուսաստանին էր մեղադրում այդ պատերազմը հրահրելու մեջ, Ռուսաստանը 20 հազար տոննա ռազմամթերք էր այն ժամանակ ուղարկել Հայաստան։ Այս մասին ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաձողովում հայտարարեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս տարվա հուլիսյան ռազմական գործողությունների ժամանակ էլ մեզ ուղարկվել էր մոտ 500 տոնա զենք և զինամթերք։ Թե ի՞նչ ծավալի օժանդակություն է գալիս Ռուսաստանից այս պահին, հայտնի կդառնա ապագայում։

Ռուսական ռազմական աջակցությունը, ըստ միջազգային լրատվամիջոցների, գալիս է Իրանի օդային տարածքով։ Այսինքն, երկրորդ երկիրը, որ դժվար պահին մեզ չի դավաճանում, Իրանն է։ Վրաստանը հայտարարել է չեզոքության մասին, սակայն, չի թույլատրել ռուսական ռազմական օդանավերի տարանցումն իր երկրով, իսկ Թուրքիայից և Իսրայելից եկող ռազմական աջակցությունը Ադրբեջանին, ինչպես նաև ահաբիկչ վարձականների տեղափոխումը տեղի է ունենում նրա օդային տարածքով։

Արևմուտքը ինչպես միշտ, սահմանափակվում է ընդհանուր բնույթի կոչերով՝ ռազմական գործողություններ դադարեցնելու մասին։ Նրան ավելի շատ մտահոգում է ռազմական գործողությունների մոտակայքով անցնող նավթամուղի անվտանգությունը։

Սա է արցախյան պատերազմի շուրջ ձևավորված ընդհանուր պատկերն արտերկրում։    

Ներքին կյանքում էլ սորոսական շրջանակները մի կողմից վարկաբեկում են մեր համազգային միասնությունը, մյուս կողմից՝ շարունակում սեպ խրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեջ անգամ այս իրավիճակում։ Նրանից մեկը «չի հասկանում» «հաղթելու ենք» կոչը կամ իրեն դնում է չհասկացողի տեղ։ Մյուսը, որ ժամանակին գնում էր «Լելե թեփեն ազատագրեր», բայց իրեն իբր «չէին թողնում», հիմա շահարկում է ժամկետային զինծառայողների թեման, ըստ էության, պահանջելով պատերազմի ժամանակ ռազմաճակատից հանել զինվորներին։ Երրորդը՝ հենց այս օրերին մեկնել է ԱՄՆ և այնտեղից ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն է սեփական ճաշակով մեկնաբանում։

 

Վերոնշյալ անձանց միավորում է հակառուսական քարոզչությունը, նրանք բոլորը գործում են մեր անվտանգության դեմ, նրանք բոլորը գումար են ստանում և ստացվում է՝ սեփական երկրի և ժողովրդին ոչնչացման տանող քայլերի համար։ Նրանցից մեկը ռուսական ինտերնետ տիրույթում ինչ-որ մեկի, որը կարող է անգամ ադրբեջանական կեղծ օգտատեր լինի, գրառումը ներկայացնում է որպես ապացույց, թե «տեսեք ովքեր են մեր թշնամիները», մյուսը՝ իբր ցանկանում է ընդգծել Իրանի կարևորությունը մեզ ուղարկած ռուսական ռազմական օգնության համար, բայց հայհոյում է այդ օգնությունն ուղարկող երկրին, երրորդը՝ թարմացնում է բազմիցս շահարկված թեզն այն մասին, որ մեր թշնամին օգտագործում է ռուսական զենքը մեր դեմ՝ կարծես թե մենք այլ զենք ենք օգտագործում կամ իբր անտեղյակ է, որ այդ նույն զենքը մեզ տրվում է անվճար կամ գործարանային գներով։ Նրանք անգամ պատերազմի ժամանակ մնում են նույնը և նրանց թվում է, թե իրենց քայքայիչ գործունեությունը ոչ ոք չի տեսնելու կամ լռելու է։ Պետք է լռեն իրենք, իսկ թշնամու ջրաղացին ջուր լցնելու համար օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրելու պահը գալու է։  

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ