7or.am-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկություններն, ըստ որի՝ ՀՀ վարչապետն իր ներկայացուցչի միջոցով գաղտնի բանակցել է Իլհամ Ալիևի հետ՝ խոստանալով կյանքի կոչել Լևոն Տեր–Պետրոսյանի փուլային ծրագիրը, որի անունը դրել են «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»։ Ասել է թե՝ Փաշինյանը հաստատեց ժողովրդի թիկունքում թշնամու հետ դավադիր գործարք կնքելու իր պատրաստակամության մասին խոսակցությունները։
Սա այնպիսի ատոմային ռումբ է, որից չի կարող շեղել ոչ մի բան, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հետապնդման արդյունք կալանքը։ Ապօրինի կալանքն, անշու՛շտ, պետք է դատապարտվի, բայց դա չէ թիվ մեկ թեման։ Թիվ մեկ թեման Հայաստանի ու Արցախի անվտանգության սպառնալիքն է, որի աղբյուր է ոչ միայն թշնամին, այլ նաև նիկոլական իշխանությունը։
Ադրբեջանցիները տեղեկատվական դաշտում պայթեցնում են այդ ատոմային ռումբը, քանզի այլևս սպասելիք չունեն Փաշինյանից ու հիմա ընդամենը պատերազմի նախապատրաստական փուլն են իրականացնում՝ նախապես մեղավորությունը գցելով Հայաստանի վրա։
Ադրբեջանական կայքի հրապարակումը մոտավորապես նույնն է, ինչ Տեր–Պետրոսյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» տխրահռչակ հոդվածը։ Այդ հոդվածին հաջորդեցին քաղաքական գործընթացներ, որոնք ավարտվեցին 1–ին նախագահի հրաժարականով։
Փաշինյանը Տեր–Պետրոսյանի դոկտրինյորությունը չունի, բայց նույն գծի մեջ է և նույն ճակատագրին է արժանանալու։ Իսկ դա նշանակում է, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների հասնելը դառնում է ազգային անվտանգության ապահովման օրակարգային հարց։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը սուպեր լեգիտիմ են դարձնում ՀՀ իշխանությունների գործողությունները 2008թ․ մարտի 1–ին։ Դատելով ամենից՝ դա ոչ թե իշխանություն–ընդդիմություն բախում էր ընտրությունների արդյունքների վեճի շուրջ, այլ հայ–թուրքական/ադրբեջանական բախում Երևանի կենտրոնում։ Բախում, որը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի ավարտվի թուրքական/ադրբեջանական կողմի հաղթանակով։ Ունեցանք անմեղ զոհեր և բազում վիրավորներ։
Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի լինեն բախումներ՝ դառնալով 10 զոհի պատճառ։ Հենց տեսավ, որ բան չի ստացվում, թռավ դեպքի վայրից։ Հիմա այդ սադրիչը և քիրվայական տիրույթի մարդը դարձել է Հայաստանի ղեկավար։ Ու բնական է, որ պետք է ադրբեջանցիների հետ գաղտնի բանակցի՝ հողերը հանձնելու թեմայով, ինչպես նաև փչացնի հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Բնական է նաև այն, որ Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգ մարդիկ պետք է հեռացնեն նրան իշխանությունից։
Կա՛մ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, կա՛մ մենք երկիր կկորցնենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը