25 09 2020

Փաշինյանի ու Ալիևի «սիրավեպի» մասին. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի ու Ալիևի «սիրավեպի» մասին. Անդրանիկ Թևանյան

 

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի վարած գաղտնի բանակցությունների մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հայտնած տեղեկություններն ալեկոծել են տեղեկատվական ու քաղաքական դաշտը։

Հավաստի՞ են ադրբեջանցիների նետած այդ լուրերը, թե՞ ոչ։ Առաջարկում եմ մի կողմ դնել այդ հարցերը, չտրվել թշնամու քարոզչական դիվերսիային։ Դրա փոխարեն արժե հետադարձ հայացք նետել տեղի ունեցածի վրա։

  1. Նիկոլ Փաշինյանն ու իր կինն իշխանության գալուց հետո սկսել են խաղաղասիրություն քարոզել՝ հայտարարելով, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, որ Մեհրիբանը կարող է գալ Ստեփանակերտ ու մուղամ լսել և այլն։
  2. Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ հակամարտության լուծման բանաձևը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Ադրբեջանի ժողովրդին։ Իսկ ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը Ղարաբաղը տեսնում է իր կազմում։ Թե ինչպես կարելի է նման դեպքում բավարարել 3 կողմին, միայն Փաշինյանը կիմանա։

Ի դեպ, ՀՀ վարչապետը համառորեն չի օգտագործում «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս» ձևակերպումը՝ փոխարենը շրջանառության մեջ դնելով «ինքնորոշման իրավունքի իրացում՝ առանց սահմանափակումների» լղոզված և երկիմաստ նախադասությունը։

  1. Հայտնի է, որ Փաշինյանն ու իր որոշ թիմակիցները մինչև իշխանության գալը հակառուսական գործունեություն են ծավալել։

Փաշինյանը Կրեմլին էր մեղադրում ապրիլյան պատերազմի համար, առաջարկում էր ԵԱՏՄ–ից դուրս գալ։

Փաշինյանի թիմակիցները տարիներ շարունակ ՀՀ–ում ռուսական դեսպանատան դիմաց հակառուսական ցույցեր էին կազմակերպում ու պահանջում դուրս բերել ռուսական ռազմաբազան Գյումրիից։

Այս մարդիկ հիմա բարձր պետական պաշտոնների են Հայաստանում՝ վարչապետից մինչև պատգամավոր, նախարարից մինչև ուժային կառույցների ներկայացուցիչներ։

  1. Փաշինյանը չէր կարող չիմանալ, որ գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործ հարուցելն ու կալանքի տանելը հարվածելու է ՀԱՊԿ–ի հեղինակությանը, չի ընդունվելու ռուսների կողմից ու վատացնելու է հայ–ռուսական հարաբերությունները։ Նա գիտեր, բայց այդուհանդերձ գնաց այդ քայլին։

Կալանքը, ինչպես պարզվեց գաղտնալսումներից, մի կերպ է չեզոքացվել, բայց գործ հարուցելուց և աշխարհով մեկ ՀԱՊԿ–ին խայտառակ անելուց չհրաժարվեցին փաշինյանենք, ինչը տեղավորվում է հակառուսական քայլերի տրամաբանության և ԱՄՆ այն օրերի բարձրաստիճան պաշտոնյա Բոլթոնի Երևանում հնչեցրած՝ «Կարծրատիպերից հրաժարվելու» կոդի մեջ։

  1. Փաշինյանին Մոսկվայում ուղիղ էր ասվել, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումը չի ողջունվում, և որ նրա կալանավորումը կփչացնի հայ–ռուսական հարաբերությունները։ Անգամ ՌԴ արտգործնախարար Լավրովը ստիպված եղավ հրապարակավ հայտարարել, որ ՀՀ իշխանությունները խաղի կանոն են խախտում՝ քաղաքական հետապնդում իրականացնելով նախկին նախագահի դեմ, սակայն Փաշինյանը Մոսկվային պատասխանեց, որ ռուսները պետք է ադապտացվեն թավշյա հեղափոխությանը։ Դա նույնպես տեղավորվում էր Մոսկվայի կշիռը մեր երկրում թուլացնելու տրամաբանության մեջ։
  2. Փաշինյանը Դուշանբեում սկիզբ առած «վերելակային» դիվանագիտության շրջանակներում շփման գծում կրակի դադարեցման շուրջ համաձայնության եկավ Ալիևի հետ։ Այդպիսով փաստացի «ջրվեցին» քառօրյա պատերազմից հետո Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները՝ հրադադարի խախտման դեպքերի միջազգային մոնիտորինգի իրականացման թեմայով։

Փաշինյանը Դուշանբեից հետո հայտարարեց, որ Բաքվի հետ օպերատիվ կապ է ստեղծվել և երկու ղեկավարներով պայմանավորվել են չկրակել (երբ կրակոցներ այդուհանդերձ լինում էին, Փաշինյանը հայտարարում էր, որ դա ղարաբաղցի որոշ դավադիրների ձեռքի գործը կարող է լինել, քանզի նրանք այդպիսով ուզում են ՀՀ վարչապետին վնասել․ նրա այդ խոսքերը քարոզչական նվեր էին ադրբեջանական կողմին)։

 «Վերելակային» դիվանագիտության արդյունքում, իրոք, սկսեցին քիչ կրակել, բայց հետաքրքիր է արձանագրել, թե ով ինչով էր զբաղված այդ հարաբերական անդորրի փուլում։

Նիկոլ Փաշինյանը զբաղված էր քաղաքական հետապնդումներով՝ ամեն գնով կալանքի տակ պահելով Քոչարյանին, քրգործեր հարուցելով իր համար անցանկալի մարդկանց դեմ, փորձելով իր կրնկի տակ առնել իշխանության բոլոր ճյուղերը և զուգահեռաբար հայ ժողովրդին քարոզչության միջոցով պատրաստելով խաղաղության։ Իսկ ահա Ալիևը չկրակելու փուլն օգտագործեց շփման գծի երկայնքով ինժիներական աշխատանքներ կատարելու և Նախիջևանի կողմից դեպի մեզ առաջ գալու համար։

Ուշագրավ է, որ ամեն մի ոչ էական թեմայով գրառում անող կամ «լայվ» մտնող Փաշինյանը չարձագանքեց Ալիևի այն հայտարարությանը, թե ՀՀ նոր իշխանություններն Ադրբեջանի նախագահից ժամանակ են խնդրել՝ ներքին կյանքում սեփական դիրքերն ամրապնդելու և Ղարաբաղի հարցում հետագայում զիջումների գնալու պատրաստակամության դիմաց։

  1. Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ Արցախի հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ չկան, այլ կան հանդիպումներ, քննարկումներ, զրույցներ։ Մինչդեռ և՛ ինքը, և՛ ՀՀ արտգործնախարարը բազմիցս ու երկարատև բանակցություններ են վարել։ Ընդորում՝ վարել են տխրահռչակ փուլային տարբերակի շրջանակներում։ Փուլայինի մասին հայտարարեց Լավրովը, ում ասածները պաշտոնական Երևանը չհերքեց։

Ի վերջո, Փաշինյանը ստիպված էր ընդունել, որ բանակցում է։ Նա հրապարակեց իր «մյունխենյան սկզբունքները», որոնք զրոյական նշանակություն ունեն բանակցային գործընթացի համար, քանզի ուշադրության չեն արժանացել ո՛չ միջնորդների, ո՛չ Ադրբեջանի կողմից։

. . .

Վերը նշվածները հայտնի փաստեր են։ Հետևաբար՝ ադրբեջանական մամուլի հրապարակածը ո՛չ նորություն կարելի է համարել, ո՛չ էլ սենսացիոն։ Ամեն ինչ վաղուց էր երևում ու վաղուց էր հայտնի։

Մեզ այլ տեսանկյունից պետք է հետաքրքրեն վերջին շրջանում ադրբեջանցիների ու թուրքերի համատեղ տեղեկատվական գրոհները։

Էականն այս պատմության մեջ այն է, որ Ալիևը, օգտվելով արտաքին քաղաքական ոլորտում և մասնավորապես բանակցություններում պաշտոնական Երևանի թույլ տված կոպիտ սխալներից, բանակցային գործընթացի վիժեցումը մեր վրա գցելու, պատերազմի պատասխանատվությունը մեր վրա դնելու և Թուրքիային խաղի մեջ ներգրավելու հսկայական հնարավորություն է ստացել։ Սրա՛ մասին է պետք մտածել։ Թե չէ բոլորս էլ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը քիրվայական միջավայրում քաղաքական մկրտություն ստացած գործիչ է, որ մտածողությամբ Լևոն Տեր–Պետրոսյանի կոդի մեջ է, և որ տարիներ շարունակ հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական քարոզ է տարել իր թերթով։

2008–ի մարտի 1–ին ո՞վ էր հայտարարում, որ «Այսօր մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ