18 09 2020

Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ՝ դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել․ Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել փորձագետների հետ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից։

- Դուք էլ նշեցիք, որ այսօրվա իշխանությունների մեղադրանքներից մեկը կապված է Ղարաբաղի սուվերենության հարցի հետ։ Դուք բերեցիք օրինակը՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», և շատ է խոսվում այն մասին, որ Ղարաբաղի այսօրվա նախագահը փաստորեն, մեղմ ասած, այդքան ազատ չէ իր դիրքորոշումներում։ Ես կուզենայի, որ անդրադառնայիք, թե Ձեր ժամանակ ո՞նց էր, որովհետև օրերս հեռուստաալիքներից մեկով Գառնիկ Իսագուլյանն ասում էր, որ Դուք նույնիսկ հակասություններ եք ունեցել Արկադի Ղուկասյանի հետ, ամիսներ են եղել, որ նույնիսկ չեք խոսել հետը, այդքան սուվերեն է եղել այդ տարիներին Ղարաբաղի իշխանությունը։ Որպես օրինակ էր բերում, որ Արթուր Մկրտչյանը հակասություններ ուներ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Դուք ունեիք Ձեր հակասությունները։ Արդյո՞ք դա այդպես է, թե՞ մի քիչ չափազանցված է մոտեցումը։

Ռոբերտ Քոչարյան – Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ՝ դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել։ Այն ինստրուկցիան է, որտեղ պետք է կարմիր գույնով գրած լինի՝ մի՛ արա։ Որովհետև առաջինը՝ նույնը չէ։ Ղարաբաղում իմ նախագահության ժամանակ մենք Հայաստանի հետ միշտ եղել ենք գործընկեր, ունեցել ենք լուրջ հակասություններ, երբեք այդ հակասությունները հանրային քննարկման թեմա չենք դարձրել։ Բայց եղել են՝ Քելբաջարի վերադարձի շուրջ, Աղդամի և մյուս շրջանների ազատագրման հարցերի շուրջ։ Այո, եղել են լուրջ հակասություններ, բայց մենք մեր գործը արել ենք և հետո նստել բանակցային սեղանի շուրջ, փորձել եզրեր գտնել, բարիշել, չթշնամանալ, բայց մեր հեռահար նպատակները չենք զիջել միայն նրա համար, որ մեր հարաբերությունները լավ լինեն։ Չենք հրաժարվել։ Եվ, ի պատիվ այն ժամանակվա իշխանություններին, կարող եմ ասել, որ նրանք էլ այդ հարաբերությունների լարվածությունը չէին վերածում ինքնանպատակի Ղարաբաղին ինչ-որ տեղ ճնշել, փողից զրկել, ֆինանսովորումը կանգնեցնել, սպառազինություն չուղարկել։ Այդպիսի բան չի եղել։ Հիմա վտանգը դրա մեջ է։ Մենք եղել ենք գործընկեր։ Հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա։ Ես սրա մեջ շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Առաջինը, մենք բանակցային գործընթացում տարբեր մոտեցումներ լյուֆտն ենք կորցնում, որովհետև եղել են ժամանակներ, երբ ուղղակի Տեր-Պետրոսյանը ասում էր՝ հիմա ղարաբաղցիք ինձ չեն լսում, ի՞նչ անեմ, գնացեք համոզեք։ Եվ դա թատրոն չէր, դա բնական իրավիճակ էր, բան չէր կարող ասել։ Դու ում ուզում, Ղարաբաղում գործից ազատել ես տալիս, ում ուզում ես՝ նշանակել ես տալիս։ Չես կարող ասել, որ ղարաբաղցիք չեն ընդունում այս կամ այն մոտեցումը։ Հիմա գործընկերոջ կարգավիճակից ենթակայի կարգավիճակի բերելը ծանրագույն վնաս է հասցնում ամբողջ գործըթացին և, ի դեպ, Ղարաբաղի անվտանգությանը։ Ես մի քիչ ընդհանրացնում եմ, բայց նաև չեմ մոռանում կոնկրետ հարցը։ Այո, հակասություններ եղել են։ Չի եղել, որ Արկադի Ղուկասյանի հետ ամիսներով չշփվեմ, բայց Արկադի Ղուկասյանը համառորեն պաշտպանում էր, և Ղարաբաղն, ընդհանրապես, շատ ավելի ռադիկալ պետք է լինի բանակցային գործընթացում, քան Հայաստանը։ Բաներ կար, որ ինձ դուր չէր գալիս, բայց սրտի խորքում, համոզված եմ, որ ճիշտ է անում, և ուրախ էի, որ ճիշտ է անում։ Էդ պահին կարող է մի քիչ դուրդ չգա, բայց հաջորդ օրը ասում ես՝ ճիշտ է անում։ Նույնացումը ամենից վտանգավոր բանն է։

Տեսանյութն ամբողջությամբ՝ երկրորդ նախագահի Youtube-ի պաշտոնական էջում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ