«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարություն է տարածել, անդրադառնալով վարչապետի աղմկահարույց գրառմանը․
«Նիկոլ Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս
Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։
Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում։
Ուրեմն՝ հակազդեցությունը պետք է լինի ոչ թե միջանձնային մակարդակում, այլ՝ համընդհանուր։ Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական»։
Հիշեցնենք, որ վարչապետն իր էջում գրել էր․
«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ։ Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:
Աջակցել, միանշանակ աջակցել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը