15 09 2020

Նիկոլակրատիա. Փաշինյանը տարավ իր հերթական հաղթանակը ժողովրդավարության նկատմամբ․ 168.am

Նիկոլակրատիա. Փաշինյանը տարավ իր հերթական հաղթանակը ժողովրդավարության նկատմամբ․ 168.am

Քաղաքական ու հանրային ընկալմամբ՝ սահմանադրական կարգի տապալումը կամ իշխանության բռնազավթումը տեղի է ունենում միայն ընտրությունների կեղծման, իշխանության ուզուրպացիայի այլ դրսևորումներով։ Բայց հայկական իրականությունը ցույց է տալիս, որ սահմանադրական կարգի տապալումը կամ իշխանության ուզուրպացիան կարող է կատարվել նաև խորհրդարանի դահլիճում, ուղիղ եթերով, հազարավոր հպարտ քաղաքացիների աչքի առաջ։

Երեկ հենց դա էր տեղի ունենում Հայաստանի խորհրդարանում՝ իշխանությունն ընտրում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների։ Ընտրում էր ամենայն պաթոսով ու իրավականության մասին բարձրագոչ կարգախոսներով։ Բայց երեկ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան երկրում, պատկերավոր ասած՝ սահմանադրական իշխանության բռնազավթման հերթական՝ թերևս, վերջին արարը՝ դատավորների ընտրության տեսքով։

Նախորդող ամիսներին իշխանությունը հասցրել էր համապատասխան «իրավական» միջոցներով իրականացնել սահմանադրական իշխանության բռնազավթման օրենսդրական հիմքերի ստեղծումը, երեկ էլ վերջնականացնում էր գործընթացը՝ կրկին նոր դատավորներ ուղարկելով ի բնե ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան։ Այս պայմաններում նոր դատավորների անուններն ու ազգանունները երկրորդական-երրորդական նշանակություն ունեն, որովհետև եթե Երվանդ Խունդկարյանի փոխարեն ՍԴ գնար Աբրահամ Լինքոլնը, Էդգար Շաթիրյանի փոխարեն էլ՝ կարդինալ Ռիշելյեն, դրանից Հայաստանի Սահմանադրական դատարանի հակաիրավական ու հակասահմանադրական էությունը չէր փոխվելու։ Գործող իշխանությունը սահմանադրական իշխանության բռնազավթման ճանապարհին այնքան հեռուն է գնացել, որ ՍԴ-ի լեգիտիմությունը հնարավոր է վերականգնել միայն իշխանափոխության ու իսկապես նոր, լեգիտիմ Սահմանադրական դատարանի կազմավորման ճանապարհով։ Իսկ մինչ այդ երկրում «սահմանադրական արդարադատությունն» իրականացնելու է մի կառույց, որի ինստիտուցիոնալ հիմքերը ոչ լեգիտիմ են, ինչը նշանակում է, որ խնդրահարույց ու վիճահարույց կարող են դառնալ նաև այդ մարմնի կայացրած բոլոր որոշումները։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ պետությունը կարող է ներքաշվել սահմանադրական ճահճի մեջ՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով։

Սահմանադրական դատարանի հպատակեցմամբ Նիկոլ Փաշինյանը տարավ իր հերթական հաղթանակը ժողովրդավարության նկատմամբ։ Բայց նրա հաղթարշավը ժողովրդավարության դեմ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանական ընդդիմությունն առաջնորդվում է նախկին իներցիայով ու ցուցաբերում է առավելագույնը պասիվ դիրքորոշում, ինչպես վարվեց երեկ՝  ՍԴ դատավորների քվեարկությունը բոյկոտելով։ Իսկ դրա խորքային պատճառն այն է, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվող որևէ ուժ իր խնդիրը չի համարում ժողովրդավարության պաշտպանությունը՝ կենտրոնանալով միայն իշխանության դեմ պայքարի, կարճ ժամանակում իշխանությունը փոխելու նպատակների վրա։ Բայց այս իշխանության դեմ պայքարում հաջողության հասնել հնարավոր չէ առանց ժողովրդավարության պաշտպանության, որովհետև միայն ժողովրդավարական ճանապարհով կարելի է փոխել այն իշխանությանը, որն ամեն օր դառնում է ավելի ավտորիտար՝ Հայաստանն աստիճանաբար վերածելով նիկոլակրատիայի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ