28 08 2020

Ռոբերտ Քոչարյանի բանաձևերը

Ռոբերտ Քոչարյանի բանաձևերը

 

Top-News.am-ը գրում է.

Տնտեսական վերլուծաբանների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիպուկ գնահատականներ տվեց տնտեսության առկա իրավիճակին, նշեց, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից, կիսվեց իր հարուստ փորձով, որը լեցուն էր զարգացմանը միտված բանաձեւերով:

 Վարկերով բիզնեսին չես օգնի

 «Փրկել բառն եմ օգտագործում, որովհետեւ մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած: Խոսքը պետք է լինի ոչ թե արտոնյալ վարկերի մասին, այլմի շարք միջոցառումների մասին: Առաջին հերթին հարկային արտոնություններ, օրինակ մեկ տարի չհարկել ոլորտը որեւէ հարկատեսակով եւ այլն: Պետք է համալիր միջոցառումներով առաջ գնալ: Երբ բիզնեսն ամբողջությամբ կանգնած է, դու արտոնյալ վարկ տալով խնդիր չես լուծում, միայն վարկային բեռն ես ավելացնում այդ բիզնեսի վրա»,- հանդիպման ժամանակ շեշտել է Ռոբերտ Քոչարյանը:

Սա այն բանաձեւն է, որին պետք է տիրապետի ցանկացած իշխանություն: Ցավոք, այսօր կանգնած ենք այնպիսի իրավիճակում, երբ կառավարող ուժը ոչ թե նպաստում է բիզնեսի զարգացմանը, այս ծանր իրավիճակում գոնե առկա ներուժի պահպանմանը, այլ իր գործողությւոններով իրավիճակն ավելի է վատթարացնում, նորանոր վարկերով բիզնեսին դնում ավելի ծանր վիճակում:

 Իսկապես, սովորական վարկը ներկայացնել որպես արտոնյալ վարկ հերթական աչքակապությունն է, հերթական ամպագոռգոռ հայտարարությունը:

«Քայքայված բիզնեսը հնարավոր չի լինելու 1-2 ամսում վերականգնել, տարիներ են պահանջվելու: Սա պարզ ճշմարտություն է, որը իմ կարծիքով չեն հասկանում: Գիտե՞ք ինչու չեն հասկանում, որովհետեւ այնտեղ ոչ մեկը իր կյանքում հինգ աշխատատեղ չի ստեղծել»,- ընդգծել է Ռոբերտ Քոչճարյանը:

 Եւ իրականությունը, անցած 2-2.5 տարում կառավարող ուժի արած գործողությունները, չարած քայլերը վկայում են հենց այս մասին: Մերժել ցանկացած առողջ առաջարկ, չքննարկել ոչ մի այլընտրանքային լուծում. Սա այս կառավարության կարգախոսն է, որի դառը պտուղները ճաշակում են ՀՀ քաղաքացիները:

 

Համավարակը եւ տնտեսությունը

 Այն, որ կառավարությունը, կառավարող ուժը տապալել է համավարակի դեմ պայքարը, միաժամանակ ավերելով տնտեսությունը, ծանր հարված հասցնելով գործատուներին եւ շատ ոլորտներում աշխատող շարքային ՀՀ քաղաքացիներին արդեն գիտեն շատերը: Եւ միայն համեմատությունը հարեւան Վրաստանի հետ շատ հարցերի պատասխան է տալիս:

 Այն միջոցառումները, որ արվում է համավարակից տուժածներին աջակցելու համար, ակնհայտորեն թերի են եւ բավարար չեն: «Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն: Եթե այս պայմաններում դուք նույնիսկ այդ քայլերը չանեք, ապա ինչո՞վ պետք է զբաղված լինեք ընդհանրապես: Պետք է պարզապես հիշել, թե ինչի համար է կառավարությունը եւ իշխանությունը: Իրենց գրպանից չի այդ ամենը, իրենք պետք է ճիշտ կառավարեն, ճիշտ եկամուտներ ստանան, տնտեսությունը զարգանա, դժվար պահերին պետք է այո, մարդկանց կողքին, բիզնեսների կողքին կանգնել»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը: Ցավոք, այս բանաձեւին եւս կառավարող ուժը չի տիրապետում, եւ իրոք, հաճախ ենք համոզվում, որ իրենց թվում է, թե վճարված աշխատավարձը կամ կենսաթոշակը, տրված վարկերը, արած ասֆալտապատումը ոչ թե պարտականություն է, այլ լավություն, որը կարող էին եւ չանել: Հենց սա է պատճառներից մեկը, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է աղետալի վիճակում:

 Բնապահպանությունը եւ հանքարդյունաբերությունը

 Ռոբերտ Քոչարյանի եւ տնտեսական վերլուծաբանների հանդիպմանը իշխանությունների նյարդային արձագանքը եւս մեկ անգամ վկայում է, որ նրանք ոչինչ չունեն հակադրելու նրա ասածներին, բերած փաստերին, տված գնահատականներին:

 «Այն, ինչ կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության հարց է, այլև պետական կառավարման ձախողման»,- ասել է Քոչարյանը եւ նրա հետ չհամաձայնվելը շատ դժվար է:

 Այո, հենց պետական կառավարման ձախողումն է հանգեցրել նրան, որ այսօր Ամուլսարի շուրջ կրքերն այնքան են թեժացել, որ ամեն վայրկյան կարող են արյունալի բախումներ լինել:

 «Հասկանում եմ այդ մարդկանց, բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի», - նշել է Ռոբերտ Քոչարյանը: Իսկապես, այն ինչ պետք է աներ, անի պետությունը, անում են ակտիվիստները:

 «Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր, բայց որոշումը պետք է կայացնի պետությունը: Պարգեւավճար, աշխատավարձ ստանում եք որոշում կայացնելու համար, որոշում կայացրեք: Միաժամանակ, չի լինելու որոշում, որը բոլորին կբավականեցնի», - ասել Ռոբերտ Քոչարյանը, որը մի շատ պարզ լուծում է առաջարկում:

 

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Ջերմուկից քիչ հեռավորությամբ բաց հանքի շահագործումը, որը ենթադրում է պայթեցումներ, անթուլատրելի է, անթույլատրելի է նաեւ հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը: Որպես լուծում՝ Քոչարյանն անգամ առաջարկ է արել․

 «Կարելի է առաջարկել հանքի փակ շահագործում եւ հարստացուցիչ ֆաբրիկայի հեռացում: Համոզված եմ՝ ոսկու այս գների պարագայում կհամաձայնեն: Չհամաձայնեն՝ այլ ընկերություն կհամաձայնի: Բայց չեն առաջարկում, հաշվարկ չեն անում»:

 Ինչպես կառավարել պետությունը

 Վերլուծաբանների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը պատմում թր, թե ինչ ջանքերի արդյունքում են Հայաստանում ներդրումներ արվել, եւ կարեւորը՝ ինչու համար: Նա սվորոցնում էր, թե ինչպես է պետք ղեկավարել երկիրը, զարգացնել եւ առողջացնել պետությունը: Դրա համար նախ եւ առաջ բանակցություններ վարելու, խնդիրները հասկանալու եւ առաջնայինը երկրորդայինից տարբերելու շնորհք է պետք, տաղանդ է պետք:

 Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տարիներին, ինչպես նաեւ այս քննարկումներում ապացուցում է, որ ունի տնտեսությունը հասկանալու, պետությունը հմտորեն կառավարելու տղանդ: Նա օժտված է այն գծերով, որը, ցավոք, բացակայում է այսօրվա կառավարիչների մոտ:

 Քոչարյանն ունի երկրի զարգացման բանաձեւեր: Նա կարող է այդ բանաձեւերով երկիրը հանել այս վիճակից, ավելին, անգամ նա հուշում է գործող իշխանություններին, բայց, նրանց մակարդակը, տեսակը թույլ չի տալիս օգտվել ոչ նրա, ոչ մյուսների խորհուրդներից եւ հուշումներից:

 Ի վերջո, կառավարող ուժի ներկայացուցիչները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող անել այն, ինչ առաջարկում է Քոչարյանը, քանի որ նրանք բանակցել չգիտեն: Այս ընթացքում նրանք միայն հարաբերություններ են փչացրել, չստեղծելով այլընտրանքային կապեր: Իսկ առանց բանակցելու արվեստի ոչինչ հնարավոր չէ անել:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ