ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը պետք է սրբագրվի
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ հարկ եմ համարում հրապարակային անդրադառնալ Արցախի Հանրապետության նախագահի հայտարարությանը, որը հնչեցրել է նրա մամուլի խոսնակը։
Վերջինս մասնավորապես հայտարարել էր․ «Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։
Արցախի Հանրապետությունը մշտապես եղել և շարունակում է մնալ համահայկական միասնականության առանցքը, իսկ Արցախի նախագահի ինստիտուտը՝ այդ միասնականության խորհրդանիշը։ Հատկապես Արցախում պետք է մերժվի հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու կործանարար մոտեցումը։ Անհնար է պատկերացնել, մտածել կամ երևակայել, որ Արցախի Հանրապետության նախագահը հանդիպում է միայն այն ուժերի հետ, որոնք «օրհնված են Փաշինյանի կողմից»։
Մեծապես ցավում եմ այս հայտարարության համար․ այն իր բնույթով աննախադեպ է, քանի որ չի բխում Արցախի Հանրապետության նախագահի, ընդհանրապես Արցախի շահերից և չի կարող պաշտպանության արժանանալ Հայաստանի ներկա իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, ուստի հայտարարությունը պետք է անհապաղ սրբագրվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը