19 08 2020

Ապրիլյան քառօրյայում մենք հաղթել ենք, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել․ Արթուր Թովմասյան

Ապրիլյան քառօրյայում մենք հաղթել ենք, դրանում ոչ մի կասկած չի կարող լինել․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը գրում է․

«2016-ին հայկական կողմը հաղթել է և կասեցրել է ադրբեջանական ագրեսիան։

Ինչպես հայտնի է, նախորդ տարվա մայիսին անձամբ Նիկոլի հանձնարարությամբ ձևավորվեց և իր ընթացիկ աշխատանքները սկսեց 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին Նիկոլը ասել էր, թե «հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը»:

Հատկանշականն այն է, որ Նիկոլը ու թիմակիցներն իշխանության գալուց հետո սկսեցին տոտալ կերպով շահարկել Ապրիլյան քառօրյայի թեման, ի դեպ, անհարկի, քանի որ նման նուրբ թեմայի ցանկացած շահարկում իր մեջ առանցքային ու խորքային թեմաներ է պարունակում, որոնց բովանդակությունը «բաց» ձևաչափով քննարկման ենթակա չէ։Ասեմ ավելին՝ ամեն անգամ այս թեման հերթական անգամ արհեստականորեն քաղաքական «ռակուրսով» ծամծմելուց հետո ևս մի անգամ արժեզրկվում են այն պայքարն ու կյանքերը, որոնք դրվել են Ապրիլյան հաղթանակի համար։

Երևի թե շատերս ենք հիշում, որ քառօրյայի օրերին տեղեկատվական դաշտում մանիպուլյացիաների «շքերթն» ապահովում էին դաշտում գործող արևմտյան գումարներով ֆինանսավորվող լրատվամիջոցները և այդ թևին հարող ներկայացուցիչները՝ իրենց սոցցանցային գրոհներով որոնք այսօր արդեն կազմում են իշխանության մաս։ Այն ժամանակվա իշխանությունների կողմից համապատասխան պարզաբանումներ և հստակեցումներ չստանալով՝ ընդդիմադիր սեգմենտն իր կողմից միֆականացված մի շարք առանցքային թեզեր օգտագործեց սեփական քաղաքական ամբիցիաների համար (զինվորները փափուշտ չեն ունեցել, դիրքերում խոտ են կերել, կռվել են բահերով, սպաները հստակ հրամաններ չեն տվել, տանկերը մարտկոց ու դիզվառելիք չեն ունեցել, և այլն)։

Մեր հանրության համար գուցեև անակնկալ, բայց այդ օրերի ռազմաքաղաքական ղեկավարության համար լրիվ նորմալ ընկալվեց այն փաստը, երբ վերը նշված մտացածին միֆերը պայթեցվեցին հենց Ապրիլյան քննիչ հանձրաժողովի կողմից, որը, հանուն արդարության պետք է նշել, որ նախապես ստեղծվել էր՝ փաշինյանական կոնգլոմերատի քիմքին ծառայելու համար։ Չնայած Նիկոլը քննիչ հանձնաժողովի նախագահ էր նշանակել ՀՀՇ նախկին «սաստավի» ամենաանհաջող կադրերից մեկին՝ Անդրանիկ Քոչարյանին, և որքան էլ նա ի սկզբանե իր տարբեր ելույթներով բավականին բացասական տրամադրվածություն ուներ, հանձնաժողովի աշխատանքների ավարտին, սակայն, անձամբ հայտարարեց, որ «հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում շատ միֆերի հստակ պատասխաններ տվեց»։

Անկեղծ ասած ապրիլյան հերոսամարտի և ռազմական գործողությունների մասին կարելի է երկար խոսել, քննարկել նրա տարբեր կետեր և պատերազմի հետ առնչվող այլ նրբություններ, սակայն մի բան աներկբա է․ ապրիլյան քառօրյայում մենք հաղթել ենք, ու դրանում ոչ մի կասկած չկա և չի կարող լինել, անկախ այսօրվա իշխանության շրջանակներից եկող անմեղսունակ հայտարարություններից, և ամենատարօրինակն այն է, որ պատերազմական գործողությունների և բանակի մասին այսօր հայտարարություններ են անում այնպիսի կերպարներ, որոնք անգամ ամենափոքր պատկերացումները չունեն սահմանագծի և պետական սահմանը պահելու մասին։ Դա հաղթանակ էր, քանի որ, ըստ էության, պարտվել էր հարձակվող կողմը, ով մի քանի անգամ գերազանցում էր և թվաքանակով, իսկ հարձակման ընթացքում օգտագործել էր իր զինանոցում ունեցած գրեթե բոլոր զինատեսակները։

Հ.Գ. Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ-ում քայլած իշխանությունը բռնազավթած ռեժիմը չկարողացավ օգտվել ապրիլյան քառօրյայից հետո հայկական կողմի բարելավված բանակցային դիրքերից և դեմագոգիկ հայտարարությունների արդյունքում Արցախի բանակցային գործընթացում ունեցած ձեռքբերումներն ուղղակի քամուն տվեց՝ փորձելով ամեն ինչ սկսել նոր մեկնարկից, սակայն, ինչպես տեսնում ենք, վերջին երկու տարվա ընթացքում բառացիորեն ոչ մի շոշափելի տենդենց գոյություն չունի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ