Բելառուսում ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են Մինսկի Անկախության հրապարակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հավաքվածները բողոքական երգեր են երգում և կարգախոսներ հնչեցնում: Թղթակցի գնահատմամբ՝ հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվել:
Բելառուսում բողոքի ցույցերն անցկացվում են 9-րդ օրն անընդմեջ: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պաշտոնական տվյալներով՝ ցույցերի առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընդդիմությանն աջաջարկել էր նախագահական ընտրություններից հետո ձայների վերահաշվարկ անել: Լուկաշենկոյի խոսքով՝ ընդդիմությունը հրաժարվել է և պնդում է, որ նոր ընտրություններ անցկացվեն:
Բողոքի ցույցերի ժամանակ երկու մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը