Aravot.am-ում ներկայացված է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատականները«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունների վերաբերյալ.
«Լսեցի իմ բարեկամ (հուսով եմ ոչ նախկին) Էդմոն Մարուքյանի զրույց-գանգատը՝ քաղաքական ուժերի վարկանիշների, ՀՀԿ-ի, ՀՀԿ-ի և Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ համագործակցության, իշխանության այլընտրանքի և այլնի մասին։ Նախ, սոց․ հարցումների և քաղաքական ուժերի վարկանիշների մասին։ Կարծում եմ, որ Հայաստանում ոչ մի լուրջ մարդ չի հավատացել և չի հավատում սոց․ հարցումներին։ Եվ հանկարծ Էդմոն Մարուքյանը հավատալով ինչ-ինչ հարցումների, հավաստիացնում է, որ ինչպես 2018թ․, այնպես էլ ներկայումս, ամենաբարձր վարկանիշն ունեն և հնարավոր նոր ընտրություններում նորից ԱԺ կանցնեն միայն խորհրդարանական երեք ուժերը։
Թերևս, եթե Էդմոն Մարուքյանը շարունակեր վարկանիշային թեման, կհայտարարեր, որ այժմ Լուսավորը վարկանիշով նույնիսկ առաջ է Բարգավաճից։ Անկախ սոց․ հարցումներից, իմ տպավորությամբ Հայաստանի ժողովրդի ավելի քան 30%-ը միշտ ձայն է տալիս գործող իշխանությանը («Մեկ ա, բան չի փոխվի․․․ Հանկարծ ավելի վատ չլինի․․․Մեկ ա սրանք են կրելու են, հանկարծ չիմանան, որ իրենց չեմ ընտրել․․․ Ախպորս հանկարծ գործից չհանեն․․․ և այլն»)։ Այսպես , եթե չլինեին համատարած կեղծիքներ, 1995թ․ միևնույնն է ՀՀՇ-ն կհավաքեր շուրջ 30%, նույնը ՀՀԿ-ն՝ 2017թ․։ Իսկ հետո, այդ նույն ժողովուրդը, իշխանափոխություններից հետո, 1999թ․ ՀՀՇ-ին, 2018թ․ ՀՀԿ-ին 5%-ից քիչ ձայներ տվեց և այդ նույն ժողովուրդը երկու անգամ էլ քվեարկեց, արդեն նոր իշխանության օգտին։ Այնպես որ, անկախ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումից, ժողովրդի պահպանողական և երկչոտ հատվածը նրան է ձայն տալու հերթական ընտրություններում, եթե․․․ Իսկ հնարավոր եթեի դեպքում, Նիկոլ Փաշինյանն, ինչպես իր նախորդները չի հավաքի նույնիսկ 5% ձայներ։
Այն, որ ՀՀԿ-ի խիստ քննադատությունները Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչ-որ չափով շատերին զսպում են նրան դեմ լինելու հարցում, կարելի է թերևս համաձայնել։ Եվ, այո՛ Նիկոլ Փաշինյանը հմտորեն օգտվում է, հանրության շրջանում առայժմ նախկինների նկատմամբ խիստ բացասական վերաբերմունքից և «նախկիններ, կոռումպացվածներ, շնաբարո դուրսպրծուկներ» անվանելով, շանտաժի ենթարկում բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են։ Բայց, հարգելի Էդմոն, ո՞վ կմտածեր, որ 1988թ․ Կարեն Դեմիրճյանի, իսկ 1998թ․ Լևոն Տեր-Պետրոսյանի անփառունակ հեռացումներից հետո, նրանք նորից տրիումֆով կվերադառնան։ Այնպես որ, առայժմ վաղ է վստահ ենթադրություններ անել նախկինների, որպես արդեն անհույս հեռանկար ունեցող քաղաքական ուժի մասին։ Իսկ, որ ապագայում Նիկոլ Փաշինյանին գահընկեց է անելու այն ուժը, որը մշտապես խիստ քննադատում է նրան, կարծում եմ անվիճելի է՝ դա կլինի ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, թե նորաստեղծ կուսակցությունները։ Այնպես որ՝ դավադրություններ փնտրել իբր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի միջև համագործակցության շուրջ՝ լուրջ չէ։
Իսկ ընդդիմության դրոշը վերցնելու ամենամեծ հնարավորությունը տրված էր հենց Էդմոն Մարուքյանին և նրա գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպես խորհրդարանական, ուստի և ավելի մեծ լսարան և հնարավորություններ ունեցող քաղաքական ուժի։
Սակայն, հարգելի Էդմոն, տպավորություն է ստեղծվել, որ դուք և ձեր կուսակիցները, այո՛ «խստորեն» քննադատում եք Նիկոլ Փաշինյանին, այդ պատճառով, երբեմն ԱԺ-ում վիրավորանքների եք արժանանում, նույնիսկ հարձակման ենթարկվում, բայց ․․․ քննադատում եք թույլատրելիի սահմաններում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի համար զգայուն հարցերում, մեղմ ասած, ձեր պահվածքն անհասկանալի է։ Այդ զգայուն հարցերից էր ՍԴ-ի մասին «օրենք»-ով, նույն ՍԴ չդիմելը (իհարկե, մինչ այդ նույն ՍԴ-ի հանրաքվեի հարցով, կարծես պատրաստվում էիք ՍԴ դիմել, բայց արդյոք ձեզ չէիք ապահովագրե՞լ, համոզված լինելով, որ ԲՀԿ-ն չի միանա, հակառակ դեպքում անհասկանալի էր ձեր հետագա պահվածքը), Արցախի հիմնահարցով ձեր անորոշ կեցվածքը և այլն։
Այստեղ կարելի է ենթադրություններ անել․ կամ դուք սարսափում եք, որ հանկարծ ձեր և մյուս ընդդիմադիր ուժերի, օրինակ ՀՀԿ-ի կարծիքները չհամընկնեն, ուստի և աստված չանի, որ ձեզ հայհոյեն և շանտաժի ենթարկեն ՀՀԿ-ի հետ համագործակցելու մեջ, կամ արդեն Նիկոլ Փաշինյանից սարսափելով՝ դեմ չեք գնում, իսկ իրականում համագործակցում եք իշխանության հետ, իհարկե պահպանելով ընդդիմադիր դեմքը՝ բոյկոտելով քվեարկությունները, քանի որ միևնույնն է Նիկոլ Փաշինյանը բավարար ձայներ ունի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը