Երեկ հնչեց հետհեղափոխական Հայաստանում ամենաաբսուրդային ձևակերպումներից մեկը։ Կառավարության առաջ հավաքվածները բողոքում էին. «Ժամանակին մենք ենք արել հեղափոխությունը ու հիմա չենք կարում գնանք Ռուսաստան»։
Հեղափոխության փայատերերի այս խավն անկեղծ է. նրա ցանկությունը, նրա ընդվզման օրակարգը Ռուսաստան գնալն է։ 2018-ի արժեքների և գաղափարների մասին՝ արդար պետություն, խորքային բարեփոխումներ և այլն, նա երբեք չի մտածել։
Հեղափոխությունն ունի այլ խոշոր փայատերեր, օրինակ՝ Գլենդեյլի տանտիկինները, ովքեր փայլուն տիրապետում են սլենգային հայերենին (հայհոյանքին) կամ միայն դրան են տիրապետում։
Փայատերերի մեջ են իրենց երեխաներին բանակից արտերկիր փախցրած հազարավոր ընտանիքները, ովքեր Արցախի հարցում խաղաղության կամ փոխզիջման ցանկացած փորձ համարում են դավաճանություն, իսկ նախորդ նախագահներին՝ անշուշտ դավաճան։
Մինորիտար փայատերեր են որպես հալածյալ, որպես սեռական փոքրամասնություն և որպես ադրբեջանցի կեղծ փաստաթղթերով կամ «ինքնախոստովանմամբ» ԵՄ տարածքում ապաստան հայցած հազարավոր մեր նախկին քաղաքացիները, ովքեր սոցիալական ցանցերում կարող են հոշոտել ցանկացած մեկին, ով Նիկոլի որևէ հերթական անհեթեթություն կասկածի տակ կառնի։
Խոշոր փայատերերից է նաև ընտրակեղծարարների ճնշող մեծամասնություն, տարբեր մակարդակներում ապօրինությունների ակտիվ մասնակիցները, նախկին բոլոր իշխանությունների տակ անմռունչ խոնարհվածները։
Փայատերեր են նաև իրավապահ համակարգը, դատարանները, որոնց անմիջական դերակատարությամբ են իրականացվել շատ ու շատ ապօրինություններ, ու որոնց ուղղակի մեղքով էր ձևավորվել անարդարության մթնոլորտը։ Հիմա նրանք հեղափոխական արդարադատներ են և հիմա էլ անում են ուրիշների անօրինական հրահանգները
Եվ, իհարկե, 2018-ի հեղափոխությունն ուներ փայատերերի մի որակյալ խումբ, որը 2020-ին արդեն մոռացության է մատնվում. նրանք, ովքեր ուզում էին առաջընթաց, մտածում էին վեհ արժեքներով, իսկապես ուզում էին ավելի լավ Հայաստան, ուզում էին առանց շոուների և ռեպրեսիվ մեքենային համերաշխ ու ստեղծագործ մթնոլորտ, որտեղ կկարողանային կյանքի կոչել իրենց լավ գաղափարները, իրենց նպատակները։ Սա այլևս հեղափոխությունների կարմիր գրքում գրանցված շերտն է։
Իսկ հեղափոխության գագաթին նստած է հեղափոխության տնօրենների խորհուրդը, ով ապրում է իր պատկերացումներով, իր աշխարհում, իր համար և, որը կարճ ժամանակում մսխեց ահռելի դրական սպասումների մթնոլորտը։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը