«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն է։
«Սկսենք «Ազատություն» ռադիոկայանի նախագահի հայտարարությունից: Սա ես ճնշում եմ դիտում: Նա պետք է իրազեկված լիներ, որ նրանք՝ այդ տղաները, լրագրողական պարտականություն չեն կատարել, այլ կատարել են ոտնձգություն. Սահմանադրական իրավունք են խախտել, այսինքն՝ թռչող սարքն ուղղակի իջեցրել են իմ բակ, ինձնից 10-15 մ բարձրության վրա և տևական ժամանակ»,- «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նախկին ոստիկանապետը նշեց, որ առաջին բանը, որ մտածել է, այն էր, որ սա, հնարավոր է՝ ահաբեկչական գործողություն լինի, քանզի ինքն ունի բոլոր հիմքերն այդպես մտածելու:
«Ես արագ իմ տեխնիկայով դուրս եմ եկել բակից: Իմ դուրս գալու ժամանակ թռչող սարքը նույնպես դուրս է եկել: Ես նկատեցի, որ այն շարժվում է դեպի վերև: Բնական է, գնացի այդ ուղղությամբ: Ճանապարհին տեսել եմ 2 կանգնած մեքենաներ, նրանց կողքին՝ 5, 6, 7 տղաներ, անցել եմ նրանց կողքով, կվադրոցիկլով մոտեցել եմ նրանց, իրենք շրջվել են, և ես տեսել եմ մեկի ձեռքին պուլտ: Հարցրել եմ՝ տղա ջան, ի՞նչ է սա, ասել է՝ պուլտ»,- ասաց նախկին ոստիկանապետը:
Հարցին՝ հայհոյե՞լ է արդյոք լրագրողներին՝ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց, որ կանդրադառնա դրան:
«Իմ հայհոյանքը եղել է այն, որ ես ասել եմ՝ ձեր նման գործողությունների արդյունքում մի օր, մի պատի տակ սատկացնելու են ձեզ: Խելքներդ գլուխներդ հավաքեք: Մի արեք այն, ինչ որ չի կարելի անել: Դա եղել է վերջում, երբ հարցրել եմ՝ ո՞վ եք դուք, որտեղի՞ց եք, ասել են՝ «Ազատությունից»: Ասել եմ՝ ձեր ղեկավարին էլ կասեք, որ ձեզ սովորեցնի, թե չէ՝ վաղը-մյուս օրը պատուհաններս ենք բացելու, տեսնենք՝ «Ազատությունն» իր ուղղաթիռներով մեր ննջարաններում է: Շատ խելոք, հանգիստ նստել են ու գնացել: Դա տևել է 1-2 րոպե, ոչ ավել: Չեմ էլ մտածել, որ դա կարող է ռեզոնանս լինել, որովհետև դա շահեկան չէր իրենց համար: Իրենք օրենք էին խախտել: Մտածում էի՝ փիլիսոփայորեն կմոտենամ, կանցնի: Բայց վայնասունը որ բարձրացրել են, ես դա ուղղակի անձնական վիրավորանք եմ դիտում: Ո՞վ է բարձրացնում, «Ազատությունը»»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Նրա խոսքով՝ երբ ինքը մոտեցել է այդ տղաներին ու հասկացել, որ դա այն կոնտինգենտը չէ, որ ինքն ահաբեկչության մասին մտածի, ինքը մտածել է, որ դա կարող է լինել սադրանք, ու դրան պատրաստ է եղել:
Գեներալ-գնդապետը նկատեց, որ դրոնն այնքան մոտ է եղել, ուղիղ իր գլխավերևում, որ ինքը սկզբից մտածել է, թե ճանճ է:
«Մի 13-14 մետր բարձրության վրա էր: Իդեալական է ահաբեկչական ակտ կատարելու համար: Մի քանի գրամ տրոտիլ ես կախում, հետո բաց ես թողնում, և հետաքրքրիր արդյունք ես ունենում: Եվ կարծում եմ, վաղուց արդեն ժամանակն է՝ թռչող սարքերի վերաբերյալ օրենք ընդունել: Որովհետև էդ «դուխը», որ կա, բերել է նրան, որ «Ազատության» պատկառելի ղեկավարն իր աշխատակիցներին չի սովորեցնում, թե որտեղ են վերջանում իրենց իրավունքներն ու սկսվում պարտականությունները: Սելը ճռռալու տեղ սելվո՞րն է ճռռում…»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ փաստաբանին հանձնարարել է հայցադիմում պատրաստել, և, որ միջնորդելու են այս փաստի հետ կապված քրեական գործ հարուցել:
Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ ոչ միայն լրագրողները տարբերանշանով չեն եղել, այլև իր մի քանի հարցերից հետո նոր պատասխանել են՝ ովքեր են իրենք, և ոչնչով դա չեն ապացուցել:
«Ես իրենց ասել եմ՝ երբ դուք թռչող սարքեր եք ուղարկում, մտածեք, որ վաղը միգուցե ուղղաթիռներ գան իրենց հետևից»,- նշեց նախկին ոստիկանապետը: