06 08 2020

Առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով․ Աննա Հակոբյան

Առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով․ Աննա Հակոբյան

Այո, առաջիկայում էլ եմ պատրաստվում հանդես գալ զինվորական կերպարով։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ի պատասխան օգտատերերից մեկի՝ «Ձեր կարծիքով, Ձեր զինվորական կերպարը որքանո՞վ ընկալվեց հասարակության կողմից» հարցին։

«Հասարակության կողմից քննարկել-չքննարկելու հարցը չեմ հասկանում, այսինքն հասկանում եմ, որ շատ քննարկվեց, շահարկումներ շատ են լինում, բայց ուզում եմ հիշեցնել, որ միակ կինը չեմ, քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրում։ Նախկինում, մինչեւ հեղափոխույթյունը, հետո էլ, եղել են պատգամավորներ կամ լրագրողներ, որոնք դիրքերում կամ ԶՈւ-ում այլ միջոցառումների ժամանակ զինվորական համազգեստ կամ դրա մի մասը կրում են։ Դա այնքան էլ անսովոր երեւույթ չէ, որ քաղաքացիական անձ հանդիսացող կինը կրում է զինվորական համազգեստ։ Որոշակի ուժեր սիրում են ամեն քայլի հետեւում գործողություններ ու շահարկումներ հրահրել ընդդեմ իմ եւ ամուսնուս, բայց ոչինչ, նորմալ է», ասել է Աննա Հակոբյանը։

Մեկնաբանի դիտարկմանը, թե տարբեր բիզնեսների մեջ հաճախ են շոշափում նրա անունը, Աննա Հակոբյանը պատասխանել է, թե նման լուրերի համար հիմք չկա․

«Հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո էլ կես տարի, մեկ տարի ինձ թվում էր, որ լրագրողներն ինչ-որ հիմք պետք է ունենան, այն կարող են հետո զարգացնել, ճոխացնել, բայց  գոնե հիմքի հատիկ պետք է ունենան։ Բայց հիմա ինձ համար պարզ է, որ այլեւս այդպես չէ, հիմա բազմաթիվ լրատվամիջոցներ կամ իրենց լրատվամիջոց համարող ինչ-որ մարդկանց խմբեր  կարող են ամեն ինչ գրել՝ ինչ ուզեն, ինչպես ուզեն։ Այլեւս ոչ հետեւում եմ, ոչ հետաքրքրվում եմ, լինում է, որ դատի ենք տալիս, բայց դա բավականան բարդ գործընթաց է, ժամանակ խլող, մանավանդ մեր պարագայում, որ կարող ես ներքաշվել տասնյակ այդպիսի պրոցեսների մեջ։ Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են։ Մեր լրագրությունը նորանոր բարձունքներ է նվաճում։ Ցավալի փաստ է», ասել է Ա․Հակոբյանը։ 

«Կանայք հանուն խաղաղության» արշավի արդյունքների մասին, ըստ Աննա Հակոբյանի, դեռ շատ վաղ է խոսելը։

«Հիմա դեռ չի կարող արդյունք տալ, ես հույս ունեմ, որ կտա, մեր աշխատանքից է կախված, յուրաքանչյուր կնոջից ու մորից է կախված, Հայաստանի պարագայում, Արցախյան հակամարտության պարագայում հայ եւ ադրբեջանցի կանանցից է կախված, թե ինչ արդյունք կտա ապագայում, եւ երբ կտա։ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից կանայք պետք է քաղաքական որոշում կայացնողների նկատմամբ ազդեցություն ունենան, որ մի կողմ թողնեն ռազմական գործոնը եւ խաղաղ ճանապարհով գտնեն հարցի պատասխանը։ Սա այն դեպքն է, որ ես չեմ սպասում, որ որեւէ միջազգային կառույց, որեւէ այլ երկրի ներկայացուցիչ մեզ կօգնի կամ կզսպի։ Կան միջազգային կառույցներ, որ միջամտելու մանդատ ունեն։ Բայց 30 տարի է այս հակամարտությունը շարունակվում է, բայց առկա գործիքները չեն օգնում, քանի որ պարբերաբար կրկնվում են լոկալ պատերազմները, եւ 30 տարին բավարար ժամանակ էր, որ մարդիկ փորձեին։ Երբեւէ չէր եղել, չէ՞, որ հակամարտության երկու կողմերի ժողովուրդների մի ստվար հատված մերժի պատերազմը։ Եվ առաջին անգամն է դա տեղի ունենում, եւ ես հույս ունեմ, որ այս աշավին շատ կանայք կմիանան ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում», ասել է Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանը նշել է, թե մենք էլ, ամբողջ աշխարհն էլ գիտեն ինչ երկիր է Ադրբեջանը, որտեղ հարյուրներով քաղբանտարկյալներ կան, ցույցերը կոպտորեն ցրում են, եւ դժվար է նման պայմաններում այնտեղից արձագանք ակնկալելը։ Բազմաթիվ մարդիկ են այցելել մեր կայք, բայց չենք կարող ասել, թե քանի ադրբեջանցի է միացել, չվտանգելու համար նրանց։ Բայց կաթիլ-կաթիլ կարելի է առաջ շարժվել։ 

Այդ արշավը, Աննա Հակոբյանի խոսքով, իր նախաձեռնությունն է, բայց ինչպես մյուս բոլոր քայլերը, այն եւս համաձայնեցրել է ամուսնու հետ։

Ցավում եմ, բայց չեմ կարող կարծիք հայտնել, ելնելով իմ կարգավիճակից ու դիրքից, նաեւ հաշվի առնելով հարցի սրությունը, եւ կոնկրետ այն քաղաքական ենթատեքստը, որ դրված է այդ հարցի տակ, ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ ու որեւէ կարծիք չհայտնեմ։ Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ի պատասխան օգտատերերից մեկի՝ «կո՞ղմ եք, թե՞ դեմ Ամուլսարի շահագործմանը» հարցին։

«Վարչապետի՝ իմ ամուսնու, մեկ տարի առաջվա լայվից հետո, ես չգիտեմ՝ ինչ փոխվեց, ինչու հանկարծ այս բռնկումը տեղի ունեցավ, եթե մեկ տարի ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի պրոցես չի ընթացել, ի՞նչ տեղի ունեցավ, որ նորից սկսվեց։ Դա հարց է, որի պատասխանը ես չկարողացա գտնել, հետեւելով իրադարձություններին, լսելով հարցազրույցներ, հատկապես այն մարդկանց, որոնք այնտեղ գործողություններ են անում»։

Մեկնաբանի հիշեցմանը, որ ցույցերը սկսվեցին, երբ «Լիդիան Արմենիան» ապամոնտաժեց հանքի հարեւանությամբ բնապահպանների տնակը, պատճառաբանելով, թե այն իր տարածքում է, Աննա Հակոբյանը հակադարձել է, ասելով, որ բուն խնդրի էության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ շահագործվելո՞ւ է, հանքը, թե՞ ոչ։

Իսկ թե ինչո՞ւ են քաղաքացիները զրկված խաղաղ ցույցերի իրավունքից, մասնավորապես Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ելույթներից, Աննա Հակոբյանն ասել է, թե իր կարծիքով պատճառը արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներն են։ Նա բացառել է այնպիսի սցենար, որով կարող է ճնշվել ազատ խոսքը։

«Արտակարգ դրության երկարաձգումը կապել այս կամ այն իրադարձության հետ, այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական միավորի գործունեության հետ, կարծում եմ, տեղին չէ, որովհետեւ մենք բոլորս ապրեցինք այս 6 ամիսը՝ բախվելով համավարակի հետ, մենք բոլորս տեսանք, թե որքան կյանքեր խլեց այդ համավարակը, եւ կառավարության գործողություններն ընդդեմ այդ համավարակի այսօր արդեն ցույց են տալիս իրենց արդյունավետությունը, եւ հույս ունեմ, որ այսպես կշարունակվի, եւ այն խոսակցությունները, թե արտակարգ դրությունը շարունակվում է, երկարաձգվում է այս կամ այն պատճառով, կարծում եմ, հիմնազուրկ է։ Առաջին անգամ չէ, որ նման մտքեր են հնչում։ Նախկինում էլ, մարդկանց տարբեր խմբեր, տարբեր քաղաքական շահեր հետապնդող խմբեր սեփական օրակարգով պայմանավորված այդ հայտարարությունն արել է, թե դա արվում է հենց իրենց ճնշելու համար, բայց կառավարության գործողություններն ապացուցում են հակառակը։ Եվ ես չեմ կարծում, որ այսօր կառավարությունը խնդիր ունի որեւէ խոսք ճնշելու, ուղիղ հակառակը, քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբեւէ, եւ պետք չէ դրա տակ ինչ-որ բան փնտրել»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ