Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք վարչապետի հույսերը չարդարացրած իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Այն, որ քաղաքական հակառակորդներին ճնշելու համար վարչապետի ձեռքին գործիք դարձած իրավապահ մարմինները փորձում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործեր հարուցել այնպիսի դեպքերի առթիվ, որոնք իրավաբանների մոտ ընդամենը ծիծաղ են առաջացնում խոսում է երկու փաստի մասին.
1. առաջինը, որ Արթուր Վանեցյանն ինչպես բազմիցս է ասել, չի արել որևէ այնպիսի արարք, որի համար հնարավոր կլինի իրեն պատաախանատվության ենթարկել: Դրա վառ վկայությունն է այն, որ մեկ տարուց ավել է պետության ողջ իրավապահ համակարգը որևէ լուրջ հիմք չի գտնում, և
2. ոչ հեռու ապագայում ականատես կլինենք վարչապետի հույսերը չարդարացրած իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը։
Վատն այն է, որ այս վերջինը քաջ գիտակցում են նաև իրավապահ համակարգի նորանշանակ ղեկավարները և իրենց պաշտոնավարումը երկարաձգելու համար դիմելու են ամենատարբեր անօրինականությունների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը