News.am-ը գրում է․ «Եթե Վահրամ Ավետիսյանը ցանկություն հայտնի հանդիպել մեր խմբակցության հետ, խմբակցությունը կքննարկի, կորոշի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե խմբակցությունը ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպելու մտադրություն ունի՞, թե՞ ոչ։
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ չեն խուսափում որևէ թեկնածուի հետ հանդիպել, պարզապես նախաձեռնությունը պետք է իրենց կողմից լինի։
«Մենք, ի սկզբանե, որևէ մեկին դեմ չենք, կամ՝ ի սկզբանե, կողմ չենք։ Մենք պետք է լսենք՝ տվյալ թեկանծուն որքանո՞վ է կարողանում հիմանվորել իր մասնակցությունը Սահմանադրական դատարանի աշխատանքներին, որովհետև վերջին շրջանում եղել են թեկնածուներ, որոնք գալիս են, խոսում ամեն ինչի մասին, քան այն, որ պետք է ասեն, որ իրենց մասով ուզում են ավելացնել ՍԴ-ի անկախության մակարդակը, բայց ոչ մեկը չի խոսում այդ մասին, հակառակը՝ այնտեղ անթրաշ մարդիկ են ծվարել, որոնք աշխատանքի չեն գնում, աշխատավարձ, հավելավճար են ստանում և հայտարարում են, որ ՍԴ գոյություն չունի, բա գալիս եք աշխատանքի՝ ի՞նչ անեք։ Բա, ընկեր ջան, եթե ՍԴ գոյություն չունի, էդ ինչի՞ ես էդպես պարանը վզովդ գցած քեզ ուզում կախել ՍԴ նախագահի պաշտոնից»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի կենսագրությանը շատ լավ ծանոթ է, նրա դասախոսն է եղել, բացի այդ աշխատանքային ընկերներ են։ Պատգամավորը շեշտում է՝ իր անձնական կարծիքով, Վահրամ Ավետիսյանը լիարժեք իրավունք ունի զբաղեցնել այդ պաշտոնը։
«Մենք շատ նորմալ աշխատանքային, մարդկային հարաբերություններ մեջ ենք և ես լիահույս եմ, որ Վահրամ Ավետիսյանի՝ հավակնությունը հայտնվել Սահմանադրական դատարանում և համալրել ՍԴ-ի հաստիքակազմը ունի միայն մեկ նպատակ, որ նա ուզում է իր մասով բարձրացնել ՍԴ-ի անկախության մակարդակը»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը