ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։ Այս մասի այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը,։
«ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։ Նրա յուրաքանչյուր օր ավելի մնալն այդ պաշտոնում վտանգում է մեր երկրի անվտանգային համակարգը։ Առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ այս մասին։ Միայն այն, որ այդ մարդը չունի որևէ փորձ հետախուզական, հակահետախուզական ոլորտներում, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Այսօրվա ինձ ԱԱԾ հրավիրելը և այդ շինծու գործն ինձ մեղսագրելը դրա ուղիղ ապացույցն է»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Նա նաև նշել է, որ այսօր իրենց ԱԱԾ հրավիրելուց հետո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ իրենց մեղսագրված էին անհեթեթ մեղադրանքներ։
«Հաղորդագրության վերջում գրված էր մեկ տող, որ այն պաշտոնյան, որն իմ կողմից վերականգնվել է իր պաշտոնին, նրա կողմից կատարված աշխատանքի արդյունքում պետությանը որևէ լումա չի վերականգնվել։ Հիմա ուզում եմ ասել ու ակնկալում եմ ԱԱԾ-ի պաշտոնական պարզաբանումը՝ իմ ունեցած տվյալներով այդ անձի, որը եղել է մի ստորաբաժանման ղեկավար, աշխատանքի արդյունքում՝ իր նշանակման օրվանից մինչ օրս հարուցվել է 30 և ավելի քրեական գործեր, որի արդյունքում վերականգնվել է մի քանի հարյուր միլիոն դրամի գումարներ։ Իսկ կոնկրետ մեկ գործով հաստատվել է 106 մլն դոլարի չարաշահում։ Այդ գործի անունը ես չեմ ուզում տալ, խորհուրդ եմ տալիս, որպեսզի մեր իրավապահ համակարգը տղամարդկություն ունենա և ասի, թե այդ սպայի, արժանապատիվ սպայի գործունեության արդյունքում՝ ինչ դրական արդյունք է ունեցել ԱԱԾ-ն»,- եզրափակեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Արթուր Վանեցյանը նաև նշել է, որ իշխանափոխության ճանապարհին կկիրառեն տարբեր մեթոդներ, եթե պահը հասունանա՝ կարող են լինել փողոցային ակցիաներ, նաև՝ անհնազանդության ակցիաներ։
Նա նաև նշել է՝ հրապարակվել է մի մանիպուլատիվ նյութ, որ ես իմ գործունեության ընթացքում ստացել եմ 10,2 մլն դրամ պարգևավճար: Այդ լուրը մեր կողմից հերքվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը