29 07 2020

Մի սիրեք ժողովրդին, բայց ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմեռնի. Ռոբերտ Քոչարյան



Պետական ծառայության համակարգն ուղղակի զրոյացվել է: Այս մասին «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այդ համակարգն է թայֆայության դեմ պայքարի ամենից արդյունավետ միջոցը եղել», - ասել է նա՝ հավելելով, որ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։

«Ուղղակի խնդիրը, այսպես ասենք, ընդդիմությունն ինչպե՞ս կվարվի, ընդդիմությունը կկարոնաղա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ կառավարությունը չի հասկացել, որ շատ լուրջ ընդդիմության կարիք ունի։

«Ու ինչքան իրենք թուլացնեն այս ընդդիմությանը, այդքան իրենք լինելու են ոչ արդյունավետ։ Երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի այսօր», - ասել է նա՝ հավելելով, որ անգամ փոքր ցույց անելու արգելքն այսօր գալիս է նրանից, որ իշխանությունը տեսնում է՝ իրավիճակը վատանում է ու փորձում է թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն։

«Ու իմ մոտ հարց է առաջանում՝ արտակարգ դրությունն ինչի՞ համար է՝ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե՞ համաճարակի, որովհետև չի երևում, որ սա որևէ կերպ համաճարակի հետ կապ ունեցող արտակարգ դրություն է», - ասել է երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ սահմանների փակ լինելը մի վիճակ է, որը վնաս է հասցնում մեր տնտեսությանը, գրեթե բոլոր ոլորտներին, համաճարակի պայմաններում շատ ավելի հեշտ էր փակել երկիրը եւ խուսափել այս իրավիճակից, դա էլ չստացվեց։

«Մենք  ունենք սահման 4 երկրի հետ, որից 2-ի հետ փակ է, Իրանի հետ ունենք մեկ անցակետ, մյուս երկիրը Վրաստանն է, որտեղ կորոնավիրուս գրեթե չկա, որտեղից հայտնվեց այս ամենը Հայաստանում: Սահմանների փակ լինելը մի վիճակ է, որը վնաս է հասցնում մեր տնտեսությանը, գրեթե բոլոր ոլորտներին, համաճարակի պայմաններում շատ ավելի հեշտ էր փակել երկիրը եւ խուսափել այս իրավիճակից, դա էլ չստացվեց: Սա միակ դեպքն էր, երբ մեր մասնակի շրջափակումը կարող էր առավելություն դառնալ երկրի համար, չաշխատեց: Երկրում 5 ամիս է` արտակարգ իրավիճակ է , համեմատում ես թվերն այն երկրների հետ, որոնք ոչինչ չեն արել, օրինակ Բելառուսի հետ, մեր մոտ ավելի վատ է, քան Բելառուսում։ Հիմա հարց է առաջանում` մեր Կառավարության  ձեռնարկած քայլերը ուր են մեզ բերել,  ինչի է մեզ մոտ վիճակը ավելի վատ, քան այն երկրում, որտեղ ընդհանրապես ոչինչ չեն արել, սա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ: Ընդամենը մոտ 500 մահ Բելառուսում եւ 60 հազար դեպք, որը 10 միլիոն բնակչության հետ համեմատենք, շատ ավելի բարվոք վիճակ է, քան Հայաստանում»,-ասաց նա:

«Դիմակ կրեք, հետո չկրեք, օգնում է, չի օգնում, անցքերը մեծ են վիրուսից եւ այլն: Զավեշտալի երեւույթներ, որոնք իրավիճակի հետ  կապ չունեին, եւ ամենից անընդունելին ինձ համար փորձն էր մեղադրել ժողովրդին դիմակ չկրելու մեջ: Ես մեզ չեմ համեմատում գերմանացիների կամ ավստրիացիների հետ, բայց համեմատու մ եմ վրացիների եւ հույների հետ, որոնց հետ կենցաղային նմանություններ ունենք, սիրում ենք քեֆեր, բայց իրենց մոտ էլ այսպիսի վիճակ չէ: Պատճառը մեկն է` ձեռնարկված քայլերը եւ կառավարման արդյունավետությունը, ուրիշ բացատրություն չկա: Մի բան ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ` 2 ամսում շատ ավելի մարդ են տուգանել, քան իմ կառավարման 10 տարում, եւ ինչի՞ համար, դիմակ չկրելու համար: Բայց խոսքի մեջ ժողովրդին մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք: Մի սիրեք, բայց ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմեռնի: Հիմա էդ սիրված, բայց ասֆալտին փռված հպարտ քաղաքացին թող ինքը մտածի, թե ինչու է  երկիրը հանձնել այս կառավարությանը, որոնք ասում են, որ դու ես մեղավոր, որ 900 հոգի մահացել է: Անընդունելի եմ համարում, ուղղակի սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի հանդեպ: Վաղը տնտեսական անհաջողությունների մեղքն ենք բարդելու ժողովրդի վրա, ասելու ենք` գլխից է գալիս, մեկ ուրիշ տեղից է գալիս: Վաղը պատերազմ լինի  հանկարծ, խնդրահարույց հարցեր լինեն, ո՞վ է մեղավոր, իհարկե, մեր սիրած ժողովուրդն է մեղավոր, որովհետեւ անկազմակերպ է»,-ասաց նա:

«5-10 տոկոս տնտեսական անկումը ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ, իսկ եթե Կառավարությունը տվել է բազմաթիվ խոստումներ եւ դրանցից ոչ մեկը չի կատարել, դա քաղաքական ֆորսմաժո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց է, որ էյֆորիայի պարագայում մարդիկ բավարար ադեկվատությամբ չեն գնահատում իրավիճակը, եւ մեկ ուրիշ հարց, երբ մարդիկ ավելի սառը դատելով փորձում են գնահատել, թե այս Կառավարությունն ինչ է արել մեզ համար, ժողովրդիս համար: Թռիչքաձեւ տնտեսական աճն ո՞ւր է, նույնիսկ պանդեմիայից առաջ նախատեսում էին բյուջեով մոտ 5 տոկոս տնտեսական աճ, դա՞ է թռիչքաձեւ աճը»,- ասաց երկրորդ նախագահը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ