ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, « Իմ Ձայնը» նախագծի անդամ Ասյա Օվանյանն իր հոդվածում գրում է.
«Մարտի 16-ից հանրապետության ողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում արգելվեց նաև հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ հավաքներին մասնակցելը։ Եթե սկզբնական փուլում, հայտարարված, բայց այդպես էլ չպահպանված կարանտինի պայմաններում այս սահմանափակումը տրամաբանական և, միգուցե, անհրաժեշտ միջոց էր թվում, ապա հետագայում սահմանափակումների թուլացմանը զուգահեռ հավաքների արգելքը չվերանայելը կորցրեց իր տրամաբանությունը և լուրջ վնաս է ժողովրդավարությանը։ Համավարակի դեմ պայքարը արտակարգ դրությունը երկարաձգելու ամեն հաջորդ որոշման հետ շատ ավելի ձևական բնույթ է ստանում, ուստի բազմաթիվ միջոցների կիրառումը, այդ թվում հավաքների սահմանափակումը կորցնում է տրամաբանական կապը այդ պայքարի հետ։
Դրան զուգահեռ, արտակարգ դրության ընթացքում իրականացված հավաքների նկատմամբ նշված արգելքի կիրառումը միատեսակ չի եղել, ինչպես նաև բազմաթիվ դեպքերում առիթ է հանդիսացել օրենքի կամայական մեկնաբանությունների համար։ Այս ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հավաքների ընթացքում ոստիկանության վերաբերմունքը խիստ ընտրովի է եղել՝ մի շարք դեպքերում ոստիկանությունը էական միջամտություն չի ցուցաբերել հավաքի նկատմամբ, մյուս դեպքերում՝ դադարեցրել է 5-ից քիչ թվով մասնակից ունեցող հավաքները։
Բացի այդ, նույն արտակարգ դրության մասին որոշմամբ, հանրային միջոցառումների նկատմամբ կիրառված ավելի մեղմ սահմանափակումները առաջացնում են մտահոգություն մոտեցման համաչափության առումով։ Կառավարության կողմից սահմանված այս միջոցը չի համապատասխանում համաչափության սահմանադրական սկզբունքին։
Արտակարգ դրության ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ բողոքի ձայն բարձրացնելու յուրաքանչյուր փորձ զուգորդվել է հավաքը ցրելու, բերման ենթարկելու միջոցների կիրառմամբ։ Իսկ խնդիրները բազմաթիվ են՝ սկսած արտակարգ դրության պայմաններում օրվա հաց վաստակելու հնարավորության սահմանափակումից մինչև բուհ չընդունված դիմորդների իրավունքների ոտնահարումները։ Մարդիկ իրավունք ունեն բողոքի ձայն բարձրացնել, իշխանությունների ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրների վրա։ Առավել ևս, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Երբ իշխանությունները փակվում, մեկուսանում են ժողովրդից, դժգոհությունների ալիքը կարող է բոլորովին այլ տրամաբանությամբ զարգանալ։ Չի կարելի սահմանափակել խնդիրները բարձրաձայնելու մարդկանց իրավունքը։
Առանց հավաքների ազատության չկա ժողովրդավարություն։ Չկա որևէ երկիր, որտեղ այսքան երկար պահպանվի հավաքների իրավունքի սահմանափակումը։ Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացիներին: Խաղաղ հավաքների սահմանափակումների վերացումը պետք է դառնա հանրային պահանջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը