23 07 2020

Օրինակա՞ն է արդյոք ոստիկանության «օրինական պահանջը». Բագրատ Եսայան

Օրինակա՞ն է արդյոք ոստիկանության «օրինական պահանջը». Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել Արտակարգ դրության պայմաններում ոստիկանության՝ օրեցօր ավելի ու ավելի անտրամաբանական ու լկտի դարձող պահվածքը։ «Արտակարգ դրության ռեժիմի մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին կետի 5-րդ մասով՝ իրավունքների սահմանափակման մասով նախատեսվում է մասնավորապես.

Հոդված 7. Արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները

«5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու և դրանց մասնակցելու սահմանափակում կամ արգելում.»

Մինչդեռ մեր ոստիկանությունը արդեն սովորական գործելակերպ է դարձրել բողոքի ցանկացած, նույնիսկ անհատական գործողության իրականացման դեպքում, մոտենալ քաղաքացուն, լուրջ դեմքով «օրինական պահանջ ներկայացնել»՝ դադարեցնել «ապօրինի» հավաքը, իսկ 5 րոպե հետո՝ ոստիկանության «օրինական» պահանջը չկատարելու համար քաղաքացուն բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք։ Այսպիսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, լուսանկարներում դրանցից 2-ն են՝ Ռուբեն Մելիքյանն ու Աշոտ Ոլեյանը։ Նախ՝ ի՞նչ է նշանակում «հավաք», արդյո՞ք կա «միայնակ հավաք» հասկացություն։ Ցանկացած լեզվաբան և իրավաբան կպարզաբանեն, որ «հավաքը» ենթադրում է 1-ից ավել անձի մասնակցություն, մինչդեռ այս պարզ բացատրությունը կարծես խորթ է «նիկոլական» ոստիկանության մտավոր ունակություններին։

Այսօր, «հեղափոխված» ոստիկանության լեքսիկոնն ու գործելակերպը հարստացավ «ուղղորդող ու սադրիչ» եզրույթներով։ Եվ այդ բնորոշմամբ ոստիկանության գնդապետը առանձնացրեց բողոքի ակցիա իրականացնողների խմբից Դաշնակցական երիտասարդներին ու պահանջեցին լքել տարածքը։ Սա արդեն անցնում է բոլոր սահմանները։ Սրանք արդեն ՀՀ ոստիկանությունից աստիճանաբար վերածվում են վանոյական «բեսպրեդելի» շրջանի միլիցեքի, կամ, որ ամենաահավորն է՝ սովետական «մենթերի»։ Դեռ չեմ խոսում 100 հազարից ավել տուգանված քաղաքացիների, առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ժողովրդից 1 միլիարդ ( !!! ) դրամից ավել շորթելու, իսկ մի փոքր հակաճառելու դեպքում նրանց՝ անկախ սեռից ու տարիքից, ամենավայրագ ձևերով, հաճախ հատուկ միջոցի կիրառմամբ բերման ենթարկելու մասին։

Ուշքի եկեք, այ չոչ անողներ, Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրություն կա՞, թե՞ ոչ, դուք էս երկիրն մինչև ու՞ր եք դեգրադացնելու, ոստիկանապետություն հաստատելը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Չէ՞ որ գալու է նաև պատասխան տալու օրը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ