Մեկ դիրքի շուրջ ծավալված մարտական գործողությունների դեպքում, երբ նույնիսկ մեկ զորամասի ուժերով կարող ենք լուծել մարտական խնդիրը, եւ ամեն բախման կամ հակառակորդի սադրանքի, ամեն մանրուքի դեպքում մենք չպետք է դիմենք ՀԱՊԿ։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, թե այ, եթե մենք դեմ առ դեմ մնանք Հայաստանի հետ, այն ժամանակ կտեսնեք․․․ չի հասկանում կամ մոռանում է, որ նույնիսկ Արցախի Պաշտպանության բանակն է դեմ առ դեմ եւ միայնակ կռվել իրենց պետության դեմ եւ հաղթել։ Մոռանում է, որ նույնիսկ ազատամարտի տարիներին էր Ադրբեջանն օգտվում դրսի ուժերից, եւ Թուրքիայից, եւ Աֆղանստանից եւ այլ երկրներից վարձկաններ բերում։ Մոռանում է, որ մեկ հատիկ դիրքի շուրջ ծավալված գործողությունների ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց Ադրբեջանին ամբողջական զորակցության մասին։ Որեւէ միջազգային կառույց, այդ թվում ՀԱՊԿ-ն, դատապարտող հայտարարություն անելու համար պետք է ունենա լիարժեք տեղեկություններ, ո՞վ եւ ե՞րբ կրակեց։ Հայաստանն ու Արցախը մշտապես առաջարկել են ստեղծել վստահության մեխանիզմներ, ստուգելու հնարավորությամբ, այդ հարցը պարզելու համար։ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այդ նպատակով էին։ Իսկ Ադրբեջանը մշտապես հրաժարվել է։ Իմ պաշտոնավարման ժամանակ, պատահել է, հրահանգել եմ մեկ ամիս չկրակել, դա ընդունվել է որպես թուլության նշան, եւ մենք ստիպված անցել ենք պատժիչ գործողությունների, բայց Ադրբեջանի կրակոցների ու խախտումների մասին ամբողջական փաթեթներ ենք պատրաստել եւ տրամադրել միջազգային կառույցներին», ասել է Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը