16 07 2020

Shaming․ ՀՀ-ում լիբերալ ավտորիտարիզմի դրսևորումներ են նկատվում. Politeconomy.org

Shaming․ ՀՀ-ում լիբերալ ավտորիտարիզմի դրսևորումներ են նկատվում. Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Ցանկացած գաղափարախոսություն իր մեջ պարունակում է անհանդուրժողականություն այլակարծության հանդեպ։ Դա բնական է․ գաղափարական պայքարն իրոք անողոք է լինում և մենք դա հիշում ենք Սովետական Միության ժամանակներից, ինչպես նաև պատմությունից հայտնի են միջկրոնական վեճերն ու պատերազմները, որի ժամանակ կրքերը հանգեցնում էին մեծ արյունահեղության:

Կար համոզմունք, որ լիբերալ-դեմոկրատիան լուծել է այդ խնդիրը, ըստ որի պաշտպանվում են տարաբնույթ փոքրամասնությունների իրավունքներն ու խոսքի ազատությունը։ Պատահական չէր 1990-ականներին գրված ամերիկացի փլիսոփա Ֆրենսին ֆուկույամայի «Պատմության ավարտը» հայտնի հոդվածի մեծ հաջողությունը, որտեղ այն տեսակետն էր հայտնվում, որ մարդկությունը հասել է իր իդեալական սոցիալ-մշակութային վիճակին՝ լիբերալ-դեմոկրատիայի հաղթանակին, և այլևս որևէ նոր հանրային կարգ հնարավոր չէ հնարել։ Ամեն ինչ արդեն հնարված է և մարդկությունը հասել է իր երազած ազատություններին և իդեալական հանրային կարգին։ Այս իմաստով մարդկության պատմությունն իր «ավարտին» է հասել։

Սակայն պատմության այս «ավարտը» կարծես թե շատ անսպասելի վերջաբան է ստանում։ Օրերս համաշխարհային ճանաչում ունեցող մոտ 150 ինտելեկտուալներ բաց նամակ են հրապարակել։ Ստորագրողների թվում են «Հարրի Փոթերի» հեղինակ, կինոպրոդյուսեր, գրող, սցենարիստ Ջոան Ռոլինգսը, ամերիկացի հայտնի ձախ ինտելեկտուալ ու գիտնական Նաոմ Խոմսկին, գրոսմայստեր Գարրի Կասպարովը, անգլալեզու ամենահայտնի գողներից մեկը` Մարգարետ Էտվուդը, գրող Սալման Ռուշդին (ում Իրանի կրոնավորները մահվան են դատապարտել), բախտի քմահաճույքով այս ցուցակում հայնտված «Պատմության ավարտը» հոդվածի հեղինակ Ֆրենսիս Ֆուկույաման, հռչակավոր գրող Էնն Էփլբաումը, քաղաքացիական իրավունքների պաշտպան Նադին Ստրոսենը և այլ նշանավոր գործիչներ: Նամակը ստորագրողներից ոմանք արդեն սպառնալիքներ են ստանում, որովհետև համարձակվել են այլկակարծության համար ձայն բարձրացնել։

«Արդարության և ազատ դեբատների մասին» բաց նամակում կոչ է արվում հրաժարվել ազատ խոսքը և ազատ կարծիքը դատափետելուց և հանրային Շեյմինգի (Shaming)` պարսավանքի ու բոյկոտի ենթարկելուց:

Հեղինակներն ողջունում են քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժումները, սակայն մտահոգված են, որ այն կարող է բերել գրաքննության կամ ինքնագրաքննության և առաջացնել «անհանդուրժողականության մթնոլորտ», ինչի օրինակներն արդեն բազմաթիվ են։ Պատահական չէ, որ այս նամակը գրվել է Ամերիկայում լայն թափ ստացած «Blach Lives Matter»` BLM շարժմանը զուգընթաց, որի ժամանակ սկսել են անարգել Ամերիկայի խորհրդանիշներն ու ավիրել արձանները։

Նամակում ասվում է․ «Ինֆորմացիայի և գաղափարների ազատ փոխանակումը լիբերալ հասարակության կենսական ուժի աղբյուր է։ Այն ժամանակ, երբ մենք դրա խոչընդոտումը սպասում էինք աջ ծայրահեղականների կողմից, հենց մեր միջավայրում է տարածվում գրաքննությունը՝ հակառակ կարծիքի հանդեպ անհանդուրժողականություն, շեյմինգի և օստրակիզմի հանդեպ մոդա է ձևավորվում, ինչպես նաև բարդ խնդիրների հանգուցալուծումը՝ բարոյական ինքնավստահության միջոցով»։ Նամակը ստորագրածները դեմ են ընտրություն կատարել «ազատության» և «արդարության» միջև՝ նշելով, որ առանց ազատության կարող է հաստատվել տոտալիտար հասարակություն, թեկուզ արդար գաղափարների վրա հիմնված։

Shaming-ը հանրային պարսավանքի ձև է, երբ այլախոհների հանդեպ հանրային բոյկոտ է սկսվում, մամուլում և սոցցանցերում հետապնդում են, աշխատանքից հեռացնում։ Մասնավորապես ԱՄՆ-ում մեծ արձագանք է գտել դեպք, երբ հայտնի թերթերից մեկի խմբագրին աշխատանքից հանել են, որովհետև թերթը «Կարծիքներ» բաժնում ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսականներից մեկի հոդվածը, որը հակասում էր թերթի քաղաքականությանը։

Օստրակիզմ երևույթն առաջացել է հին Աթենքում, երբ քաղաքացիները քվեարկության միջոցով (եթե անհրաժեշտ քանակի ձայներ է հավաքվում) իրենց քաղաքացուն որոշ ժամանակահատվածով վտարում են քաղաքից։ Հիմնական մեղադրանքն ունենում էր գաղափարական դրդապատճառներ։

Փաստորեն, լիբերալ-դեմոկրատիան սկսում է կոմունիստական տոտալիտարիզմի դրսևորումներ ցուցաբերել, երբ արդեն «հայտնի» է վերջնական ճշմարտությունը, արդարությունը, որոնց մասին այլ կարծիք հայտնելը ոչ միայն չի խրախուսվում, այլև պարսավանքի արժանի արարք է համարվում և նման մարդիկ պետք է պատժամիջոցների ենթարկվեն՝ կորցնեն աշխատանքը, նրանց ստեղծագործությունները արգելանքի տակ դրվեն և այլն։

Հայաստանում նույնպես նման դրսևորումներ են նկատվում, և դրա ամենավառ դրսևորումներից էր «սևի» ու «սպիտակի» բաժանումը, երբ «սպիտակները» հավակնում են հանդես գալ «ժողովրդի» անունից, իսկ իրենց տեսակետներն անքննելի են, որովհետև իրենք, չգիտես ինչու, հենց արդարության մարմնացումներն են։ Պատահական չէ, որ «հեղափոխությունից» հետո մամուլում և սոցցանցերում shaming-ի և օստրակիզմի ալիքներ էին բարձրանում, և դրա համոզիչ լինելու համար օգտագործվում էին ֆեյքերի ֆաբրիկաները։

Սա ըստ երևույթին նույն տեխնոլոգիան է, սակայն առանց հստակ արժեքային համակարգի, որովհետև հստակ արժեքային համակարգ Հայաստանում դեռևս չի ձևավորվել ոչ «սևերի», ոչ էլ «սպիտակների» մոտ։

Ստեփան Դանիելյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ