13 07 2020

Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա․ ՀՅԴ ԳՄ

Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա․ ՀՅԴ ԳՄ

երթական անգամ Ադրբեջանը դիմում է ագրեսիայի: Իր երկրի ներքաղաքական անհաջողություններից ուշադրությունը շեղելու նպատակով այս անգամ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետության սահմանի հյուսիսարևելյան հատվածը, այդ թվում հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրեր: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների փորձերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դատապարտված են ձախողման հայոց փառապանծ բանակի արհեստավարժ և հայրենանվեր հակազդման շնորհիվ: Թուրքիայի Հանրապետությունն անթաքույց հայտնում է իր սատարումն Ադրբեջանի զավթողական գործողություններին՝ հերթական անգամ ապացուցելով ազգային թշնամանք ու ատելություն քարոզող վարչակազմերի էությունը:

Դեպի Հայն ու Հայաստանը ուղղված նրանց կույր ատելության դեմ հանդիման կանգնած է հայ ժողովուրդը՝ իր հայրենիքի համար մղվող սրբազան պայքարով: Պատմության ընթացքում բազմիցս է ապացուցվել հայրենիքի պաշտպանության հարցում հայոց միասնականությունը: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, ինչպես միշտ, իր աշխարհասփյուռ կառույցով վճռականորեն կանգնած է Հայոց հաղթական բանակի, նրա զինվորի ու սպայի կողքին՝ հայրենիքի պաշտպանության առաջնային դիրքերում: Միաժամանակ փաստում ենք՝ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ մարդկությունը չպետք է անտարբեր մնան թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմատենչ վարքագծի նկատմամբ, հակառակ դեպքում` այն կործանարար կլինի ինչպես փխրուն զինադադարի, այնպես էլ տարածաշրջանի համար: Ուստի, դիմելով միջազգային հանրությանը, կոչ ենք անում ոչ թե կողմերին հերթական` համարժեք զսպվածության հորդորներն անել, այլ հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան և համարժեք միջոցներ ձեռնարկել արհավիրքից խուսափելու համար:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին 13.07.2020 թ.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ