30 06 2020

Անբարոյականության տոնավաճառ 2. Panorama.am

Անբարոյականության տոնավաճառ 2. Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «Իսկ ինչո՞ւ 2։ Որովհետև 1995-ին այդ վերնագրով մի հոդված էի գրել՝ երկրում տիրող տհաճ մթնոլորտի մասին։ Հիմա անընդհատ նույն բառակապակցությունն է մտքումս։ Այ, նաև նման ենթագիտակցական զգացողություններն են մատնանշում հհշիզմի և գործող իշխանությունների արյունակցական կապը։

Պատկերն ամբողջացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի 1997-ի նոյեմբերին հրապարակված գրեթե ծրագրային «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածի վերակենդանացումը։ Նույնիսկ եթե տրամադրությունների ստուգման համար ասպարեզ նետված լիներ Արցախի նախագահի հետ այդ հոդվածի քննարկման մասին ֆեյք կամ իրական լուրը, դա ընկալվում է որպես պարտվողականության ցուցադրում։ Չմոռանանք իհարկե, որ այդ գաղափարը հանգեցրեց Տեր-Պետրոսյանի հրաժարականին։

Ուշագրավ է, որ 23 տարվա ընթացքում ուրիշ նոր բան չկարողացան ստեղծել։ Պատճառները կարող են տարբեր լինել, այդուհանդերձ երևի թե առաջնային դեր է խաղում մարդկային գործոնը։ Ավելի ստույգ՝ բնավորության բերումով Տեր-Պետրոսյանը մինչև վերջին շունչը փորձելու է վրեժխնդիր լինել իր պարտության համար։ Եվ քանի որ տարիքի հետ մտասևեռումները դառնում են ծերունական մարազմներ, ապա դրանից փրկություն չկա ոչ մարազմատիկի, ոչ էլ նրա զինակիցների համար։ Իսկ նրա երիտասարդ փոխարինիչ Փաշինյանի մոտ մտասևեռումը խորացնում են իր սեփական վախերն ու հոգեկերտվածքի առանձնահատկությունները, և ստացվում է, որ վերջինիս դեպքում առավել ևս պետք չէ ակնկալել ադեկվատ պահվածք։

Չմոռանանք նաև Սորոսին, ում կարելի է կոչել բոլոր ազգադավների ստնտու՝ կործանած պետությունների քանակով և աշխարհում տարածած չարիքի ծավալներով։ Հենց այսօր ՀՀ կառավարությունում հանգուցային պաշտոններ զբաղեցնող նրա հոգեզավակները հիմնավորապես լծվել են հանրապետության առողջապահության, կրթության, արդարադատության ոլորտները սորոսացնելու ծրագրին։

Այս երեքի միասնությունը անբարոյականության պայթուցիկ խառնուրդ է, որը չվնասազերծելու դեպքում հօդս կցնդենք, և իրականություն կդարձնենք օսման հարևանների «Հայաստանն առանց հայերի» դարավոր երազանքը։

Հոգեբանորեն հասարակությանն արդեն վարժեցնում են ապազգային-անբարոյական երևույթների առկայությանը՝ ԼԳՏԲ խրախուսման տեսքով, տրասգենդերների լպիրշությունների վրա աչք փակելու տեսքով, ադրբեջանցիներին խաղաղություն առաջարկելու տեսքով, հերոսներին ու Առաքելական եկեղեցին վարկաբեկելու տեսքով։

Բարոյական օրենքները բնաջնջնելուն զուգահեռ զրոյացվում են նաև օրենք ու իրավունք հասկացությունները։ Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ Սահմանադրության կոպտագույն խախտումներով սանձազերծած արշավը վերջին արարն էր երկու տարի ձգվող անարդարությունների շարքում։

Մեկ տարի շարունակ՝ «ՍԴ-ում ճգնաժամ կա» մտացածին բոթը տարփողող վարչախումբը մեկ տարվա պայքարից հետո հասավ սահմանադրական իրական ճգնաժամի՝ ինքն էլ չպատկերացնելով ուժի կիրառմամբ կյանքի կոչած ակտերի հետևանքները։ Չխորանալով իրավական նրբությունների մեջ, որոնք մանրակրկիտ բացատրում են մասնագետները, այնպիսի տպավորություն է, որ իշխող ուժն ինքն իրեն խճճել է դիլետանտների կողմից ներկայացված և հապճեպ ընդունած նախագիծ-օրենք-փոփոխությունների սարդոստայնում և յուրաքանչյուր հաջորդ քայլն ավելի է խճճում կծիկը։

Փաշինյան-ԱԺ և ՍԴ հակամարտության մեջ, չնայած առաջինների թվացյալ ուժին՝ հանձինս իշխանական լծակների տիրապետման, նրանք պարտության են դատապարտված իրենց, մեղմ ասած, անփորձության և անհեռատեսության պատճառով։ Օրենքները ոտնակոխ անելուց զատ, նրանք խախտել են նաև մարդկային շատ օրենքներ, գիտակցված թե ոչ մասնակցել են պետությունը քաոսի ու անարխիայի վերածելու անբարոյական գործընթացին։ Իսկ անբարոյականության տոնավաճառում հաղթողներ չեն լինում, քանի որ մասնակցությունն արդեն իսկ չափանիշ է։

1998-ին մեկ անգամ տեսել ենք ազգային արժեքների դեմ անբարո կեցվածք որդեգրած ուժի հեռացումը քաղաքական ասպարեզից։ Անշուշտ, քաղաքական գնահատական չտալը հնարավորություն տվեց նրանց վերակենդանանալ տարբեր անվանումներով և դրսևորումներով։ Բայց նաև տեսանելի ու ճանաչելի դարձրեց այդ տեսակը․․․ Մնում է ազգային ուժերը կարողանան հստակեցնել իրենց անելիքները։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ