Օրերս «Այո» քարոզարշավի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ քարոզարշավի համար նախատեսված գումարի 90 տոկոսը ծախսվել է։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունել էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Հանրաքվեն նշանակված էր ապրիլի 5-ին, սակայն արտակարգ դրության պատճառով չիրականացվեց։
«Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն «Այո» քարզչության կողմի, իրենք հենց մարտի 16-ին՝ արտակարգ դրություն հայտարարելուց բառացիորեն րոպեներ առաջ, հրապարակել են իրենք ամբողջական ֆինանսական հաշվետվությունը, որտեղ հստակ նշվել է, թե որքան գումար է հավաքվել և որքան է ծախսվել։
«Դրանք, իհարկե, անհամեմատելի են «Այո» քարոզչության կողմի հետ։ Մենք որևէ դրամահավաք չենք իրականացրել և մեր գործունեության սկզբունքը ես հիշեցնեմ, որ հետևյալն էր․ մենք դիմել ենք բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, ովքեր ասելիք ունեին հանրաքվեի հետ կապված, տրամարդելու հարթակներ՝ անվճար եթեր, վճարովի եթեր, վահանակներ և այլն։ Եվ այն, ինչը վճարովի էր, տվյալ ուժը կարող էր ինքն այդ գումարը ապահովել և իրականացնել։ Երեք ուժ էին արձագանքել, նրանք տարբեր ծավալով վճարումներ էին կատարել, ապահովել էին այդ վճարումները և դրանց հիման վրա վահանակներ էին տեղադրել, պաստառներ էին պատրաստվել, որոնց մեծ մասի օգտագործումն այդպես էլ արդիական չեղավ։ Մենք վճարովի եթերից չհասցրինք օգտվել»,- ասաց Մելիքյանը։
Հարցին, եթե հանրահավաքը տեղի չի ունենում, ի՞նչ է նախատեսվում օրենքով, արդյո՞ք գումարը պետք է փոխանցվի պետբյուջե, նա նշեց․ «Այդ հարցը մենք բարձրացրել էինք, «Իմ քայլը» դաշինքը շատ լուրջ ապօրինություն իրականացրեց այն ժամանակ։ Նա հայտարարեց, որ «Այո» քարոզչության համար դրամահավաք է իրականացնում, այնինչ դա, պարզվեց, ոչ թե «Այո» քարոզչությանն ուղղվեց այլ ՔՊ-ին, հետո այնտեղից երևի ինչ-որ մի մաս փոխանցվեց «Այո» քարոզչության կողմի հիմնադրամին։ Եվ այստեղ հարցեր կան, որոնք այն ժամանակ էլ էինք բարձրաձայնել, կարծում եմ՝ դրանք պարզաբանման կարիք ունեն։ Փաստն այն է, որ նրանք 200 մլն դրամ էին հավաքել և այդ 200 մլն դրամը եթե փոխանցվեր «Այո» քարոզչության կողմին, ապա 100 մլն դրամը գերազանցող հատվածը պետք է դառնար պետական սեփականություն, և այդ զեղծարարությունը, կարծում եմ, այդ նպատակով է կատարվել»։
Մելիքյանը նաև իրատեսական է համարում 10 օրում հանրաքվեի քարոզչության համար գումարի 90 տոկոս ծախսը․ «Եթե հաշվի առնենք, որ շատ ճոխ տպագրություններ են տեղի ունեցել, ամբողջ հանրապետությունում «Այո»-ի վահանակներ, պաստառներ, այսպես կոչված՝ անձնագիր էին տպագրել, որը ևս որակյալ տպագրություն էր, այդ ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, տեսականորեն հնարավոր չէ բացառել, որ գումարի մեծ մասը կարող է ծախսված լինել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը