Նիկոլ Փաշինյանը բյուջեի կատարողականին նվիրված իր ելույթն Ազգային ժողովում վերածեց ընդդիմության եւ մամուլի ազատության դեմ նոր արշավ սանձազերծելու առիթի։
Կրկին հնչեցին 3-4, ապա՝ 4-5, ավելի ուշ՝ 6-7 հեռուստաալիքներով «քաղաքական դիակների» տարածած գարշահոտության մասին պնդումներ։ Հոտի մասին պնդումները թողնենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճաշակին, բայց սա հստակ հրահանգ եւ սպառնալիք է իրեն ոչ հաճո մարդկանց եթեր չտրամադրելու մասին։ Հետո հիշվեց 1999 թ․ հոկտեմբերի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը տակավին պատանի էր, մի թերթում հրապարակված մի դիակի լուսանկար։ Դիակների թեման բավականաչափ լմլմացնելով՝ նա անցավ իրական դիակներին՝ կորոնավիրուսի համաճարակի զոհերին, ասոցիատիվ մանիպուլյացիայով փորձելով դրա համար պատասխանատվությունը բարդել լրատվամիջոցների վրա։ Ավելին, նա նշեց, որ այդ լրատվամիջոցների շահերից է բխում ավելի շատ զոհեր ունենալը, իսկ իրենց սխալը միայն արտակարգ դրության պայմաններում մամուլի ազատության սահմանափակումները հանելն էր։
Այնուհետ Նիկոլ Փաշինյանը հանդիմանեց, թե ինչու պետք է կառավարությունը ֆինանսապես 100 տոկոս թափանցիկ լինի, իսկ լրատվամիջոցները՝ ոչ։ Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանին, որ նախ՝ կառավարության փողերը հանրային փողեր են, այդ պատճառով էլ մեր փողերի համար պետք է պահանջենք հաշվետվություն, երկրորդ՝ կառավարությունը թափանցիկ չէ, մինչեւ հիմա չի բացատրել, թե ինչու էր անհրաժեշտ առանձնատան երկու միլիոն դոլարանոց նորոգումը, երկու հատ նոր կես միլիոնանոց Մերսեդեսները, եւ ուրիշ շատ շեյխական կայֆերը, չհաշված՝ հենց հիմա, կորոնավիրուսի հետ կապված ծախսերի թափանցիկությունը, երրորդ՝ լրատվամիջոցներն ամեն տարի հրապարակում են իրենց հարկային հաշվետվությունները, եւ չորրորդ՝ եթե խոսքը գնում է հաշվետվություններում տեղ չգտած ծախսերի մասին, ապա լրատվամիջոցները պատրաստ կլինեն հրապարակել այդ ծախսերը, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակի իրեն պատկանող լրատվամիջոցի ծագման եւ եկամուտների պատմությունը։
Երկար ու շատ վիճահարույց դատողություններ անելով քաղաքական իրավիճակի, նոր խորհրդարանի իր տեսլականի, ընտրակաշառքների, կոռուպցիայի, դատական համակարգի, ժողովրդավարության, ֆեյքերի եւ ամեն ինչի մասին, Նիկոլ Փաշինյանը նորից վերադարձավ լրատվամիջոցների թեմային, հայտարարելով, թե Հայաստանի լրատվական դաշտի սեփականատերերից, ըստ էության, զոռով են խլել «Արմենիա», «Շանթ» և այլ հեռուստաընկերություններ: Հայաստանի իրավապահ մարմիններին այդ դեպքերը հայտնի չեն․ կամ Նիկոլ Փաշինյանը պետք է իր պնդումը ձեւակերպեր որպես հայտարարություն հանցագործության մասին, կամ սա, պարզապես, սուտ մատնություն է, որը երկրի ղեկավարին հարիր չէ։
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետեւությունը միանշանակ է․ հակասահմանադրական եղանակով կազմալուծելով Սահմանադրական դատարանը, նա համարում է, որ դատական իշխանության հարցն արդեն լուծել է եւ կարող է հարձակում սկսել իր վարչախմբի սխալները մատնացույց անող ժողովրդավարության վերջին կղզյակի՝ մամուլի նկատմամբ։ Բյուջեի կատարողականի հետ կապ չունեցող հայհոյախոսությունների այս հռետորական կոկտեյլի մեջ մամուլի «ապակառուցողական» դերի ընդգծումը լուրջ զգուշավորության ազդանշան է լրատվամիջոցների, քաղաքական ուժերի եւ ողջ հասարակության համար։ Սա «մարտով հետախուզության» փորձ էր։ Մոտ ժամանակներս պետք է սպասել մամուլի նկատմամբ հուժկու գրոհի։
Աղասի Ենոքյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը