25 06 2020

Ինչո՞ւ են այս ուժերը համառորեն պահանջում քաղաքական գնահատական տալ նախկին իշխանություններին. Գեղամ Նազարյան

Ինչո՞ւ են այս ուժերը համառորեն պահանջում քաղաքական գնահատական տալ նախկին իշխանություններին. Գեղամ Նազարյան

Մի քանի, իսկ ավելի կոնկրետ չորս, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, կառավարող ուժին կոչ անելով անհապաղ քաղաքական եւ իրավական գնահատական տալ անցյալի իրավախախտումներին եւ իրականացնել համակարգային փոփոխություններ:

Միանգամից ընդգծենք, որ հասարակական կազմակերպությունների անվան տակ թաքնվող քաղաքական ուժն անցյալը սահմանագծել է. այն ընդգրկում է ընդամենը վերջին քսան տարիները: Սա արդեն բավական է հասկանալու համար, որ հայտարարության հեղինակները, մեղմ ասած, անկեղծ չեն, ազնիվ չեն եւ հետապնդում են կոնկրետ նպատակ:

Պատահական չէ, որ հայտարարությունը հնչում է հիմա, երբ գտնվեցին գործող կառավարող ուժին չենթարկվող անկախ դատավորներ, որոնք շարժվեցին օրենքի պահանջին համապատասխան եւ նախ փոխեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ապա հրաժարվեցին կալանավորել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, այն դեպքում, երբ Ազգային ժողովը ընդդիմության լիակատար բոյկոտի պայմաններում քվեարկեց քաղաքական ուժի առաջնորդին անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու օգտին:

Այս ամենը չէր կարող չանհանգստացնել որոշակի քաղաքական շրջանակների, որոնք թաքնվում եւ իրենց գործունեությունն իրականացնում են հկ-ների անվան տակ: Հիմա նրանք, բառիս բուն իմաստով, վերջնագիր են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, պահանջելով առավել վճռական գործել իրենց համար վտանգ ներկայացնող քաղաքական ուժերի դեմ: Ստացվում է, որ նրանց չի բավարարել անգամ սահմանադրության ամենակոպիտ խախտումներով իրականացված սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունները: Նրանք ավելին են ուզում:

Ինչո՞ւ են այս ուժերը համառորեն պահանջում քաղաքական գնահատական տալ նախկին իշխանություններին: Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ. այս ուժերը ընդամենը ցանկանում են ավելի ու ավելի արժեզրկել մեր երկիրը, մեր անցած ճանապարհը, մեր հաղթանակները:

Այսպես կոչված հասարակական մի քանի կազմակերպությունների գործունեությունը հիշեցնում է բոլշեւիկների քայլերին, որոնք անում էին 1920-ին, անդադար դատապարտելով գործող իշխանություններին, անդադար արժեզրկելով պետությունն ու նրա կառավարիչներին: Արդյունքը եղավ այն, որ թուրքերից մի քանի անգամ լավ զինված հայկական բանակն առանց կռվի հանձնեց Կարսը:

Թշնամին հիմա էլ հասկանում է, որ նախկին իշխանությունների ջանքերով ունենք բանակ, որին հաղթել հնարավոր չէ, եւ հիմա փորձում է ներսից ջլատել մեր ուժերը, եւ այդ ճանապարհին որպես առաջին քայլ՝ արժեզրկել մեր անցյալը, այդ թվում այն անցյալը, որի ընթացքում ուժեղ բանակ ենք կառուցել:

Մենք իրավունք չունենք թույլ տալ երկրորդ Կարս: Դրա մասին պետք է մոռանան բոլորը:
Այսպես կոչված հկ-ների նպատակը պարզ է՝ ժողովրդին համոզել, որ իրենք բռնազավթված են եղել, եւ որ մեր պետությունը իրենցը չի եղել եւ որպես այդպիսին, չի կայացել:

Մեկ անգամ եւս շեշտենք, որ նրանք անկեղծ չեն, ազնիվ չեն: Հայտարարությունը ստորագրած հկ-ներից մեկի ղեկավարը՝ Ստեփան Գրիգորյանն ընդամենը մի քանի տարի առաջ բոլորովին այլ կերպ էր արտահայտվում այն քաղաքական ուժերից մեկի մասին, որին հիմա ներկայացնում են ամենածանր մեղքերը եւ իշխանություններից պահանջում ավելի կոշտ քայլեր իրականացնել:

Այսպես, Ստեփան Գրիգարյանն ասում էր, որ եթե ինչ-ինչ զարգացումների հետեւանքով «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ապա դա ուղղակիորեն կազդի մեր երկրի միջազգային վարկանիշի վրա: Հիշեցնենք, խոսքը այն «Բարգավաճ Հայաստանի» մասին է, որի դեմ առավել վճռական պայքարի կոչ է անում նույն Ստեփան Գրիգորյանը:
Մեկ այլ առթով նա ասել է. «ԲՀԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները'խնդիրը հաջողությամբ լուծելու համար: Որքան ես գիտեմ' կուսակցությունն ունի բավական լուրջ կապեր նաև Ռուսաստանի քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխող ուժի «Եդինայա Ռոսիա»-ի հետ»: Եւս մեկ օրինակ. «Մի բան կարելի է հստակ և միանշանակ ասել՝ «Բարգավաճ Հայաստանը», այո՛, օբյեկտիվ, բոլորս էլ տեսնում ենք, որ հասարակության մեջ կողմնակիցների ավելի խումբ ունի»,- ասել է Ստեփան Գրիգորյանը:

Համաձայնեք, այսքանից հետո վերոհիշյալ կոչի հեղինակներին վստահելը, նրանց անկեղծությանն ու ազնվությանը հավատալն անհնար է:

Գեղամ Նազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ