«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ շատերս ականատես եղանք «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության կողմից բեմադրված թատերական ներկայացմանը։ Հատուկ ցինիզմով, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ ընդգծված արհամարանքով, Նիկոլ Փաշինյանի անհատի կուլտի այս 88+1 սպասավորները փորձեցին հանրությանը ցույց տալ, որ իրենց դեմ «խաղ չկա», կարող են օրը ցերեկով ոտնահարել սեփական երկրի սահմանադրությունը, եվրոպական հեղինակավոր կառույցների կարծիքը, երկրի տառացիորեն բոլոր ազդեցիկ քաղաքական կազմակերպությունների հստակ արտահայտված մոտեցումները, բազմաթիվ իրավաբանների մասնագիտական կարծիքները, և ուժի զոռով, միանձնյա, առանց հանրային կարծիքի հետ հաշվի նստելու, մի օրվա ընթացքում, կամայական փոփոխության ենթարկել երկրի սահմանադրությունը՝ սեփական միահեծան իշխանությունը ամրապնդելու նպատակով։
Անկեղծ ասած, ես «Իմ քայլից» վաղուց որևէ այլ բան չեմ սպասում, և համարում եմ, որ նրա իշխանության ամեն հավելյալ օրվա համար Հայաստանը ծանր գին է վճարում, որը ցավոք կուտակվում է և կարող է առաջիկայում անցնել կրիտիկական շեմը։
Շատ կարևոր է սակայն, որ հասարակության մնացած կազմակերպված ուժերը միահամուռ դիմադրեն այս սողացող դիկտատուրայի հաստատմանը, և թույլ չտան, որ նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ, երկրում բոլոր իմաստներով շատ ավելի ավտորիտար, անհանդուրժող, և ատելապաշտ իշխանություն հաստատվի։ Մեր կուսակցության խորհուրդը երեկ դիմել էր Հանրապետության նախագահին, ինչպես նաև ԱԺ-ում ներկայացված մյուս երկու կուսակցություններին՝ ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին՝ այս կրիտիկական պահին գիտակցել իրենց ամբողջ պատասխանատվությունը, և միահամուռ ուժերով թույլ չտալ երկրում սահմանադրական կարգի տապալում իրականացնել։
Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ երեկ ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որով հանձն առավ դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու երեկ տեղի ունեցած ողջ գործընթացի սահմանադրականությունը։ Որպեսզի սակայն դա տեղի ունենա, ԲՀԿ խմբակցությանը պակասում է տառացիորեն 2-3 պատգանավորական ձայն, և անհրաժեշտ է ԼՀԿ աջակցությունը։
Այսօր Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ և նրա առաջնորդի ձեռքում։ Այսօր է, որ պարոն Մարուքյանը, քաղաքական ճկունության մաստեր-կլասսներ ցույց տալու փոխարեն, պետք է կողմնորոշվի՝ ինքը իրավական պետության և ժողովրդավարական զարգացման կողմանակից է, թե պատրաստ է համակերպվել երկրում նեոբոլշեվիկյան դիկտատուրայի հաստատման հատ։
Եթե պարոն Մարուքյանը չի կարողանա այդպես էլ կողմորոշվել, դիմում եմ ԼՀԿ երիտասարդ պատգամավորներին՝ ձեզնից յուրաքանչյուրի ձայնը այսօր առանցքային նշանակություն ունի, և կարող է մեր երկրում փոխել պատմության ընթացքը։ Այսօր ձեզնից յուրաքանչյուրից է կախված, թե ինչ ճանապարհով մենք կգնանք։ Երեկ «Իմ քայլը» նաև ձեզ էր մարտահրավեր նետում, ձեր անվճռականության վրա էր հույս դնում, լկտի կերպով խախտելով սահմանադրությունը։ Ցույց տվեք, որ իրենք սխալվում են, ցույց տվեք, որ դուք կարող եք վեր կագնել պահային հաշվարկներից, լինել սկզբունքային, տուրք չտալ ամբոխավարական դեմագոգիային։ Դուք կրթված մարդիկ եք, և գիտեք, թե ուր է տանում այդ դեմագոգիան, ժողովրդի թշնամիների անվերջ փնտրտուքը, իրավունքի նկատմամաբ արհամարանքը՝ դուք ձեր կաշվի վրա եք դա արդեն զգացել։ Դուք կարող եք այսօր դեմ գնալ այդ կեղտոտ հեղեղին, և մտնել պատմության մեջ։ Կարող եք մի կողմ քաշվել, և արդեն վաղը նրանից դուրս մնալ։
Անկախ ասօրվա զարգացումներից, մենք շարունակելու ենք պայքարել մեր երկրում ցանկացած դիկտատուրայի հաստատման դեմ։ Մենք միայն ժողովրդավարական և իրավական զարգացման դեպքում ունենք ապագա, և հետևողական պայքարելու ենք դրա համար։ Բոլոր իմ ընկերներին և համակիրներին կոչ եմ անում գիտակցել այս պահի կարևորությունը, կանգնել մեր պետության կողքին, և թույլ չտալ, որ մարդկանց առանձին վերցված մի խումբ այն նորից սեփականացնի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը