Մ. Մինասյանի վերջին տեսանյութում տեղի ունեցավ մի շատ կարևոր բան. ավելի կարևոր, քան՝ մաքսանենգության բոլոր դրվագները և այլ՝ հնչեղություն ստացած ձևակերպումները։ Մ. Մինասյանը սկիզբ դրեց Հայաստանում շանտաժի ինստիտուտի կազմաքանդմանը։
Հրապարակայնացնելով իր օրինակը՝ նա բոլորի համար բացեց անշանտաժ Հայաստանի հնարավորության պատուհանը։
Շանտաժը, որպես երևույթ և որպես գործիք, մեր հանրային կյանքում հրեշավոր չափերի է հասնում։ 1991 թվականից առ այսօր շանտաժը քաղաքական, հանրային, բիզնես հարաբերություններում էական գործոն է եղել։ Ամբողջական կուսակցություններ, քվեարկություններ, լրատվամիջոցներ, խմբակցություններ, կոալիցիաներ ստեղծվել, գոյատևել և կազմալուծվել են շանտաժի միջոցով։ Շանտաժի ձևերը, ուժգնությունը և մասսայականությունը մշտապես փոխվել են, բայց դրանց բուն էությունը երբեք։
Շանտաժի տակ՝ կվճարես, կքվեարկես, կառաջադրվես-չառաջադրվես, զգույշ կխոսես, հարցազրույց կտաս-չես տա, կմիանաս-չես միանա, մանդատ կվերցնես-չես վերցնի, կողմ կլինես կամ դեմ, կպաշտպանես կամ կհարձակվես, ՍԴ կդիմես-չես դիմի և այլն և այլն։
Շանտաժ ամեն հարթությունում՝ իշխանություն-ընդդիմություն, ներիշխանություն, ներընդդմիություն, մամուլ- հանրային դեմք, սոցիալական ցանց- մարդ և այլն։
Մարդիկ երբեմն շանտաժի տակ ուրանում էին իրենց իսկ կենսագրությունը։ Շանտաժի տակ մարդիկ վախենում էին ասել, որ աշխատել են Քոչարյանի հետ, անգամ եթե էֆեկտիվ են աշխատել, կառուցել են, ստեղծել են, վախենում են ասել, որ Ծառուկյանը իրենց օգնել է, տուն է տվել, վախենում են ասել, որ Ս. Սարգսյանի թիմում են եղել և դժվար կարևոր որոշումներ կայացրել, վախենում են ասել, թե ինչ երաժշտություն են սիրում լսել, վախենում են ասել, որ խաղաղություն են ուզում, վախենում են պաշտպանել իրենց ընկերներին, վախենում են անգամ մասնագիտական կարծիք հայտնել։ Դատավորները շանտաժի տակ վախենում են արդար վճիռներ կայացնել և այլն։
Տեղ-տեղ մենք առնչվում էինք երևույթի, երբ անձն ինքն իրեն էր շանտաժի տակ պահում՝ այս կամ այն բանը անել կամ չանելու համար (կան շատ թարմ օրինակներ)։
Սոցցանցերի այսօրվա գերակտիվ վիճակում թաքնված շանտաժի գործիքներին ավելացել է հանրային ու ֆեյքային հարձակումների թիրախ դառնալու վախը։ Սա ձևախեղում է հանրային կարծիքի ինստիտուտն ամբողջությամբ և թույլ չի տալիս, որպեզի անկախ և ինքնուրույն կարծիքներ ծնվեն ու շրջանառվեն։
Շանտաժը որպես երևույթ և որպես գործիք ճնշող մեծամասնությանը հոգնեցրել է։ Առաջին քայլն արված է։ Հիմա ամեն մեկը գոնե իր մեջ պետք է գնա այդ ճանապարհով։
Հայաստանի խորքային փոփոխությունները պետք է սկսել նաև հենց այս քայլով՝ պետության «ապաշանտաժացում»։
Ու մենք շատ արագ կպարզենք, որ շանտաժիստների թիվն իրականում շատ փոքր է, և դրանք զարմանալիորեն համընկնում են երկրում հայտնի մի քանի տոքսիկ շրջանակների հետ։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը